18  02  2020

Դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով․ ՈւՂԻՂ



Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները շարունակեցին ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:

Պաշտպան Արամ Վարդևանյանն, անդրադառնալով նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածին, հիշեցրել էր, որ այդ հոդվածի փոփոխության ժամանակ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը մատնանշել է դրա մեջ առկա 5 թերություն։

«Եթե ԱԺ բարձր ամբիոնից նման հայտարարություն է արվում ու դրա վերաբերյալ գործադիրը, դատական իշխանությունը, դատախազությունը հակառակ պնդում չեն անում, դա արդեն խոսում է Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ենթադրյալ արարքի պահին գործող քրեական օրենքի նորմի թերության և առհասարակ բացակայության մասին»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով, այդ նորմն ունի վերացարկման բարձր աստիճան, և ՄԻԵԴ պրակտիկայում հանդիպած մի շարք գործեր վկայում են, որ այն հակասում է մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիային։ Վարդևանյանը նշեց, որ Ռ․ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի կիրառումը այս պահին քննարկվում է ՄԻԵԴ Մեծ պալատում, Վենետիկի հանձնաժողովում և Սահմանադրական դատարանում, ինչը փաստում է տվյալ նորմի վիճելի լինելու մասին։

Պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանն ընդգծել էր, որ միջնորդություններ ներկայացնելիս, պաշտպանները հասկանում են, որ դրանց վերաբերյալ դրական որոշում կայացնելը կարող է վտանգավոր լինել դատավորի անձի համար՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը։

Պաշտպաններից հետո ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը՝ բարձրացնելով «Մարտի 1»-ի մայր գործի ամբորղջական նյութերը չտրամադրելու հարցը։ Նրա խոսքով, պաշտպաններին տրամադրված հատորների մեջ ԱԱԾ-ից կա ընդամենը երկու նյութ, ինչին անհնար է հավատալ։

«Հնարավո՞ր է հավատալ, որ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, նյութ չունի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որևէ տեղեկատվության չի տիրապետել այդ ամբողջ ըւնթացքում», - ասել էր Քոչարյանը, հավելելով, որ իր պաշտոնավարման օրերին առնվազն շաբաթը մեկ անգամ ԱԱԾ տնօրենն իրեն զեկուցել է իրավիճակի մասին։

«Ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում։ Վեց հարյուր հատորում կան բավարար նյութեր մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու համար», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարայանն անդրադարձել էր նաև Վիկիլիքսի հրապարակած նյութերին։

«Վիկիլիքսի նյութերը կարդալիս՝ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ԱԱԾ-ն։ Այն, ինչ այնտեղից ես կարդում եմ, այդ ամենն ինձ զեկուցվում էր։ Քրեական գործում՝ զրո։ Մեզ նույնիսկ չեն տրամադրել այդ 750 էջ՝ 3 հատորը, որն ուղարկվել է քննչական մարմիններին»,- նկատել էրՌոբերտ Քոչարյանը։

Նախորդ նիստը ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ