05 10 2018

Երբ օրենքն ու բարոյականությունը չեն զսպում․ Անդրադարձ

Երբ օրենքն ու բարոյականությունը չեն զսպում․ Անդրադարձ

Պառլամենտական հանրապետությունում ժողովրդի ներկայացուցչական մարմնին` ժողովրդի անմիջական քվեով ընտրված օրենսդիր իշխանությանը վերջնագիր է ներկայացրել պառլամենտի քվեարկության արդյունքում վարչապետ ընտրված անձը` գործադիր իշխանության ղեկավարը։ Վարչապետը պահանջում է, որ իր հրաժարականով պառլամենտը ինքնալուծարվի, տեղի ունենան արտահերթ ընտրություններ և ինքը դարձյալ ընտրվի վարչապետ։

Պառլամենտը կարող է ընդունել վարչապետի վերջնագիրն ու խաղալ վարչապետի թելադրած կանոններով։ Կարող է նաև չընդունել կամ անտեսել վարչապետի ներկայացրած վերջնագիը, շարունակել բնականոն գործունեությունը սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, վարչապետի հրաժարականի դեպքում առաջադրել թեկնածուներ և նրանցից մեկին ընտրել վարչապետ։

Վարչապետը, սակայն, իր խաղի կանոններն է պարտադրում պառլամենտին, փողոցում հավաքած ամբոխի ֆիզիկական ու հոգեբանական ճնշման միջոցով պատգամավորներին ստիպում է` քվեարկել իր ցանկությանը համապատասխան։ Փաստացի, Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է բոլոր այն հանցագործությունները, որոնք ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ ենթադրում էր, որ կգործի երկու շրջան պաշտոնավարած նախագահը, եթե սահմանադրական փափախությունից հետո ընտրվի վարչապետ։

Ինքնին ակնհայտ հանցավոր գործունեություն է, երբ երկրի վարչապետն իշխանությունը յուրացնելու նպատակով վերջնագիր է պարտադրում ժողովրդից ստացած անմիջական քվեով գործող Ազգային ժողովին ու պատգամավորներին։ Օրինախախտում է, երբ երկրի վարչապետը, չարաշահելով իր իշխանությունը` հարկադրանք ու ճնշում է գործադրում օրենսդիր իշխանության ու օրենսդիրների նկատմամբ, նրանց հաշվեհարդարի ենթարկելու սպառնալիք է հնչեցնում, խոչընդոտում է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը։

Հանցագործություն է, երբ երկրի վարչապետը իր մոգոնած խաղն է թելադրում բոլորին և պարտադրում է խաղալ միանձնյա սահմանած սեփական օրենքներով։ Ճչացող հանցանք է, երբ երկրի վարչապետը ոտնահարում է անկասելիորեն գործող սահմանադրությունն ու լիարժեք իրավական ուժ ունեցող օրենքները։ Ծանրագույն հանցագործություն է, երբ երկրի վարչապետը երկրի սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձ է ձեռնարկում և իր այս նկրտումը փորձում է իրագործել ազգամիջյան թշնամանք հրահրելու միջոց։

Միաժամանակ, նույնպիսի հանցագործություն է, երբ այսպիսի աղաղակող հանցագործություններ ու օրինախախտումներ կատարող երկրի վարչապետին պատասխանատվության չեն կանչում։ Դա կարող է անել, օրինակ, հանրապետության նախագահը` պետության գլուխը, ում սահմանադրական պարտավորությունն է` հետևել Սահմանադրության պահպանմանը։ Ազգային ժողովը վարչապետին կարող է անվստահություն հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Վարչապետ Փաշինյանը այս իմաստով մինչև գալիք մայիս է պաշտպանված Սահմանադրությամբ, ինչն էլ նրան ստիպում է` շտապել և օր առաջ ցրել պառլամենտը, որտեղ ինքը մեծամասնություն չունի։

Բայց ոչ մի տեղ չի գրված, որ վարչապետը մինչ այդ կարող է անպատիժ օրենքներ խախտել ու հանցանք գործել։ Այստեղ, կարծում եմ, պետք է իր գործն անի իրավապահ համակարգը, արդարադատության մարմինը, Սահմանադրական դատարանը։ Փաստացիորեն նրանք էլ առայժմ որևէ վճռական կամ հետագա օրինախախտումները կանխող քայլեր չեն կատարում։ Ակնհայտ է, որ կատարելու դեպքում նրանք ևս կհայտնվեն փողոցային ամբոխի ճնշումների ու վարչապետի հարկադրանքի դաշտում, ինչը ևս հանցագործություն է։

Այս իրավիճակում վարչապետին հլու-հնազանդ, նրա թելադրանքով ու դրդմամբ գործող կառավարելի, ցանկացած քայլի պատրաստ ամբոխը մասնակցում է մի կործանարար խաղի, որի իմաստն ու նպատակը չգիտի։ Ամբոխը վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցում է միայն այն պատճառով, որ նա առաջարկում է ինչ-որ նոր բան և պայքարում է հնի դեմ։ Ինչն է պայքարի նպատակը` ամբոխը չգիտի, քանի որ Փաշինյանը ոչ մի ծրագիր չի ներկայացրել։ Ամբոխին ասել են, որ Փաշինյանը նոր Հայաստան է կառուցել, բայց նրան, իբր, խանգարում են։ Սա խաբկանք է, քանի որ խանգարողներ, գոնե առայժմ, չկան։ Ամբոխը առաջին իսկ հրահանգով փողոց է դուրս գալիս` հանուն նոր ու լավ Հայաստանի, սակայն նոր ու լավ Հայաստանի մասին յուրաքանչյուրի պատկերացումը միանգամայն տարբեր է։

Տասը տարի երկրի նախագահ լինելուց հետո վարչապետ դարձած անձը եթե առաջին իսկ պահանջի դեպքում հրաժարական է տալիս և իշխանությունը զիջում է տասը օր երկիր ճանապարհներով քայլած մեկին, ինչու վերջինս պետք է հրաժարվի իրեն մատուցված նման ծառայությունից ու շնորհված հերոսացումից։ Եթե Ազգային ժողովում անհաղթահարելի մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը ընդամենը չորս կողմ ձայն ունեցողին հնարավորություն է տալիս` իրեն հեշտորեն շանտաժի մատնել, ապա ամեն ինչ անում է, որ նա վարչապետ դառնա, ինչը կարող է այլևս Նիկոլ Փաշինյանին զսպել` հռչակելու իր անսահմանափակ իշխանությունը։

Մարդուն զսպել կարող է օրենքը և բարոյականությունը։ Ոմանք համոզված պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը տառապում է վեհության մոլուցքով, թերարժեքության բարդույթը բախտախնդիր քայլերի է մղում նրան։ Իսկ սա նշանակում է, որ նա կարող է հեշտությամբ անտեսել ոչ միայն օրենքները, այլ նաև նույնպիսի հեշտությամբ հաղթահարել բոլոր բարոյական արգելքները։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին կարող է զսպել միայն ազգի գիտակից ու պասիվ մեծամասնությունը։ Ժողովրդի առողջ մեծամասնությանը ակտիվացնել և առաջնորդել է անհրաժեշտ։

Գոռ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ