21 01 2019

Ո՞վ է այսօրվա Հայաստանի «Սաշիկը»․ Տեսանյութեր

Ո՞վ է այսօրվա Հայաստանի «Սաշիկը»․ Տեսանյութեր

Այս օրերին շատ է խոսվում արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի մասին, հիշեցնում են Նիկոլ Փաշինյանին՝ մինչ վարչապետությունն իր դիրքորոշումը և վարչապետության շրջանի հականիկոլական գործելաոճը։ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասով ունենք երկու իրավիճակ․

  1. Խոստումները չեն կատարվում
  2. Կատարվում է բոլորովին հակառակը։

ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բուռն պայքար էր մղում ճանապարահային արագաչափերի և տեսախցիկների, կարմիր գծերի դեմ:

Խորհրդարանի ամբիոնից 2015թ․ դեկտեմբերի 21-ին ունեցած 10 րոպեանոց ելույթի 9 րոպեն նվիրում է արագաչափերի անարդյունավետ գործունեության ապացույցներ հրապարակելուն, այնուհետև հայտարարում է․ «Մենք վերջերս ՔՊ կուսակցությունում քննարկել ենք հարցը և եկել միանշանակ եղզրակացության, մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային և այդ թվում՝ նախընտրական ծրագրերի հիմքում»։ Արագաչափերը հանելու վերաբերյալ պահանջը կրկնում է մի քանի վայրկյան անց։

Երթևեկության տեսախցիկների վերաբերյալ էլ հայտարարում է․ «Ինչ վերաբերում է երթևեկությունը վերահսկող տեսախցիկներին, դրանք պետք է օգտագործվեն երթևեկությունը բացառապես հսկելու և անհրաժեշտության դեպքում միայն վարորդներին անձամբ կանգնեցնելու, ցույց տալու, նրանց հետ քննարկելու և հետագա ընթացքը որոշելու համար»։ 

Իսկ 2018թ․ ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին «ճանկռում» էր տեսախցիկները, հնարավոր բոլոր միջոցներով փակում և տեսաուղերձներ հղում Սաշիկ Սարգսյանին՝ համեմված էքսպրոմտով։

 

 

Վարչապետի պաշտոնում, արդեն, կառավարության երեք նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խնդրին՝ ասելով, թե պետք է դիտարկել տուգանքի ռեժիմն ու ընդհանրապես տեսախցիկների գործունեության դադարեցումը:

 Բայց դրա փոխարեն, շրջանառվեց 2 հազար արագաչափ տեղադրելու հնարավորությունը՝ վթարները շատացել են հիմնավորմամբ։

2018թ․ դեկտեմբերի 30-ին Հայաստանի ոստիկանությունը հայտնել էր, որ Հայաստանի տարածքում՝ ճանապարհներին ու մայրաքաղաքում, 2018-ին 168 արագաչափ է տեղադրվել, որից 88-ը տեղադրվել է Երևանի փողոցներում։ Մայրաքաղաքի 143 խաչմերուկ հագեցած է տեսահսկման տեսախցիկներով։

Համաձայն ոստիկանության՝ Yerevan.Today-ի գրավոր հարցմանը տված պատասխանի՝ 2015-2018 թվականներին արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը հայտնաբերել են հետևյալ թվով խախտումներն ու կատարել տուգանքի արձանագրումները․

  • 2015թ. - 1.494.154 որոշում, գանձվել է 8.788.173.930 դրամ,
  • 2016թ. - 1.446275 որոշում, գանձվել է 8.384.468.773 դրամ,
  • 2017թ. - 1.670.921 որոշում, գանձվել է 9.008.342.620 դրամ
  • 2018թ. - 1.346.231 որոշում, գանձվել է 7.538.704.198 դրամ:

«Նշված գումարները մուտքագրվել են Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ և տնօրինվել ՀՀ ոստիկանության կողմից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նախահաշիվներին համապատասխան»,- հայտնում է ոստիկանությունը:

Ինչպես տեսնում ենք, վերջին 4 տարիների ընթացքում տուգանքներն ու խախտումների թիվը որոշակի փոփոխությունների են ենթարկվել, սակայն կտրուկ փոփոխություններ չկան։ Խնդիրն այստեղ բոլորովին այլ է․ արագաչափերի ու տեսախցիկների գումարը, ըստ Նիկոլ Փաշինյանի, գնում էր «Սաշիկի ջեբը»։

2014թ․ մայիսի 26-ին այդ ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին ի պատասխան, ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն ասում է, որ 2013թ․ տուգանքներից պետական բյուջե մուտք է գործել 11.6 միլիարդ դրամ։ Օսիկյանն ասում է, որ գումարի 50 տոկոսը մտնում է բյուջե, մյուս 50 տոկոսը՝ ներդրած կազմակերպությանը։ Մինչ այդ 70/30 էր՝ հօգուտ կազմակերպության, բայց քանի որ վերջինս ներդրած գումարը հետ է բերել, դառնում է 50/50։

Կառավարության՝ 2017 թվականի հունվարի 26-ի 90Ա որոշմամբ, ոստիկանությունը լուծում է «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքված՝ պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման ծառայությունների մատուցման N ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 պայմանագիրը և կնքում հավատարմագրային կառավարման պայմանագիր։

Ըստ որոշման, գույքի հավատարմագրային կառավարիչն ունի գույքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով նախատեսված վարձատրության, ինչպես նաև գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում իր կատարած անհրաժեշտ ծախսերի հատուցում ստանալու իրավունք՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված տուգանքների փաստացի գանձումներից։ Հատուցումը լինում է, որից՝

  1. հատուցում՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման նպատակով փաստացի կատարված ծախսերի չափով. 
  2. վարձատրություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված տուգանքների փաստացի գանձումների և նշված հատուցման գումարների տարբերության 10 տոկոսի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.
  3. գույքի հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն դադարեցնելու մասին կողմերից որևէ մեկի դիմումի բացակայության դեպքում, պայմանագիրը համարվում է երկարաձգված՝ այն ժամկետով և պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով»։

Փաստորեն, ըստ այդ «օդում կախված լուրերի»՝ նախ 70 տոկոս է գնում «Սաշիկի գրպանը», 2014-ից՝ 50 տոկոս, 2017-ից մինչ հիմա՝ հավատարմագրային կառավարման անցնելուց հետո էլ՝ վարձատրության և հատուցման ողջ գումարները։

Այսինքն, ստացվում է ինչպես հին իշխանության օրոք էին արագաչափերը հարստացնում ոմանց, այնպես էլ նոր իշխանության օրոք։ Այս ոլորտում ոչինչ չի փոխվել, և պատկերը շարունակվում է։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Սաշիկի գործոնն այլևս Հայաստանում չկա։ Հիմա կամ իշխանության թիվ մեկ ներկայացուցիչն ընդունում է, որ այդ ընկերության թիկունքում, այսպես ասած, «Սաշիկ» չի էլ եղել, և «Սաշիկին» ուղղված զիմզիմովյան ձոները սոսկ աչքակապություն էին, կամ էլ պարտավոր է բացահայտել, թե ով է այսօրվա Հայաստանի «Սաշիկը»։

Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի 15-ի հրապարակման մեջ մենք, վերլուծելով փաստերը, եզրահանգում էինք, որ, ըստ ամենայնի, բոլորովին նոր խաղացողներ հանդես կգան, որոնց հետքը կարելի է փնտրել իշխանական-կառավարական կուլիսներում։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ