28  12  2018

2018 թ-ը՝ ահռելի կորուստների տարի․ Տնտեսական տարվա ամփոփում

2018 թ-ը՝ ահռելի կորուստների տարի․ Տնտեսական տարվա ամփոփում

2018 թ․-ը օրեր անց դառնալու է պատմություն։ Այն էապես տարբերվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման ամբողջ 27 տարիներից։ Անցնող տարին ծանր հարված էր Հայաստանի պետականությանը։ Վերջին 10-15 տարիներին հիմնականում հետխորհրդային և մերձավորարևելյան երկրներում իրականացվող գունավոր հեղափոխությունների շղթան հասավ նաև Հայաստան։ Այն մոտեցումը, որ մեզ մոտ դա տեղի չի ունենա, քանի որ մենք գիտակից ենք, ունենք թշնամական շրջապատ և գտնվում ենք պատերազմական վիճակում, թյուր էր։ Դրան էապես նպաստեց նախորդ իշխանության ստեղծած ամենաթողության մթնոլորտը, որ հատկապես սաստկացել էր վերջին 5-6 տարիներին, երբ փողոցը թելադրում էր պետությանը։

Բնական է, որ այս խայտառակ կացությունը երկար չէր կարող շարունակվել և իր ցավալի հանգուցալուծմանը պետք է հասներ, ինչը և տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիսին։ Հայաստանում նաև հեղափոխությամբ իշխանություն փոխելու նախադեպ ստեղծվեց, ինչը շատ վտանգավոր է հետագայի համար։ Ինչ վերաբերվում է ներկային, ապա «թավշյա» կոչվող հեղափոխության միջոցով իշխանությունը զավթած ուժի անփառունակ կառավարման հետևանքներն արդեն ակնառու են մեր տնտեսության մեջ։

2015-ին սկսված վերջին տարիների խոշորագույն՝ 370 մլն դոլարանոց Ամուլսարի ներդրումային ծրագիրը կասեցվել է և դեռ պարզ չէ, թե ինչ պատճառով։ Բնապահպանական ռիսկերի մասին ուսումնասիրությունը ձգձգվում է արդեն 7-8 ամիս և դեռ մի քանի ամիս էլ այդպես կշարուրնակվի։ Արդյունքում՝ 1200 մարդ, որոնք այդ տարածաշրջանում իրենց աշխատանքն ունեին այդ ներդրումային ծրագրի շնորհիվ, մնացել են առանց աշխատանքի։

Անցած տարվա ընթացքում կառավարության անմիջական մասնակցությամբ փակվեց արդյունաբերական ձեռնարկություն՝ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը։ Ավելի քան 630 մարդ էլ այստեղ կորցրեց իր աշխատատեղը։ Նիկոլ Փաշինյանը առանց երկմտանքի հայտարարեց, որ բնապահպանական խնդիրները մինչև չլուծվեն, կոմբինատը չի գործի, փոխանակ ասելու, որ կոմբինատը կգործի և զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն բնապահպանական խնդիրները լուծելու ուղղությամբ։ «Թավշյա» կառավարության ղեկավարին հազարավոր մարդկանց աշխատանք կորցնելը չի հուզում, ինչը երևաց նաև մշակույթի և սփյուռքի նախարարությունների փակմանը հաջորդած բողոքի ցույցերին նրա արձագանքից։ Վարչապետի պաշտոնակատարը պարզապես հայտարարեց՝ թող վեց ամիս գործադուլ անեն տեսնենք մշակույթում բան կփոխվի՞։ Նա ոչինչ չասաց այդ մարդկանց սպասվող գործազուրկ ապագայի մասին։

Գյուղատնտեսությունն այս տարի աղետալի կորուստներ ունեցավ և դա անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Եթե նախկինում նման սխալ թույլ տար որևէ իշխանություն, ապա ողջ տարին անընդհատ կխոսվեր այդ մասին։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում էր այս տարվա հուլիս-օգոստոսին Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարել, ինչի պատճառով ահռելի քանակի բերք չորացավ արևի տակ և միայն դրանից հետո սեպտեմբերին կառավարությունը գնաց այդ քայլին։ Հենց դա էր պատճառը, որ օգոստոս սեպտեմբեր ամիսներին լոլիկի ու դեղձի 1 կգ-ն 600-700 դրամ արժեին։ Նման գին տարվա այդ սեզոնին նախկինում չէր եղել։ Արդյունքում, բարենպաստ եղանակային պայմաններով, բարձր բերքատվությամբ և 2-3 տոկոս աճով սկսված գյուղատնտեսական տարին ավարտում ենք այդ ճյուղում ավելի քան 8 տոկոս անկմամբ, իսկ շատ գյուղմթերքներ, որոնք նախկինում բացառապես տեղական էին, հիմա ակտիվորեն ներմուծվում են այլ երկրներից, այդ թվում Թուրքիայից։

Պարզ հաշվարկ կատարենք իմանալու համար թե ինչքա՞ն կորուտ ունեցանք Նիկոլ Փաշինյանի ձախողման պատճառով այստեղ։ Նախորդ տարվա 11 ամիսներին գյուղատնտեսական արտադրության ծավալը կազմել էր 811 մլրդ դրամ, այս տարվա 11 ամիսներին՝ 795 մլրդ դրամ։ 16 մլրդ դրամի կորուստ հանրահավաքներ անող վարչապետի պատճառով՝ սա է մեր գյուղատնտեսությանը հասցված վնասն այս տարի և սա է գյուղատնտեսության ոլորտում անցնող տարում նոր կառավարության գլխավոր «հաջողությունը»։

Շինարարության ոլորտում աճի տեմպի անկումը սրընթաց էր։ Դա մի կողմից պայմանավորված էր վերոնշյալ՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի կասեցմամբ, մյուս կողմից էլ՝ նոր ներդրումային ծրագրերի բացակայությամբ։ Նախորդ կառավարության նախաձեռնած խոշոր ներդրումային ծրագրերը կամ կասեցվեցին՝ ինչպես Երևանի նոր ՋԷԿ-ի կամ Շնողի ՀԷԿ-ի կառուցումը, կամ դադարեցվեցին՝ ինչպես Գյումրու զբոսաշրջային կենտրոնի կառուցումը, կամ էլ ավարտվեցին՝ ինչպես Վանաձորի գազի բալոնների ձեռնարկության կառուցումը, որը սկսվել էր Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ և որի մասին Նիկոլ Փաշինյանը չհիշատակեց՝ մասնակցելով գործարանի բացմանը։ Արդյունքում, տավա առաջին եռամսյակում շինարարության 23 տոկոսը աճը 11 ամիսներին ցուցանիշով իջավ մինչև 5,5 տոկոսի։

Անցնող տարին ընդհանրապես առատ էր գործարար շրջանակների վրա աննախադեպ ճնշումներով՝ պայմանավորված կոռուպցիա հայտնաբերելու վարչապետի մարմաջով։ Դրանից զերծ չմնացին ոչ տեղական ընկերությունները, ոչ արտերկրի խոշոր ընկերությունները՝ ընդհուպ «Վեոլիա», «Գազպրոմ Արմենիա», «Հարավկովկասյան երկաթուղի» և այլն։ Բնական է, որ դա պետք է բերեր ներդումների ծավալների անգամներով անկմանը և տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազմանը։

Տարվա առաջին եռամսյակի 10,6 տոկոս տնտեսական ակտիվության աճից տարվա 11 ամիսներին մնացել է արդեն 5,7 տոկոս։ Անգամ այդ աճի գերակշիռ մասը արձանագրվել է ծառայությունների ոլոտում ֆուտբոլային խաղերի վրա կատարված խաղադրույքներով, որի մասին հետադարձ անդրադարձով խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, եթե չլիներ որևէ նյութական արժեք չստեղծած այս աճը ֆուտբոլային խաղերի շնորհիվ, տարվերջին տնտեսական աճի տեմպը պարզապես չնչին՝ 1-2 տոկոսի սահմաններում կլիներ։

Թե Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 ամիսներին այս ամենի հետևանքով ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը տնտեսությունը որքան կորուստ ունեցավ, այսինքն համախառն ներքին արդյունքը որքա՞ն կավելանար, եթե տարեսկզբի աճի տեմպը չխաթարվեր և չնվազեր, այլ գոնե պահպանվեր, կանդրադառնանք առանձին, երբ կլինեն տարեկան արդյունքները։ Կարող ենք միայն ասել, որ այդ գումարը մոտավոր հաշվարկներով 300 մլրդ դրամի սահմաններում է։ Ահա այդքան կորցրեց Հայաստանի տնտեսությունը 2018 թ․-ին «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության պատճառով, այդքան կորցրեցինք մենք բոլորս՝ այդպես էլ իրականություն չդարձած «լավ բանի» սպասողներն ու իրականությունը սթափ գնահատողները միասին վերցրած։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ