14  05  2019

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ․ Թարմացվում է



17:55

Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նախնական դատական նիստը աշխատանքային օրվա ավարտի հետ կապված հետաձգվեց մայիսի 15-ին ժամը 13:30-ին

 

17:13

Ռոբերտ Քոչարյանը խոսել է փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակի մասին, որը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար. «Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ԱԱԾ-ի այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ դատախազները, ինչպես նաև քննիչը, թաքցրել են խափանման միջոցի հարցը քննած դատավորներից, և պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել: Պաշտպանական կողմին չեն ներկայացվել նաև ԱԱԾ-ի կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր։ Այս ամբողջ քրեական գործում ևս մեկ բան՝ ԱԱԾ-ից հարցաքննվել է միայն մեկ մարդ։ 800-ից ավելի մարդ են կանչելու որպես վկա, բայց միայն մեկ մարդ է ԱԱԾ-ից։ Ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում»,- դատարանում ասաց Ռոբերտ Քոչարյանը

16:04

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել ՍԴ նախկին նախագահ, ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելքիս Թոխյանին և Կիմ Բալայանին։ Դատախազները առարկեցին ՀՀ երկրորդ նախագահ պաշտպանների միջնորդությունը: Նրանք պատճառաբանեցին, թե այդ անձանց հարցաքննությունն այս փուլի հարց չէ:

Դատախազների առարկությանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը. «Դատախազներն ասում են՝ այս փուլի հարց չէ նրանց հարցաքննությունը, համաձայն եմ: Սա պետք է քննություն իրականացնելու ժամանակ արվեր, բայց, քանի որ այն ժամանակ այս դրվագի վերաբերյալ ուղղակի ուղղորդված քննություն է տարվել, դրա համար սա դառնում է այս փուլի հարց: Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն»։

15:25

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը ընթերցեց երկրորդ նախագահին կալանքից ազատելու վերաբերյալ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ու գործող նախագահ Բակո Սահակյանի երաշխավորական նամակը:

14:42

Դատարանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց՝ պաշտպաններին դիրքորոշում հայտնելու համար

13։42

Դուք այս փուլում խոսքի իրավունք չունեք. Դատավորը՝ Յուրի Խաչատուրովի փաստաբանին

12։35

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

12։31

Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափերով։

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին հայտնել գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Դատարանը հեռացել է խորհրդակցությունների սենյակ։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ