12  06  2019

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր Վերաքննիչ բողոքի քննությանը



12:50

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։

Պաշտպանի խոսքով՝ դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

«Մինչ այժմ Քոչարյանի գործով բազմաթիվ բողոքներ են բերվել և որևէ դեպք չի եղել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։ Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից ներկայացված բողոքները ձեզ մակագրելը»,–ասաց նա։

Ալումյանի խոսքով՝ դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, և նա պետք է այս գործով բացարկ հայտնի։

12:30

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  քիչ առաջ ժամանեց Վերաքննիչ քրեական դատարան:

12:10

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելու մասին։ Պաշտպանը իր միջնորդությամբ տեղեկացրել էր, որ բողոքների վերաբերյալ ինքն ունի ելույթ ու պետք է ներկայացնի որոշ հակափաստարկներ, ուստի խնդրել էր ՀՀ-ից բացակայելու հիմքով հետաձգել նիստը։

Մեղադրող կողմը առարկեց ներկայացված միջնորդությանը։ Դատախազը հայտարարեց, որ Խուդոյանը Ռոբերտ Քոչարյանի միակ պաշտպանը չէ, և նրա բացակայությունը չի կարող խոչընդոտել բողոքների քննությանը։ Դատավորը միջնորդությունը մերժելու մասին որոշումը հրապարակելիս պատճառաբանեց, որ վերաքննիչ բողոքների վերաբերյալ մեծ ծավալների անելիք ունի և Խուդոյանի ներկայությունն ապահովելու միջնորդությանը կարող է անդրադառնալ որոշ ծավալ սպառելուց հետո։

12:00

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Դատական նիստին մասնակցում են նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ