21 06 2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը․ ՈւՂԻՂ



Մարտի 1-ի գործով դատավարության շուրջ վերջին զարգացումներին են անդրադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Վարդևանյանը։ Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ բանախոսների ելույթներից։

Արամ Վարդևանյան

Նախ՝ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տրամաբանության ներքո, սրա մասին բազմիցս էր խոսվել, բայց ստիպված ենք նորից արձանագրել, դատարանի կողմից դատական վարույթի կասեցումը և ՍԴ դիմում ներկայացնելն ինքնին բողոքարկման ենթակա ակտ չէ։ Այն չի կարող նույնացվել ցանկացած այլ տեսակ կասեցման երևույթի հետ, և ես, իհարկե, մեծ ցավ եմ ապրում, որ նշված հարցը փաստացի նախագահող դատավորի նախաձեռնությամբ առհասարակ քննության առարկա չդարձավ պաշտպանական կողմի դիրքորոշումների լույսի ներքո։

 

ՀՀ օրենսդրությունը դատարանների համար, այն դեպքերում, երբ կայացվում է որոշում՝ կասեցնելու մասին, մեկ պարտականություն է նախատեսում՝ կայացնել նման որոշում և երեքօրյա ժամկետում այն փոխանցել ՍԴ։ Պատկերացրեք, եթե այն բողոքարկման ենթակա լիներ, ինչպիսի՞ պահանջ պետք է նախատեսված լիներ։ Օրինակ, որ դատարանը նման որոշում կայացնելուց հետո պետք է սպառի բոլոր հնարավոր բողոքարկման հնարավորությունները, նոր դրանից հետո փոխանցի ՍԴ-ին։ Բայց՝ ոչ, օրենսդիրը, սահմանադրական օրենքի մակարդակով, հստակ նախատեսել է պարտականությունը եռօրյա ժամկետում փոխանցելու։ 

 

Օրենսդիրը նաև նախատեսել է, թե կասեցնելուց հետո երբ է սկսում գործի վարույթը։ Մեկ դեպքում է վերսկսում, այն է՝ ՍԴ որոշումից հետո։ Ցանկացած որոշման, բայց ՍԴ որոշման, քանի որ որևէ մարմին սահմանադրականության վերաբերյալ վերջնական լուծում չի կարող տալ։

 

Պարոն Դավթյանն ասում է, որ ՍԴ-ն 2019 թվականին մի քանի որոշումներով, իբրև, անդրադարձ է կատարել դատարանների կողմից սահմանադրական նորմերի մեկնաբանման հարցին և իբրև քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը եռաստիճան դատական համակարգում քննության առարկա հանդիսանալու որևէ խնդիր չի արձանագրել։

 

Անդրադառնանք այս հարցերին․ ՍԴ-ն 2019 թվականի հունվարի աշխատակարգային  որոշմամբ արձանագրել է․ հարցին՝ արդյո՞ք դատարանները կարող են վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ և արդյո՞ք կարող են առհասարակ մեկնաբանել սահմանադրական նորմերը։ ՍԴ-ն արձանագրեց, որ դատարանները, որպեսզի բացահայտեն՝ կա՞ սահմանադրականության խնդիր, թե ոչ, կարող են մեկնաբանել սահմանադրական նորմեր։ Բայց բոլդ ձևաչափով նշվել էր, որ այդ մեկնաբանությունները վերջնական չեն, համապարտադիր չեն։ Դրանից ենթադրվում է, որ նույնիսկ դատարանների, դատախազության համար, դատարանների սահմանադրական նորմերի մեկնաբանությունները վերջնական չեն, պարտադիր չեն, հետևաբար, իրավական հետևանք այնպիսին, ինչպիսին լինում են ՍԴ որոշումները, չեն կարող ունենալ։

 

ՍԴ դիմելը դատարանի պարտավորությունն էր։

 

Ինչպե՞ս կարող է վերաքննիչ դատարանը մեկնաբանել՝ արդյոք սահմանադրականության խնդիր կա՞, թե՞ ոչ։

 

Պատկերացրեք՝ այս տարիներին քանի՞ որոշում է կայացվել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու, նաև՝ քրեական գործերով։ Եթե մենք դիտարկում ենք բողոքարկման հնարավորությունը, հարց է առաջանում՝ այսքան տարիների ընթացքում դատախազությունը քանի՞ անգամ է բողոքարկել քրեական գործի վարույթի կասեցման և ՍԴ դիմելու որոշումները։ Նման դեպք չի եղել։ Չի եղել ոչ թե նրա համար, որ նման կամք ու ցանկություն չի եղել, այլ՝ որովհետև դա չեն բողոքարկում։

Այն դեպքում, երբ վճռաբեկն է դիմում ՍԴ, ի՞նչ է լինում, դատախազությունը զրկվո՞ւմ է բողոքարկման հնարավորությունից, սահմանադրականության խնդի՞ր է առաջանում։

ՍԴ-ն երկարաձգեց ուսումնասիրման ժամկետը մեկ ամսով։ Ես ցավ ապրեցի, որ դատախազության ներկայացուցիչներից ոչ մեկն անդրադարձ չկատարեց այդ հարցին։ Իսկ այն, որ ՍԴ-ն 30 օրով երկրաձգեց ժամկետը՝ լրացուցիչ ուսումնասիրության համար։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է վեճի առարկան այնպիսինն է, որ նույնիսկ ՍԴ-ն է հավելյալ ժամկետի անհրաժեշտություն տեսնում ուսումնասիրության համար։ Սա ևս մեկ փաստ էր կասեցման հիմնավորվածության։

 

Փաստորեն, դատավոր Դանիելյանը որոշում է կայացնելու մի հարցի շուրջ, որը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է և ուսումնասիրելուց էլ լրացուցիչ ժամկետի կարիք է տեսնում։ Սա, իրոք, ցավալի է։

 

Հովհաննես Խուդոյան

 

Իրար հետ չկապված երկու բողոք էր ներկայացվել, և մեզ համար անհասկանալի էր, թե ինչու երկու բողոքները հայտնվեցին նույն վարույթում։ Մեկը վերաբերում էր գործի քննության կասեցմանն ու ՍԴ ուղարկելուն, մյուսը՝ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը։

 

Պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկում տեղի չի ունեցել առհասարակ։ Դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցություն ունենալուց, ինչով կոպտագույն կերպով խախտել է թե՛ մեղադրյալի կոնվենցիոն իրավունքները, թե՛, ընդհանրապես, դատավարության մրցակցության սկզբունքը։ Հայկական քրեական դատավարության պատմության մեջ որևէ մեկը չի հիշում նման դեպք։

 

Սա ծայրահեղ խայտառակ քայլ էր, որն իր հետևանքները շատ լուրջ ունենալու է մեր դատական համակարգի համար։

 

Որևէ կերպ հնարավոր չէ դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը ենթարկել բողոքարկման։ Եվ դա միայն պաշտպանական կողմի դիրքորոշումը չէ։

 

Վերաքննիչ քրեական դատարանն իր կողմից նախապես քննարկած գործով՝ դատավոր Իշխան Բարսեղյանի գործով, երբ պաշտպանները դիմել էին Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի կողմից ՍԴ չդիմելու խնդիրը, վերաքննիչն արձանագրել է, որ թեև գործի կասեցումը կարող է բողոքարկվել, սակայն ՍԴ դիմել-չդիմելու հարցը բացառապես ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հայեցողության հարցն է, և որևէ դատական ատյան չի կարող ասել՝ դատարանը կարո՞ղ է կասկած ունենալ, թե՝ ոչ։

 

Ռուբեն Սահակյան

 

Դատավոր Արմեն Դանիելյանի մասին մենք մեր կարծիքը հայտնել ենք ու ասել ենք, որ սա ոչ միայն մեր կարծիքն է, այլև ՀՀ փաստաբանների 90 տոկոսի կարծիքը։ Կարող է էն 10 տոկոսն ընդհանրապես չի առնչվել կամ միայն քաղաքացիական գործերով է վարվում։ Բայց մեզ միացավ նաև մեր դատավարական օպոնենտը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։

 

Դատավոր Դանիելյանը բարձր պրոֆեսիոնալ է իր մասնագիտության մեջ, այլ հարց են մարդկային հատկանիշները, կարողանո՞ւմ են ճիշտն օրենքի տառին համապատասխան կիրառել, թե՞ քիթը պահում է անընդհատ էն ուղղությամբ, ինչ ուղղությամբ մտածում է իշխանությունը՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի, էսօր էլ էսօրվա։ Ամենամեծ ունակությունը դատավորների մեջ իր մոտ է գտնվում։

 

Երբ ես փաստաբանների պալատի նախագահ էի, հիշում եմ, որ փաստաբանները դիմում էին Վերաքննիչ դատարան և ասում՝ հարգելի Վերաքննիչ դատարանի նախագահ, խնդրում ենք մեր գործը չմակագրել դատավոր Դանիելյանին։ Այն ժամանակ չկար համակարգչային մակագրման գործընթաց։ Սա ինչի՞ մասին է վկայում, որ այս անձնավորությունը կատարում է հիմնականում պատվեր։ 

 

Կարող է պատվեն իջեցված չլինի դատավոր Դանիելյանին, և հիմնականում այդպես էր լինում, բայց բավական է նա իմանա, թե ինչպես է մտածում դատախազությունը, այդ մասին անմիջապես արձագանքում է։

 

Երվանդ Վարոսյանը փաստաբաններից նկարագրել էր մի դեպք, որում երկու երիտասարդի առաջին ատյանի դատարանը չէր ձերբակալել։ Գործով անցնում էին նաև ոստիկաններ, որոնց հետ բախում էր եղել։ Դատախազությունը դիմել էր վերաքննիչ, և Արմեն Դանիելյանն այս անձանց կալանավորել էր։ Մի քանի ամիս անց պարզվել էր, որ իրականությունն այլ է, և տեղերը փոխվել էին։ Երկու երիտասարդներին բաց էին թողել, ոստիկաններին՝ կալանավորել։ Սա ինչի՞ մասին է խոսում․ որ Դանիելյանն ապօրինի ակտ էր կայացրել։ Իրեն անհրաժեշտ էր ենթարկել քրեական պատասխանատվության՝ ակնհայտ ապօրինի ակտի համար։

 

Ես դատավոր Դանիելյանից վրդովված եմ՝ ինչի՞ համար․ իմ բարեկամներից մեկը եկավ և խնդրեց, որպեսզի ես դիմեմ Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, որպեսզի նրանք համոզեն այդ երկու երիտասարդներին, որ իրենք իրենց ցուցմունքը փոխեն հօգուտ ոստիկանների։ Ես դա չարեցի և այդ օրվանից այդ բարեկամս ինձ հետ խռով է։ Համոզված եմ՝ լսում է։

 

Երեկվա որոշման մասին․ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա պլանավորված գործողություն էր։ Նախապես պլանավորված գործողություն էր։ Նախապես որոշված էր, որ դատավորը մի քանի անգամ հարցեր կուղղի կոլեգաներիս։ Նա Խուդոյանին հարցնում էր, թե դուք սա՞ եք անելու, թե՞ նա եք անելու, նորից եմ կրկնում։ Էդտեղ ես Ալումյանի ականջին շշնջացի, որ էստեղ մի բան կա։ Բայց ի՞նչ կա։

 

Ես չէի պատկերացնում, որ էս աստիճանի լկտիություն կօինի վերաքննիչ դատարանի անդամի կողմից։ բայց այդ լկտիությունը տեղի ունեցավ։

 

Ես համոզվեցի, որ դատավորը նախապես էր պատրաստել այս գործընթացը։

 

Ես նայել եմ 4 րոպեանոց տեսանյութը և ամբողջությամբ թղթին եմ հանձնել։ Պարոն նախագահողը հետևյալ բառերն է ասում, տուժողի իրավահաջորդներին լսելուց հետո, բոլորին լսեց ու ասեց հետևյալ բառերը․ Հիմա դատարանը տեղում խորհրդակցելով իր դիտարկումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ կանի մեկ երկու րոպեից։ Մի երկու հատ շարժում արեց, որը տևեց 4,5 վայրկյան։ Այսինքն, նրա մեկ րոպեն 5 վայրկյանում ավարտվեց։ Անմիջապես նա էստեղ պարզ երևում է, որ գլուխը կախեց ներքև և կարդաց․ "Հարկ եմ համարում արձանագրել, որ թեև մենք ընթացակարգ էինք սահմանել․․․" և այլն, և այլն, և այլն։ Այսինքն, ուներ պատրաստի 5 տող արդեն գրված։ Ե՞րբ էր գրել դրանք, չէ՞ որ նա դեռ չէր լսել դատախազներին, չէր լսել տուժողների կարծիքը։ Ե՞րբ էր գրել։ Իհարկե՝ վաղօրոք։ Ո՞ւմ հետ էր խորհրդակցել․ կարծիքս ունեմ, բայց չեմ կարող բարձրաձայնել, որովհետև չեմ կարող ապացուցել։

 

Մենք տեսանք, որ այս անձնավորությունը պատրաստ է ամեն ինչ անել դատախազության կարծիքը հիմնավորելու համար։

 

Մի ամբողջ Հանրապետության գլխավոր դատախազն ասում է, որ նման բան չկա, սուտ ա։ Ախր ո՞նց կարելի է ճշմարտությանն ասել սուտ է։

 

Երբ ես կարդացի Դատալեքսում տեղադրված դատավոր Գրիգորյանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին, գտա տողեր, որ ուղղակի նշմարվում էր, որ հաջորդ որոշմամբ դատավորը դիմելու էր ՍԴ։ Դրան հետևեց վարչապետի ելույթը, իսկ հաջորդը օրը ինքնաբուխ կերպով շրջափակվեցին դատարանները, և ձախողվեց։ Այսինքն, սահմանադրական կարգը տապալվեց և խախտվեց։

 

Ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ այն, ինչ երեկ լսեցինք, թե ինչպես է մեր գործընկեր, մեր կողմից շատ հարգված Վահե Գրիգորյանն ասում, որ ինքն է ՍԴ նախագահը։ Համոզված եմ՝ Ալումյանը կհիշի Ջհանգիրյանի խոսքերը։ Դրանից հետևություն, հենց նեղն է ընկնում Հայաստանի իշխանությունը, սկսում է մտածել քայլեր։

 

Ես չեմ բացառի, որ վաղը ՍԴ դռները կփակվեն այնպես, որ պարոնայք Թովմասյանը և մյուսները չկարողանան մտնել ՍԴ շենք։ Ո՞ր դեպքում է դա կատարվում, երբ վտանգ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի գործով։ Վտանգ են տեսնում այն իմաստով, թե ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը լինել ազատության մեջ։

 

Այսօր էնպիսի իրավիճակ է, որ ցանկացածս կարող ենք հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, և դատախազությունը կասի մեղավոր է։ Ինչո՞ւ։ Որովհետև դատախազությունում կան մարդիկ, որ մտածում են, որ իրենց չեն ուզում, որ մնան իրենց տեղում։ Եվ որպեսզի մնան իրենց տեղում, որպեսզի ծաղկեպսակներ չդնեն, նրանք պատրաստ են ծառայել բոլորին։ 

 

Հայկ Ալումյան

 

Ամբողջ դատավարությունը տեղի ունեցավ հանրության աչքի առաջ, և եթե հետևել եք այլ դատավարությունների, կտեսնեք ինչքան մեծ տարբերություն կա պարոն Քոչարյանին և մյուս բոլորին վերաբերող դատավարությունների մեջ։

 

Սա աննախադեպ երևույթ է, որ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս անել միջնորդություններ ամբողջ դատավարության ընթացքում։ Իսկ էն փուլում, երբ պաշտպանական կողմի ելույթի հերթն է գալիս, միջնորդություն անելու փաստը դիտում են որպես իրավունքի չարաշահում և էդ հիմքով զրկում են պաշտպանական կողմին ելույթ ունենալու հնարավորությունից։ Հնարավոր չի զուգահեռներ անցկացնել որևէ գործի հետ ու բերել Եվրադատարանի արձանագրած խախտում։

 

Ուզում եմ վերհիշել՝ Եվրոպական դատարանը երբևէ քննե՞լ էնպիսի գործ, որը սրա նման լիներ, որն իր խախտումների ծավալով, բազմազանությամբ ու խախտումների կոպտությամբ նման լիներ էս գործին, և չեմ կարողանում հիշել եվրադատարանի մի վճիռ, որ գոնե սրան մոտիկ լինի, որպեսզի զուգահեռներ անցկացնեմ։

 

Մեր ամեն միջնորդություն դատավորն արգելում էր ներկայացնել և ասում էր, որ կգա պատեհ պահը և ինքը կասի էդ մասին։ պատեհ պահն այդպես էլ չեկավ։ Եկավ մի պահ, որ դատավորը երբ խոսքը հանձնել էր մեզ, որոշեցինք, որ սա այդ պատեհ պահն է, և մենք կարող ենք միջնորդություն ներկայացնել, որովհետև միջնորդությոսւնը, ըստ քրեադատավարական օրենսգրքի, ուղղված է գործը քննող դատարանին կամ վարույթ իրականացնող մարմնին։ Այդպիսի միջնորդություն կարող է արվել ելույթի ընթացքում։ Դատավորը միջնորդություն ներկայացնելու փաստը դիտեց որպես իրավունքի չարաշահում։ 

 

Հնարավոր չէ իրավաբանական գնահատական տալ դատավորի արարքին, բժշկական գնահատական միգուցե, բայց իրավաբանական գնահատականի էսպիսի արարքը հաստատ չի ենթարկվում։ Որովհետև իրավաբանության մեջ, ոչ միայն օրենքում, այլև պրակտիկայում, նման բան չենք հանդիպել։

 

Մենք փակուղու առաջ ենք, քանի որ չենք կարողանում պարոն Դանիելյանի գործողությունների իրավական գնահատական տալ։ Որովհետև սա նախադեպը չունի։

 

Դատարանը եթե ուզում է կայացնել օրինական ակտ, պետք է լսի երկու կողմերին էլ։ Հնարավոր չէ այս ընթացքում ծանոթանալ 85 հատոր նյութերին։ Հետևաբար, դատավոր Դանիելյանը պատրաստվում է էս գործով կայացնել դատական ակտ մի պայմանում, երբ ոչ միայն ծանոթ չէ ամբողջ նյութերին, այլև ծանոթ չէ կողմերից մեկի դիրքորոշումներին։

 

Էդպիսի դատարանը դատարան չէ, էդպիսի դատարանի ցանկացած ակտ ապօրինի է։

 

Ես մի անգամ ասուլիս եմ արել նրա համար, որ պարոն Ջհանգիրյանն արդեն կանխորոշել էր, թե ինչով է ավարտվելու այս դատավարությունը։ Ասել էր հետևյալը․ ասել էր ՍԴ-ն ձգձգելու է գործի քննությունը, որ դատարաններին հնարավորություն տա ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը։ Պարոն Ջհանգիրյանը կանխատեսել էր, որ պետք է ՍԴ-ն ձգձգի, իսկ վերաքննիչը բեկանի առաջին ատյանի որոշումները, և այլևս գոյություն չունենա ՍԴ դիմելու որոշում։ նա նաև կանխատեսել էր, որ ՍԴ-ն կամ չի քննի կամ կքննի բոլորովին այլ կազմով։ Մենք ներկայացրեցինք հաղորդում հանցագործության մասին, որովհետև երևում էր, որ դատական ակտերն արդեն որոշված են։ Սա նշանակում է, որ արդարադատության իրականացմանը վաղուց արդեն միջամտում են։ Իրենք վաղուց որոշել են ինչ է անելու ՍԴ-ն, վերաքննիչը և անգամ որոշել էին, որ ՍԴ-ն ուրիշ կազմ է ունենալու։

 

Երեկ պարզվեց, որ ինչ ասում է պարոն Ջհանգիրյանը, սկսեց իրականանալ, և ամենը կախված Ռոբերտ Քոչարյանի գործից։ բայց չի կարելի ՀՀ ամբողջ արդարադատությունը, դատական ռեֆորմները, ամենը ծառայեցնել մի նպատակի՝ որպեսզի պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ։ 

 

Դուք տեսնում եք, որ որևէ օրինական հիմք չկա պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու։ Այդ ամեն ինչը կարմիր թելով անցնում է գործի միջով, սկսած նրանից, որ դատավորները զեկուցել էին, ամոթ է, իհարկե, էդպիսի բառ ասել, որ դատավորները կարող են զեկուցել, բայց դա մեր տերմինալոգիան չէ։ Դատավորները զեկուցել էին, որ գործը ջուր է, դեռևս անցյալ տարի։ 

 

Ամեն անգամ էլ ավելի ուժեղ ու խայտառակ անօրինական ազդեցություն է անհրաժեշտ լինում դատական համակարգի վրա, որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն կամ պահեն կալանքի տակ։ Եթե նախորդ տարի հերիք էր, որ ԱԱԾ տնօրենը զանգի դատավորին ու ասի՝ ուզես-չուզես պիտի կալանքը տաս, և դատավորը կալանքի տակ էր պահում պարոն Քոչարյանին, ապա հետզհետե բացահայտվեց ինչ աստիճանի ապօրինություններ են կատարվում, էդքան ավելի ազդեցություն է պահանջվում, որ էս գործով պարոն Քոչարյանին պահեն կալանքի տակ։

 

Դատավորները հասկանում են ինչ աստիճանի խախտումների են գնում։ Նրանք չեն ուզում խախտումների գնալ, և 3 դատավոր ինքնաբացարկ հայտնեց, միայն թե չքննի էս գործը, գերադասեց պատժվել ԲԴԽ կողմից։ Դավիթ Գրիգորյանը որոշեց ճնշումների չենթարկվել։ Ու ավելի կոպիտ, ահասարսուռ միջամտություններ սկսվեցին, որ դատավորի հեռախոսի համարն ու տան հասցեն ձեռքից ձեռք էր փոխանցվում, որ հասկանում եք․․․ 

 

Գնալով դատական համակարգը սկսում է զգալ՝ ինչ աստիճանի կողծիքների վրա է կառուցված գործը, և գնալով գործադիր ու օրենսդիր իշխանությունների համար ավելի ու ավելի բարդ է դառնում ստիպել դատական համակարգին գնալ այդ խախտումներին։ Եվ ստիպելու ձևերը գնալով ավելի ու ավելի կոպտանում ու բիրտ են դառնում։ Այդ ամբողջ էվոլյուցիան կապված է նրա հետ, որ դատավորները հետզհետե սկսում են ավելի ու ավելի լավ հասկանալ, թե ինչքան բան պետք է խախտեն, երբ այս գործով կայացնեն Ռոբերտ Քոչարյանի դեմ որոշում։

 

Դահլիճում չկա մի մարդ, մբողջ Հանրապետությունում էլ, որ չի կիսում վիշտը էն մարդկանց, որ կորուստ են ունեցել, բայց պետք է ասենք, որ ոչ ոքի թույլատրված չէ այդ մարդկանց վիշտն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար։ Իրենց օգտին բերված բողոքներն ամբողջությամբ հիմնված էին նրա վրա, որ պարոն Քոչարյանը 10 զոհի մեղավորն է, որ պարոն Քոչարյանը պետք է պատասխան տա 10 զոհի համար։ Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ եթե այդ 10 զոհից գոնե մեկի համար պարոն Քոչարյանն անմիջական պատասխանատվություն ունենար ու էդպիսի փաստ գոյություն ունենար, պատկերացնո՞ւմ եք, որ այդ փաստը քրեական գորներ, որ ՀՔԾ-ն այդ փաստը հարյուրապատիկ ուռճացված չներկայացներ բոլորիս։ Եթե դատախազությունն իմանար, որ չլինելով նման փաստ, կարող է ստեղծել, հաստատ կստեղծեր։ Դա ցույց է տալիս քրեական գործի ընթացքը։ Այն, ինչ կարողացել են ստեղծել պարոն Քոչարյանի դեմ, ստեղծել են։ 

 

Պարոն Քոչարյանին 10 հոգու սպանություն, 10 հոգուց գոնե մեկի սպանություն չի վերագրվում, էդպիսի փաստ չկա, և նույնիսկ էդպիսի փաստ ստեղծելու հնարավորություն չունեն իրենք։ 

 

Հովհաննես Խուդոյան

 

Երկակի ստանդարտների կիրառմամբ դատախազությանը ոչ ոք չի կարող հասնել։

 

Հայկ Ալումյան

Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, որ եթե մենք հիմա ՀՀ-ում որևէ ատյան բողոք ներկայացնենք դատավորի ամենասարձարձակ գործողության դեմ, ապա եթե այդ ամենասանձարձակ գործողությունն ուղված է պարոն Քոչարյանի դեմ, ապա էդ դատավորին ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկի, այլև հնարավոր բոլոր ճանապարհներով կխրախուսեն։ Դրա համար այսօր պարոն Դանիելյանի դեմ բողոք ներկայացնել որևէ ատյան, անհեռանկար է, եթե այդ ատյանը գտնվում է ՀՀ-ում և լծակները գտնվում են օրենսդիր և գործադիր իշխանության ձեռքում։ Էն, որ բողոքելու ենք, բարձրաձայնելու ենք ու էդ մասին շատ է խոսվելու, դրանում չկասկածեք։ Բայց դա հնարավոր է, որ դա արվի միջազգային տարբեր ատյաններում։

 

Եթե հիմա գլխավոր դատախազը մի բան է ասում, սպասեք մի տարի, ուրիշ բան կասի, իսկ մեկ տարի առաջ բոլորովին ուրիշ բան էր ասում։ Դրա համար չեմ կարող եկնաբանել գլխավոր դատախազի ասածները։

 

Ովքեր այս հետապնդումների հետևում կանգնած են, հասկացել են, մեզանից ավելի լավ, որ 300․1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելի է, և իրենց պետք էր որևէ մեկ մեղադրանք էլ գոյություն ունենա, որով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդիրը չկանգնի իրենց առաջ։ Էս կաշառքի մեղադրանքը նրա հմար է մտցվել, որ անձեռնմխելիության խնդրի առաջ չկանգնեն։ Ահա թե որտեղից է Սիլվա Համբարձումյանի վարկածը։

 

Սիլվա Համբարձումյանից որևէ լումա Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի որևէ անդամի, Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեցող որևէ անձի փոխանցված չէ, նման ապացույց գոյություն չունի։

 

Դատավոր Դանիելյանը հանրաճանաչ է, քրեական գործով զբաղվող բոլոր փաստաբանները ճանաչում են նրան։ Ինչ ինքը աշխատում է, հենց էն պահից, որ սկսել է աշխատել, չեմ հանդիպել որևէ փաստաբանի, որ դրական կամ նետրալ վերաբերվի Դանիելյանի մասնագիտական գործունեությանը։ 

 

Դատախազության կարծիքին դեմ գնալը Դանիելյանի տեսակին անհամատեղելի է։

 

Հովհաննես Խուդոյան

Մեր ամբողջ իրավական դիրքորոշումները, որ դատարանին պետք է ներկայացվեին և չներկայացվեցին, հանգում են հետևյալին․ քանի դեռ քրեական գործի վարույթը կասեցված է և դիմում է ներկայացված ՍԴ քրեական օրենսգրքի այն նորմերի սահմանադրականության հարցի կասկածով, որոնք դրված են պարոն Քոչարյանի մեղադրանքի հիմքում, այսինքն, քանի դեռ կասկածի տակ է 300․1 գործող օրենսգրքի հոդվածի և նախկին օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականության հարցը, առաջին ատյանի դատարանն ինքը որևէ կերպ չէր կարող կայացնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնել։ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի կարող այդ նորմերը կիրառել և որոշում կայացնել  Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու։ Ցանկացած հակառակ որոշում նախապես ես գնահատում եմ՝ որպես ապօրինի կալանավորում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ