26  09  2018

Դրախտից հինգ էր պակաս

Դրախտից հինգ էր պակաս

Երևանի ավագանու ընտրությունները , որքան էլ զարմանալի է, հեղափոխական վարչախմբի համար դրական արդյունքով չավարտվեցին: Այս պնդումը կարող է խիստ սուբյեկտիվ թվալ, եթե չլինեին խոսուն փաստերը և հատկապես ընտրողների մասնակցության թիվը: Մինչդեռ հենց դա է,որ ամենևին դրական ապագա չի խոստանում Նիկոլ Փաշինյանին, որովհետև քվեարկության իրավունք ունեցող երևանցիների ընդամենը 43 տոկոսի մասնակցությունը «համազգային հեղափոխությունից» ընդամենը չորս ամիս անց հեղափոխական էյֆորիայի հստակ անկման ցուցանիշ է: Փաշինյանի կողմնակիցները, ըստ սովորության, փրփուրը բերաններին տվյալ դեպքում կպնդեն.որ «Իմ Քայլը» դաշինքի օգտին տրված քվեն լավագույն փաստարկն է ու դրանից հետո բոլորը պետք է, որ լռեն, բայց իրականում հենց այս արդյունքն էլ առիթ է բանավեճի և օբյեկտիվ վերլուծության:

Ինչպես նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նախօրեին կայացած ընտրություններում երևանցիների մասնակցությունը գերազանցել է 2017-ի ավագանու ընտրությունների ցուցանիշին 25 հազարով: Բայց սա շատ նման է կիսատ բաժակի պատմությանը,  երբ կես բաժակ ջրի ընկալումը կարող է լինել երկակի: Այսինքն կարելի է մեկնաբանել, որ բաժակը կիսով չափ լիքն է, բայց նաև կարող է լինել կիսով չափ դատարկ: Նիկոլ Փաշինյանի բաժակը արդեն կիսով չափ դատարկ է, որովհետև «համազգային հեղափոխության» առաջնորդի կոչով հետհեղափոխական  առաջին ընտրություններին մասնակցել է գրեթե նույնքան մարդ, որքան անցած տարի, երբ Տարոն Մարգարյանը հերթական անգամ դարձավ քաղաքապետ: Ընդիմախոսները, իհարկե, կպնդեն, որ անցած ընտրությունները եղել են համատարած ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով, քանզի ՀՀԿ-ն և նախկին քաղաքապետը զրոյական վարկանիշ ունեին, ու դա իրոք այդպես է: Բայց եթե Փաշինյանի մասնակցության կոչին թեկուզ միանգամայն կամավոր և քաղաքացիական պարտքի մղումով արձագանքում է միայն 25 հազարով ավելի երևանցի, ապա գործող վարչապետն էլ կրկին ունի վարկանիշի խնդիր հեղափոխության առաջին օրերի համեմատ: Հակառակ դեպքում, մասնակցությունը պետք լիներ ոչ թե 43, գոնե՝ 55-60 տոկոս՝ հաշվի առնելով,որ 850 հազար ընտրողներից 250-300 հազարը թերևս Հայաստանում չեն: Նշված 55-60 տոկոսը կնշանակեր ,որ հեղարոխության «վոժդը» պահպանում է հանրային վստահության լուրջ պոտենցիալ և կարող է ապագա խորհրդարանում իսկապես հավակնել մեծամասնության լիդեր լինելուն:

Բայց հեղափոխությունից 4 ամիս անց այսպիսի ցածր մասնակցությունը հանրության լայն շրջանակների հիասթափության հստակ ցուցիչ է: Համապատասխանաբար ամենևին էլ փաստ  չէ ,որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում Փաշինյանն ու իր կուսակցությունը մեծամասնություն կստանան: Այն էլ այսպիսի ողորմելի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների ակնհայտ և շարունակական գնաճ կա ու կառավարությունը չունի այն զսպելու որևէ ծրագիր և նույնիսկ հայտարարված մտադրություն:   Բա ավագանու ընտրություններում ստացած 81 տոկոսը, կպնդեն հեղափոխական էյֆորիայից դեռ չսթափվածները: Թեկուզ 43 տոկոս մասնակցության պայմաններում, սա միևնույն է հանրային աջակցության ցուցանիշ է: Այն էլ այսպիսի մաքուր-անարատ ընտրություններ, վարչական ռեսուրսի չարաշահում չի նկատվել,  ոչ ընդդիմադիրներին էին ծեծում, ոչ քվեատուփեր գողանում, ոչ «գազելներով» մարդ էին բերում ընտրատեղամաս, ոչ էլ համատարած ընտրակաշառք բաժանում: Մի խոսքով այնքան լավ էր, որ դրախտից հինգ էր պակաս:

Առաջին հայացքից իսկապես այդպես է, բայց միայն առաջին հայացքից:

Նախ գործող իշխանությունը  դեռևս ունի այնքան վարկանիշ, որ կարիք չունենա վարկաբեկվել բացահայտ օրինախախտումներով: Ընդդիմադիրներին չծեծեցին, որովհետև ընտրարշավում ֆորմալ ընդդիմություն չկար, բոլոր մասնակից ուժերը գործնականում հանդես էին գալիս հեղափոխության համախոհների դիրքերից, իսկ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այսօր Փաշինյանի գործընկերներն են ԱԺ-ում և կառավարությունում ու կարծես թե առայժմ մտադիր չեն կամուրջներն այրել:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին և ընտրատեղամաս մարդ բերելուն ապա այստեղ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Այո, փողոցում, բացահայտ, մեքենաների «բագաժնիկներից» տրցակներով փող բաժանելու  գործընթաց չկար, ինչպես ՀՀԿ-ի օրոք էր: «Գազելների» սովորական դարձած կուտակումներ էլ չկային, որ կաշառված ընտրողներին ավանդաբար բերում էին ընտրատարածք: Բայց գրեթե բոլոր տեղամասերի մոտ մասնավոր մեքենաների կուտակումներ էին, չնայած աշխատանքային օր չէր: Դժվար է պատկերացնել, որ հանգստյան օրով ընտրողների այդպիսի քանակ քվեարկելու է գնում մեքենայով, երբ շատ դեպքերում այդ մեքենան կայանելու հարմար տեղ գտնելը պրոբլեմ է, իսկ բնակչության մեծ մասը քվեարկում է իր բնակավայրին մոտ գտնվող դպրոցում: Ըստ այդմ, չի բացառվում, որ այս անգամ «տեխնոլոգիաներն» են ավելի կատարելագործվել և կաշառված ընտրողներին տեղամաս են  հասցրել սովորական մեքենաներով, որ աչք չծակի: Բացի այդ, կարծես «մոռացվում» է բացակաների փոխարեն քվեարկելու հին ավանդույթի մասին, երբ մեծ հաճույքով օգտագործվում էին արտագաղթած, բայց հաշվառումից չհանված քաղաքացիների ձայները: Ընտրություններին մասնակցածների ցուցակներն րդեն հրապարակվել են, և կարող է պարզվել, որ այնքան ստերիլ թվացող ավագանու ընտրությունները իրականում հիվադ էին , այն էլ՝ վեներական հիվանդությամբ:

 

Տիգրան Մելիքյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ