09  10  2018

Իմ աշխատանքը Հայաստանում ավարտվեց․ ԱՄՆ դեսպանը հեռանում է



Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ավարտոմ է դիվանագիտական առաքելությունը։ Այս առիթով դեսպանը հրաժեշտի խոսք էր պատրաստել, որով և հանդես եկավ։ Իսկ մինչ այդ, պատասխանեց լրագրողների երեք հարցերին։

Խոսելով ՀՀ-ի ներքին քաղաքական զարգացումների մասին դեսպանը նշեց, որ իրենք ուշադիր հետևում են երկրում տեղի ունեցող զարգացումներին.

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը ՀՀ կառավարությունը, կուսակցությունները և ժողովուրդը պետք է որոշեն: Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 2-ին տեղի ունցածին, ինչպես բոլորը, մենք ևս հետևում էինք, և ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են, որ ընտրությունները լինեն ազատ ու արդարացի:

Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկախության առիթով ուղերձում գրված այն մտքի մասին, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան հնարավորություններ ԼՂ հարցի լուծման համար, այն դեպքում, երբ նույն ուղերձը եղել էր նաև Ադրբեջանին, դեսպանը պատասխանեց, որ որևէ թաքնված միտք երկու նախագահներին ուղղված ուղերձներում չկա Թրամփի կողմից․ «Մենք քաղաքական զարգացումներ ենք տեսել երկու երկրներում վերջին շրջանում. անցած տարի ընտրություններ էին Ադրբեջանում, իսկ այս տարի այստեղ՝ Հայաստանում, տեսել ենք դրամատիկ փոփոխություններ: Նախագահի ուղերձի այս խոսքերը, կարծես, վերաբերում են նրան, որ երկու երկրներում էլ կան նորովի լիցքեր, նորովի տրամադրվածություններ, որ կարող են օգնել նոր լուծումներ գտնելու, դա հույսի և ակնկալիքի դրսևորում է»:

Այն հարցին, թե ինչո՞ւ է դեսպանը Նիկոլ Փաշինյանին նվիրել Ջոն Ադամսի կենսագրության մասին պատմող գիրքն ու կա արդյոք դրանում որևէ ուղերձ, դեսպանն ասաց. «Ուղերձը շատ բարդ ու գաղտնիք չէ։ Շատ ու շատ բաներով վարչապետն ինձ հիշեցնում է Ջոն Ադամսին, ով մեր հիմնադիր հայրերից մեկն էր ու դարձավ մեր երկրորդ նախագահը։ Պարոն Ադամսն էլ վարչապետի նման առաջնորդում էր մարդկանց, ովքեր ցանկանում էին փոփոխություններ, ժողովրդավարություն տեսնել երկրում»: 

ԱՄՆ դեսպանը նաև ելույթ ունեցավ գործարար համայնքի համար: Նա շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց կառույցին ունեցած ձեռքբերումների համար:

«Սա իմ վերջին անգամն է այստեղ: Իմ պաշտոնավարման ժամկետը, որպես դեսպան մոտենում է ավարտին: Մենկնելուց առաջ միշտ կա գայթակղություն, որ ուշադրությունդ բևեռես անցյալին և կարոտով խոսես: Շատ չեմ ուզում խոսել անցյալից, քանի որ Հայաստանն այս պահին իր հայացքն ուղղել է դեպի ապագա»,- ասաց դեսպանը:

Ռիչարդ Միլսն անդրադարձ կատարեց նաև իր պաշտոնավարման ընթացքին:

Դեսպանի հանդիպումն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ