18 12 2019

Լուսինե Աբգարյանը հրապարակում է ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը․ ՈւՂԻՂ



ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հրապարակում է դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ դատական նախորդ՝ դեկտեմբերի 16-ի նիստում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աբգարյանին։ Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք Վարդևանյանը նշեց դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։Մեկ այլ հանգամանք․ ըստ court.am կայքի «արձակուրդներ» բաժնի տեղեկատվության՝ Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է մեկնի արձակուրդ։ Իսկ արձակուրդից 10 օր առաջ դատավորին չի կարող գործ մակագրվել, քանի որ այդ կարճ ժամկետում գործը հնարավոր չէ քննել ըստ էության։

Հիշեցնենք, որ սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Պապոյանն ինքնաբացարկ է հայտնել՝ մի շարք դատավորների պես հրաժարվելով քննել Ռոբերտ Քոչարյանի գործը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ