05 02 2019

Արցախյան բանակցությունները նորից ճգնաժամի ուղու վրա են

Արցախյան բանակցությունները նորից ճգնաժամի ուղու վրա են

Փաշինյանի Գերմանիա կատարած այցն ի սկզբանե բազում հարցեր էր առաջ քաշել: Սկսած նրանից, թե ո՞րն է այդ այցի հիմնական իմաստը, վերջացրած, թե արդյոք պատահակա՞ն էր, որ դրա հետ միաժամանակ տեղի ունեցավ նաեւ ՀՀԿ պատվիրակության այցը Գերմանիա: Սակայն անգամ կանցլեր Մերկելի հետ հանդիպումը ոչ միայն այդ բոլոր հարցերի սպառիչ պատասխանը չտվեց, այլ մի բան էլ՝ նոր հարցեր առաջ եկան: Հատկապես՝ կապված Արցախի հետ:

«Խիզախությունը»՝ ըստ կանցլեր մերկելի

Այսպես, մինչ Մերկելի հետ հանդիպումն էլ Փաշինյանը հասցրեց Արցախի թեմայով հանդես գալ բավականին շրջադարձային մտքով: Այսպես, խոսելով տարածքներ հանձնելու աղմկոտ թեմայով, Փաշինյանը հայտարարեց. «Մենք չենք կարող ընդհանրապես քննարկել, նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը»: Այդ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը, հենց այդ տեսքով, պաշտոնապես առաջ էր քաշել ՀՀ-ում ամերիկյան դեսպան Ռիչարդ Միլսը: Այնուհետեւ, այդ մոտեցումը նկատվեց նաեւ նախագահ Թրամփի խորհրդական Բոլթոնի հայտնի հայտարարություններում: Մինչ այդ էլ, հիշեցնենք, Բոլթոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում չէր անդրադարձել արցախյան թեմային, մինչդեռ այն քննարկել էր Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ, տպավորություն էր առաջանում, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւն առհասարակ չքննարկելու մտքով Փաշինյանը պատասխանում էր արցախյան խնդրի կարգավորման մասին ամերիկյան մոտեցմանը: Ընդ որում, այդ տրամաբանությունը սրում էր նաեւ ռուսական ուղղությամբ մի քանի աչքի ընկնող քայլերը, այդ թվում՝ Սու-30 կործանիչների ձեռքբերման մասին հայ-ռուսական պայմանավորվածությունը:

Բայց ահա արդեն Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Արցախի հետ կապված թեման բավականին այլ եւ առնվազն մեկնաբանությունների կարոտ երանգ ստացավ: «Տարօրինակությունները» սկսվեցին Մերկելից, ով անդրադառնալով Արցախի հետ կապված ներկայիս բանակցային իրողություններին, նման միտք հնչեցրեց. «Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնվեն»:

Փաշինյանի այդ ո՞ր քայլն է «խիզախ» համարում կանցլերը: Որ Փաշինյանը երկու-երեք անգամ հանդիպել-զրուցել է Ալիեւի հե՞տ. դա ինչ-որ արտառոց խիզախության բան չէ: Հետո, կարելի է նաեւ հակառակն ասել. Ալիեւն էլ երկու-երեք անգամ Փաշինյանի հետ է հանդիպել, այսինքն, եթե դա նկատի ունենար, ապա տիկին Մերկելը երկկողմ խիզախությունից պետք է խոսեր: Դրանից զատ, Փաշինյանը նաեւ մի քանի կտրուկ հայտարարություններ է արել բանակցային գործընթացի հետ կապված, այդ թվում՝ Ստեփանակերտի մասնակցության մասին: Սակայն այստեղ էլ խիզախության հարց չկա. նախ, նման հայտարարություններ մինչ այս էլ մի հազար անգամ եղել են, հաջորդը, այդ ամենն առ այսօր գործնական տեսք չունի: Վերջապես, նման պահանջները բանակցությունները կանգնեցնող բնույթ ունեն, մինչդեռ Մերկելը «խիզախ» ասելով, ակնարկում է բանակցային առաջընթաց: Արդյունքում, Արցախի հետ կապված գոնե հրապարակային այլ քայլ Փաշինյանը պարզապես չի արել, եւ մնում է մտածել, որ մինչ այդ հայտարարությունը նա Մերկելին է ներկայացրել իր ոչ հրապարակային քայլերը, եւ կանցլերն էլ դրանցից մեկն է համարում «խիզախ»:

Այս վերջինն արդեն վտանգավոր միտք է. եթե հրապարակայինից զատ կան ոչ հրապարակային քայլեր, ապա դրա տակ ինչ ասես, կարելի է հասկանալ: Եվ այս տրամաբանության տեսանկյունից, «խիզախ քայլի» մասին Մերկելի այդ գովերգումը կարող է Փաշինյանի «ոտքի տակ օճառ դնելու» պես մի բան լինել: Առավել եւս, որ իր պատասխան խոսքը Փաշինյանը սկսեց հենց այդ «խիզախից»՝ փորձելով վիճակը շտկել, բայց բավականին անհաջող. «Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը... Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարեւոր եմ համարում` ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար...»: (Նկատենք, որ նույն ոճի մեջ երեկ նաեւ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն էր մեկնաբանում, ինչը եւս հուշում է, որ այդ «խիզախը» իրոք բավական մտահոգել է մեր իշխանական վերնախավին): Ու ո՞րն է դրա «խիզախությունը». հակամարտության բոլոր կողմերի համար փոխընդունելի լուծում գտնելու գաղափարն այնքան հին է, այդ մասին այնքան պաշտոնական հայտարարություններ են անցած 30 տարիներին հնչել, որ, ըստ էության, նույն այդ միտքը կրկնող Փաշինյանի ասած հայտարարությունը «խիզախ» համարելն առնվազն տարօրինակ է: Եվ հենց դա էլ տանում է այն մտքին, որ այդ պահին այլ բան չգտնելով, Փաշինյանը պարզապես ստիպված էր դիմել այդ ակնհայտ թույլ մտքին՝ Մերկելի «օճառից» մի կերպ պրծնելու համար:

Փաշինյանը նորից ինքն իրեն դարձրեց պատանդ

Նշված «տողատակային երկխոսությունից», իհարկե, կարող է նաեւ նման տպավորություն առաջանալ. Մերկելը փորձեց «տակից» բանակցային ինչ-որ ոչ պոպուլյար չակերտներ բացել՝ միգուցե դրանով Փաշինյանին այդ «չակերտները բացելու» հոգսից ազատելու համար: Օրինակ, «չարախոսները» կարող էին ենթադրել, որ Մերկելի ասած այդ «խիզախ քայլը» վերաբերում է հող հանձնելուն, եւ նա նաեւ նման «խիզախություն», այն է՝ Արցախի կարգավիճակի մասին արձագանք սպասում է նաեւ Ադրբեջանից: Միգուցե, բայց այս դեպքում ինչպե՞ս հասկանանք Փաշինյանի հաջորդ մտքերը. «Ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի եւ Ղարաբաղի ժողովրդի համար... Քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաեւ Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող... Ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից...»: Իհարկե, կարելի է նաեւ այս մտքերը համարել ինչ-որ կուլիսային պայմանավորվածության հետեւանք: Կարճ ասած, որ այս ամենը ոչ թե Մերկելի գովերգած «խիզախությունից» կտրուկ նահանջ է, այլ ընդամենը բացառապես ներհայաստանյան լսարանին ուղղված խոսքեր: Սակայն դա շատ պարզ կլիներ: Իսկ իրականում փաստը հետեւյալն է. ժամանակին Փաշինյանն էլի էր նույն մտքերը հնչեցրել՝ ինքն իրեն դարձնելով դրանց պատանդը: Հետագայում, իհարկե, այս ամենից բացահայտ նահանջ կար, ոչ պաշտոնական մեկնաբանություններ, որ դրանք բանակցային գործընթացից ոչ ամբողջական տեղեկացվածության արդյունք են: Բաքվում անգամ սկսել էին ոգեւորվել, որ ուր որ է պայմանավորվածություններ կլինեն: Եվ ահա Փաշինյանը նորից իրեն դարձնում է նույն հայտարարությունների պատանդը, եւ այս անգամ այդ ամենն արդեն ՙբանակցություններից անտեղյակության՚ վրա դուրս չես գրի:

Գործնականում հասնում են հետեւյալ իրավիճակին. եթե անգամ մեկ թիզ հող զիջելու մասին կամ, առհասարակ, առանց Ստեփանակերտի մասնակցության որեւէ լուրջ բանակցության մասին հայաստանյան ինչ-որ պաշտոնյա անգամ մեկ բառ ասի, էլ ուր մնաց՝ քայլ անի, ապա արդեն բազմապատկված մեղադրանքների ողջ հեղեղն ուղղվելու է հենց Փաշինյանին:

Դեպի բանակցային ճգնաժամ

Այս իրավիճակում ի՞նչ կլինի բանակցային գործընթացի հետ, թերեւս մնում է հարցերի հարցը: Իհարկե, Մերկելը «խիզախության» կոչ անելով Ալիեւին, ըստ էության, առաջ է տանում «հող՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւը: Ասենք, փաշինյանի հիշատակված հայտարարության տողատակերում եւս կարելի է նույնը տեսնել՝ եթե Ադրբեջանից փոխզիջման հայտարարություն լինի, Հայաստանից էլ կլինի: Սկսում է նմանվել նրան, որ Փաշինյանը դիմել է Մերկելին՝ առնվազն փոխզիջումների թեմայով իրեն թիկունք դառնալու խնդրանքով, եւ կանցլերն էլ, գոնե հրապարակավ, խոստանում է դա:

Բայց ամբողջ հարցն այն է, թե անգամ «մերկելյան թիկունքը» կարո՞ղ է բանակցային գործընթացում ռեալ տեղաշարժ առաջացնել: Իհարկե, մի կողմից՝ Մերկելը ԵՄ-ի առաջատար պետության լիդերն է, եւ չբացառենք, որ նա նաեւ կարող է ԵՄ-ի անունից փորձել մտնել արցախյան խաղի մեջ: Բայց խնդիրն այն է, որ Մինսկի խմբում ԵՄ-ն ներկայացված է Ֆրանսիայի միջոցով, իսկ Փաշինյանը պաշտոնական Փարիզի հետ մի շարք ճոխ հանդիպումներ ունեցել է: Եվ եթե դրանից հետո կա նաեւ Մերկելին դիմելու անհրաժեշտություն, դա տպավորություն է թողնում, որ Մակրոնից հնարավոր չի եղել պետք եղածը ստանալ: Այսինքն, որ Արցախի հետ կապված ԵՄ-ում հարյուր տոկոսանոց միասնական ռազմավարություն հազիվ թե լինի:

Եվ մյուս կողմից՝ արցախյան խնդրով բոլորովին նոր խաղ սկսելու դեպքում կանցլերը նաեւ ձեռնոց կնետի ՄԽ համանախագահներին: Իսկ այն իրավիճակում, երբ Մերկելն առանց այդ էլ անգամ Գերմանիայում գերթուլացած դիրքեր ունի, կասկածելի է, որ նրան կհաջողվի արցախյան այս բազմաշերտ խնդրում մեկ-երկու հայտարարություններով իրավիճակային փոփոխությունների հասնել կամ, առհասարակ, այդ խաղի մեջ մտնել:

Մինչդեռ փոխարենը, Փաշինյանի հիշատակված հայտարարությունները կարող են բանակցային գործընթացում խորքային ճգնաժամի հասցնել, հաշվի առնելով, որ Բաքուն էլ իր հերթին սեփական հայտարարությունների պատանդն է, եւ այդ հայտարարություններն էլ այս պահին 180 աստիճանով հակասում են Փաշինյանի օրակարգ վերադարձրած մտքերին: Իսկ որ նման բանակցային ճգնաժամի պարագայում կտրուկ ավելանում է պատերազմի վերսկսման վտանգը, դա էլ նոր տեսակետ չէ: Եվ ո՞վ գիտի, հենց դա չէ՞ այս նոր խաղի խորքային իմաստը, նաեւ հաշվի առնելով այն մեծ հակազդեցությունը, որը ստացավ Հայաստանում «հող տալու» տեսլականը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ