03 12 2018

Խաբեության տեխնոլոգիան․ վարչապետության վեց ամսում կատարվածի մասին

Խաբեության տեխնոլոգիան․ վարչապետության վեց ամսում կատարվածի մասին

Նիկոլ Փաշինյանը չի դադարում մարդկանց խաբել՝ խեղաթյուրել, ներկայացնել ակնհայտ սուտ տվյալներ, ուրիշի կատարածն իրեն վերագրել՝ կատարողին վարկաբեկելով, ներկայացնել թվեր և ցուցանիշներ, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի վիճակագրական տվյալում, որոնք համադրելի չեն կամ իրականության չեն համապատասխանում։ Այս ամենը ակնառու երևաց վարչապետության վեց ամիսների ընթացքում «կատարածը» Հրազդանում ներկայացնելիս։

Այժմ՝ ինչի՞ մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը և ինչպիսի՞ն է իրականությունը․

1․ 10 և 20 դրամով էժանացել է գազն ու լույսը սոցիալապես անապահով խմբերի համար որոշակի չափաքանակներով։

Իրականում - Էժանացման ծախսն իրենց վրա են վերցրել մատակարար ընկերությունները «Գազպրոմ Արմենիա»-ն և ՀԷՑ-ը, իսկ Նիկոլ Փաշինյանը վերագրում է իրեն։

2․ Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու:

Իրականում – Խմելու ջուրը թանկացել է, բայց կսկսենք դրա համար վճարել 2024-ից, իսկ մինչ այդ դրա դիմաց կառավարությունը համաձայնվել է նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները, իսկ ներդրումները կատարել վարկային միջոցներից։ Այսինքն, այսպես թե այնպես, մենք ենք վճարելու բարձրացման դիմաց՝ վարկ ներգրավելով, իսկ ներդրումները մինչ այդ կնվազեցվեն՝ խորացնելով ջրամատակարարման համակարգի մաշվածությունը։

3․ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում։

Իրականում - Խոսքը, հավանաբար, եկամտային հարկի և կուտակային հիմնադրամների վճարումներին է վերաբերվում։ Ամսական միջինը 4-5 հազար դրամի բարձրացման մասին է խոսքը։ Փոխարենը՝ նվազել են կուտակային համակարգ նոր մուտք գործած մոտ 100 հազար մարդկանց փաստացի աշխատավարձերը, իսկ ընդհանրապես կուտակային հիմնադրամների վճարումների հետագա տոկոսային փոփոխությունները բերելու են ոչ թե իրական աշխատավարձի ավելացման, այլ իջնելուն։

Եվս 200 հազար մարդը, հավանաբար, եկամտային հարկի համահարթեցման 23 տոկոս մասին է։ Բազմիցս ասվել է, որ դա չի ազդելու մինչև 150 հազար դրամ աշխատավարձ հարյուր հազարավոր ստացողների վրա, իսկ ահա բարձր աշխատավարձ ստացողների իրական աշխատավարձը իսկապես կբարձրանա։ Օրինակ՝ 2 մլն դրամ ստացողը 36 տոկոսի փոխարեն կվճարի 23 տոկոս եկամտային հարկ՝ հավելյալ 260 հազար դրամի եկամուտ ստանալով։ Ահա այսպիսի անարդար մոտեցում՝ բարձրացում բացառապես բարձր եկամուտ ունեցողների համար և անփոփոխ եկամուտ՝ ցածր աշխատավարձ ստացողների համար։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2014-ին տեղի ունեցավ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 40-80 տոկոս բարձրացում, որի արդյունքում բարձրացման միջին չափը 70-80 հազար դրամն էր։ Ներկայիս «բարձրացման» հետ համեմատության եզր անգամ չկա։

4․ 85 հազար մարդու նպաստ ու թոշակ կավելանա հունվարի 1-ից:

Իրականում - Խոսքը 18-19 հազար դրամ ստացող մարդկանց մասին է, որոնք ստանում են բազային կենսաթոշակ, քանի որ չունեն աշխատանքային ստաժ՝ չեն աշխատել ամբողջ կյանքում։ Նրանք կստանան 25 հազար դրամ։ Մի կողմից՝ անարդար մոտեցում․ ամբողջ կյանքում չաշխատածների համար գումար է բարձրանում, իսկ աշխատածների թոշակները մնում է նույնը։ Մյուս կողմից՝ դարձյալ 6 հազար դրամի մասին է խոսքը, որը, ինչպես և նախորդ կետում եկամտային հարկից կուտակային հիմնադրամներին հատկացումների տոկոսների փոփոխությամբ ավելացած եկամուտը, այս տարվա բարձր գնաճը արդեն չեզոքացրել է։

5․ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի:

Իրականում - Այս ծրագրով և ընդհանրապես հիպոթեկային վարկերի տոկոսադրույքները տարեց տարի շարունակաբար իջել են։ Այս ծրագրով ներկայիս իջեցումն աննախադեպ չէ և չի բերել հիպոթեկային շուկայի ակտիվացման։ Բանն այն է, որ տնտեսության աճի տեմպի կտրուկ անկումը բացասաբար է ազդել բնակչության գնողունակության վրա, ադ թվում՝ բնականարաններ ձեռք առումով։ Այսինքն, տոկոսները իջել են, բայց մարդկանց եկամուտներն էլ նվազել են և տոկոսների իջեցումը դարձրել անիմաստ։

6․ Բարձրացել են անշարժ գույքի գները ամբողջ հանրապետությունում: Սա նշանակում է, որ մարդիկ կարող են ավելի մեծ չափով վարկ ստանալ:

Իրականում - Գնողունակության անկումը մի կողմից, անշարժ գույքի գների բարձրացումը մուս կողմից բացասաբար են ազդում անշարժ գույք գնելու ցանկություն ունեցող համեմատաբար ցածր եկամուտն ունեցողների վրա։ Ավելի մեծ չափով վարկն ձեռք բերելն էլ տնտեսական վատթարացման, անորոշության և անշարժ գույքի գների թանկացման պարագայում շատ ռիսկային է դառնում։ Ավելի մեծ եկամուտներ ունեցողներն էլ տնտեսության մեջ ներդրումներ անելու փոխարեն նախընտրում են ձեռք բերել անշարժ գույք, ինչն էլ դարձել է գների բարձրացման ամենևին էլ ոչ ուրախալի երևույթի պատճառը։

7․ 125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է:

Իրականում - Պարզ է, որ անպարտաճանաչ վարկառուների մասին է խոսքը։ Դարձյալ մի կողմից անարդար մոտեցում՝ քանի որ շահում են անպարտաճանաչները, իսկ պարտաճանաչները կանոնավոր վճարել են։ Մյուս կողմից էլ սա ռիսկ է, որ առաջիկայում կավելանան անառողջ վարկերը հենց նույն՝ մաքուր վարկային պատմությունը նվեր (փաստացի նաև ընտրակաշառք) ստացած անպարտաճանաչ վարկառուների կողմից։

8․ Երկրորդ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը եռապատկվել է:

Իրականում - Իսկապես 50 հազար դրամից դարձել է 150 հազար դրամ։ Ոչ մի հիմնավորում չունեցող և ժողովրդագրական ոչ մի խնդիր չլուծող, սոցիալական վիճակ չբարելավող որոշում։ Համեմատության համար ասենք, որ նախորդ «ավտորիտար ռեժիմի» ժամանակ երրորդ երեխայի համար սահմանվեց 1,5 մլն դրամ միանվագ գումար։ Այսինքն, ներկայիս եռապատկման դիմաց եղել է մեկուկեսմիլոնապատկում՝ ծնելիության խրախուսման ժողովրդագրական հստակ նպատակով։

9․ 38 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը:

Իրականում - Բարեբախտաբար, այս անգամ Նիկոլ Փաշինյանը չի ասել «նոր աշխատատեղեր», քանզի պարզվել է, որ հետընթաց արձանագրվող տնտեսությունում այդպիսիք չեն կարող լինել և չկան։ Ստվերից դուրս բերված աշխատատեղերի պատճառով էլ փոքր ձեռնարկությունների համար հարկային բեռ է ավելացել և շատերը պարզապես դադարել են գործել, իսկ խոշորները աշխատողների իրական թիվ են կրճատել, որոնց դիմաց նախկինում եկամտային հարկ չէին վճարում, բայց աշխատատեղեր էին ապահովում։

10․ Վերացել են տնտեսական մենաշնորհները:

Իրականում - Սա ամենամեծ զավեշտներից է։ Հայաստանի շուկաները հիմա էլ ունեն բարձր կենտրոնացվածություն՝ գերիշխող դիրք ունեցողներ։ Այո, նման դիրք (մենաշնորհ արտահայտությունը մեր օրենսդրության մեջ չի կիրառվում) ունեցողների մասնաբաժինը վերջին տարիներին, շեշտում ենք՝ տարիներին, այլ ոչ թե ամիսներին, նվազել է։ Դա տեղի է ունենում 2015 թ․-ից՝ Հայաստանի ԵԱՏՄ մտնելուց հետո, որի արդյունքում հեշտացավ և էժանացավ միության անդամ երկրներից ներմուծումը, վերացան մաքսատուրքերը։ Բնական է, որ սա Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի, բայց դարձյալ նա վերագրում է իրեն։ Հիշեցնենք նաև, որ մենաշնորհների դեմ իբրև պայքարող Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս ԵԱՏՄ անդամակցության դեմ։

11․ Երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում է տեղի ունեցել 150 հազար մարդու նկատմամբ, ներվել է 13 մլրդ դրամ:

Իրականում - Այսօր ստանում ենք դրա ծանր հետևանքները՝ ճանապարհատրանսպորտային խախտումների և մահվան ելքով դեպքերի կտրուկ աճ։ Խախտումները հունվար-սեպտեմբերին աճել են 14,5 տոկոսով, մահվան դեպքերը՝ 22,5 տոկոսով։ Սա Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այս ձևով պահպանելու հետևանք է։

12․ Սրտի ստենտավորման գները նվազել են 250 հազար դրամով:

Իրականում - Սրտի ստենտավորման գները օրինակ՝ 2016-ին նվազել են 500-600 հազար դրամով, 2017-ին՝ ևս 700 հազար դրամով։ Իր կառավարության «արդյունավետության» առավել քան անհաջող օրինակ՝ ներկայացված Նիկոլ Փաշինյանի կողմից։  

13․ Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան:

Իրականում - Աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան չի վերացել և չի վերանա, Հայաստանում՝ առավել ևս։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի բեմադրություն կա, բայց՝ ոչ պայքար։ Պայքարն առաջին հերթին կոռուպցիոն սողանցքների վերացումն ու կոռուպցիոն մեխանիզմների բացառումն է, ոչ թե մարդկանց ձերբակալելն ու անապացույց, առանց քննչական գործողությունների ամիսներով կալանքի տակ պահելը։

14․ Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից:

Իրականում - Նիկոլ Փաշինյանը չի դադարում զվարճացնել։ Այսինքն, նախկինում Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյա՞նն են ազդեցություն ունեցել կառավարության որոշումների վրա, իսկ հիմա չունեն։ Գուցե այն պատճառով, որ հիմա նրանք «սեփականատերեր» են, այլ ոչ թե օլիգարխներ․․․

15․ Վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում ընտրությունները չեն կեղծվում:

Իրականում – Նախորդ՝ 2017-ի ընտրությունների արդյունքները ընդունվել և չեն վիճարկվել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից։

16․ 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինությունը:

Իրականում - Միայն իրեն հայտնի վիճակագրություն, որտեղ չկան նշած ոչ ժամկետների, ոչ էլ ծավալների մասին։ Համենայնդեպս, առաջին եռամսյակի 23 տոկոս աճի համեմատ շինարարության ծավալների աճը 10 ամիսների արդյունքներով իջել է մինչև 6,5 տոկոսի։

17․ Զբոսաշրջությունը 8,8 տոկոս աճ է արձանագրվել:

Իրականում - Խոսքն այս տարվա ինը ամիսների մասին է։ Մինչդեռ, առաջին երեք ամիսներին աճը կազմել էր 16,1 տոկոս, առաջին վեց ամիսներին՝ 10,2 տոկոս։ Այսինքն՝ աճի տեմպը նվազում է։

18․ Հանրության առջև բացվել են Բաղրամյան 26-ի եև Ազգային ժողովի դարպասների դռները:

Եվ ի՞նչ ․․․

19․ Այս պահին ունենք ներգաղթ, արտագաղթի փոխարեն:

Իրականում - Բացահայտ սուտ։ 2017 թ․ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 979 հազար մարդ, 2018 թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2 մլն 969 հազար մարդ, այսինքն՝ 10 հազարով պակաս։ Սա վիճակագրական ծառայության ժողովրդագրական վերջին՝ ամենաթարմ տվյալն է։

20․ Քննչական մարմինները գործում են անկաշկանդ, առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն:

Իրականում - Քննչական մարմինները ոչ թե անկաշկանդ են, այլ վերածվել են պետական հալածանքների և ահաբեկումների գլխավոր գործիքի, իսկ նոր բացահայտումների սերիալին արդեն սովորել ենք՝ մեղադրանք, ձերբակալություն, հետո մոռացություն մեղադրանքը չապացուցելու պատճառով։

21․ Հայաստանում տրանսպորտային ուղևորահոսքը 12 տոկոսով աճել է։

Իրականում - Դարձյալ անհայտ աղբյուրներից բերված ցուցանիշ։ Վիճծառայությունը փաստում է, որ ուղևորահոսքն այս տարվա հունվար-հոկտեմբերին ոչ թե աճել է 12 տոկոսով, այլ նվազել է 7,3 տոկոսով։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ահա այսպես են կառավարության առջև դրված խնդիրներն «լուծվել»։ Կես տարուց ավելի լինելով վարչապետի պաշտոնում, նա այդպես էլ չհասկացավ, որ եթե երկրում տնտեսական հետընթաց է գրացվում, ապա պարզապես չի կարող լինել այն, ինչ ինքն այդքան անհաջող կերպով ջանում է ցուցադրել։

Ինչ վերաբերում է «գողացածը կոպեկ-կոպեկ բյուջե վերադարձնելուն», բյուջեի կատարման ցուցանիշներ այլ բան են խոսում։ Հետաքրքրական է նաև, որ Նիկոլ Փաշինյանը խոսք անգամ չասաց աղքատության ցուցանիշների 2017-ին արձանգրված փոփոխության մասին։ Թե ինչո՞ւ, կանդրադառնանք առաջիկայում։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ