27 09 2018

Ստացվեց այնպես, որ ընտրությանը մասնակցեցին սպիտակները՝ սպիտակների դեմ

Ստացվեց այնպես, որ ընտրությանը մասնակցեցին սպիտակները՝ սպիտակների դեմ

Պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. օրինակ, ԱՄՆ-ում ընտրություններ են, և դրանց մասնակցում են ոչ թե ավանդաբար իշխանություն ձևավորող 2 կուսակցությունները՝ հանրապետականներն ու դեմոկրատները, այլ միայն մեկը՝ օրինակ՝ դեմոկրատները։ Ի՞նչ իրավիճակ կարող է առաջանալ․ հասարակության այն հատվածը, որ կողմ է դեմոկրատների առաջարկած ծրագրերին, գնում-ընտրում է, իսկ հանրապետականների ընտրազանգվածը, և այն հատվածը, որը չի ընդունում դեմոկրատների մոտեցումներն ու ծրագրերը, ուղակի չի գնում ընտրատեղամաս, մնում է իր գործերին։

Ի՞նչ պատկեր ենք ստանում. Ստացվում է, որ մասնակցած ու ընտրած քաղաքացիները մեծամասամբ ընտրում են դեմոկրատներին, և նրանք հաղթում են հսկայական առավելությամբ։ Մի կողմ դնենք հարցը, թե ում են հաղթում. ԱՄՆ-ում սովորաբար ընտրություններին այլ ուժեր ևս մասնակցում են՝ որոշակի տոկոս հավաքելով, բայց ձայների գերակշիռ մասը, միևնույն է, հասնում է այն երկու հիմնական/ավանդական կուսակցություններին, մնացածը հավաքում են չնչին տոկոսներ։ Այսպիսով, ստացվում է, որ այս դեպքում, դեմոկրատները հավաքում են ոչ թե 45-48 կամ 51,5 տոկոս, այլ՝ 95։

Վերադառնանք Հայաստան։ Ի՞նչ կատարվեց մեզ մոտ նախորդ ընտրությանը։ Քաղաքականությունը հենց սկզբից փորձ արվեց բաժանելու երկու մասի՝ սևերի և սպիտակների։ Ընտրությանը մասնակցեցին հիմնականում այսօրվա իշխանության մաս կազմածները, որոնք հենց սկզբից համախմբվեցին վարչապետ Փաշինյանի թեկնածության շուրջ։ ԲՀԿ, ԵԼՔ դաշինքի մի մասը, ՀՅԴ-ն, Արարատ Զուրաբյանը, որը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, նաև այլ ուժեր, որոնք կարծես ընդիմադիր էին Հանրապետականին դեռ էն գլխից՝ տարբեր հարցերով։ Ստացվեց այնպես, որ ընտրությանը մասնակցեցին սպիտակները՝ սպիտակների դեմ: «Ձյունաճերմակ սպիտակները» հաղթեցին փոքր ինչ պակաս սպիտակներին։ Սևերը չմասնակցեցին։

Սևերը կամ սպիտակների հետ չհամաձայնվողները, որոնք համաձայն չեղան հեղափոխական մոտեցումներին, առանց ծրագիր, տնտեսական և այլ լուծումներ չառաջարկող ուժին ձայն տալ, ուղակի չգնացին ընտրատեղամաս։ Որովհետև այլընտրանքը չկար, նույնիսկ եթե անունը դրվել էր սև։

Վերլուծենք ստացված թվերը. Երևանի ավագանու ընտրություններում քվեարկության իրավունք ունեցող բնակիչների ընդհանուր թիվը 848 343 է: Քվեարկության մասնակիցների թիվը՝ 376 365 կամ 43.66%: «Իմ քայլը» դաշինքի ստացած թիվը 294 109, այն է՝ 81․05%՝ քվեարկածների թվից։ Նախորդ խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցածների թիվը եղել է 2,585,134, իսկ մասնակցածներինը 1,575,786։ Պարզ հաշվարկի դեպքում ստացվում է, որ այս պահին մենք պոտենցիալ ընտրողների մեջ ունենք հեղափոխության նման կերպ շարունակակականության կողմնակից 18,66% ձայն կամ հնարավոր դեմ 81,34%։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ պոտենցիալ քվեարկությանը մասնակցողների 81,34% դեմ կարող է լինել այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը, կարո՜ղ ենք։ Կարո՞ղ ենք մտածել որ, այս տեսակ շարունակվելու դեպքում իշխանությունները կկորցնեն նախկինում աջակիցներից էլ ավելի շատ տոկոսներ: Կարող ենք:

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ