19 10 2018

Ակնկալում ենք 25 մլն դոլարի ներդրում. Արմեն Ավակ Ավակյան



«Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հիմնադրամի կառուցվածքը փոքրացվելու է, ինչը կբերի մոտ 108 մլն դրամի խնայողություն՝ հաջորդ տարվա բյուջեում. «Դա մեր ցուցանիշների վրա չի ազդի, ավելի փոքր թիմով ենք աշխատելու»։

Նրա խոսքով՝ 2018թ. առաջին 9 ամիսների կտրվածքով՝ 5.9 մլրդ դրամ արտահանման պայմանագիր կա. «Նախորդ տարի ամբողջական թիվը եղել է 5.7 մլրդ դրամ, իսկ այս տարի արդեն իսկ առաջին երեք եռամսյակում անցել ենք նախորդ տարվա ցուցանիշը։ Մոտ 17 մլն դոլարի ներդրում ենք ունեցել այս տարի, ակնկալում ենք ևս 25 մլն, ընդհանուր թիվը կկազմի 45 մլն դոլար։ Մեր թիրախն այս տարվա 46 մլն դոլար էր, մոտ ենք լինելու այդ թիրախին։ Մի քիչ էլ որ ագրեսիվ լինենք, այդ 46 միլիոնը հաստատ կանցնենք»։

Ցանկացած ընտրություններից առաջ ցանկացած երկրում, ըստ Ավակյանի՝ ներդրողների մոտ սպասողական վիճակ է ստեղծվում. «Հետաքրքրվողների քանակը բավականին մեծացել է հատկապես սփյուռքահայերի մոտ, բայց, բնականաբար, մինչև դա դառնում է ներդրում, մոտ 6 ամիս է տևում»։

Խոսելով ոլորտների հետաքրքրությունը մասին գործադիր տնօրենն ասաց, որ ֆիքսված է երեք ոլորտ՝ IT, տուրիզմ և գյուղատնտեսություն. «Հետաքրքրություններ կան նաև դեղագործական ոլորտում։ Վերականգնողական էներգետիկան է շատ հետաքրքիր բոլորի համար. մեծ պոտենցիալ ունենք արտասահմանից ներդրումներ ներգրավելու մասով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ