27 08 2018

Ի՞նչ է կատարվում մշակույթի ոլորտում. Լիլիթ Մակունցը հաշվետվություն է տվել



Օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելու պաշտոնավարման 100 օրվա կատարած աշխատանքները:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ նախարարի պատասխաններից:

Նախարարի պարտականությունները ստանձնելիս իմ առջև դրել էի մի շարք խնդիրներ, մասնավորապես իրագործել այն նախագծերը, միջոցառումները որոնք մինչ այս դրված են եղել և, ֆինանսական արդյունավետության բարձացնելով, դա հաջողվել է:

Արդեն նախագծված ծրագրերի նախահաշիվները վերանայվել են, մեզ հաջողվեց կատարել որոշակի խնայողություններ, ինչի շնորհիվ կարողացանք բալանսի բերել այն ֆինանսական անջրպետը, որը գոյություն ուներ երկրորդ և երրորդ եռամսյակների միջև: Այդ խնայողությունները մեզ թույլ տվեցին նաև իրականացրել մի շարք նոր ծրագրեր, նախագծեր:

100 օրերի ընթացքում եղել է 11 խոշորագույն միջոցառում, դրանց մեծ մասը՝ միջազգային, դրանցից մեկն իրականացվել է խնայողությունների հաշվին:

Մեզ համար գերակա ուղղությունները հինգն են` մշակույթի և կրթության համադրումն ու զուգակցումը, մշակույթի ապակենտրոնացումը և մարզային համաչափ զարգացումը, օրենսդրական դաշտի կարգավորումը, պատմաշակութային արժեքների, հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումը և օգտագործումը, հինգերորդը` դրամաշնորհային մոտեցման քաղաքականության կիրառումը:

30 մլն դրամ կտրամադրվի Գյումրու ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու և դեկտեմբերի 7-ին այն բացելու համար: Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել խնայողությունների հաշվին: Եկեղեցու հիմնանորոգումն արված էր, սակայն վերջնական տեսքի պետք է բերվի: Բացի այդ, Գյումրիում ստեղծարար կենտրոն կստեղծվի, որն առաջիկա 3 տարիների ամենախոշոր ծրագրերից մեկն է լինելու:

Օպերայի հետ կապված այս 100 օրերի ընթացքում բավականչափ խնդիրներ են ներկայացվել աշխատողների, երաժիշտների, երգիչների կողմից: Այդ բոլոր խնդիրների հետ կապված ես պարոն Օրբելյանի հետ զրույցներ, քննարկումներ եմ ունեցել, որի արդյունքում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ խնդիրները պետք է հասցեգրվեն: Պարոն Օրբելյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո մենք անդրադառանալու ենք դրանց և տեսնենք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի խնդիրները լուծում ստանան:

Օպերայում արմատական փոփոխությունների կարիք կա, հուսամ, որ Օրբելյանիը առողջացման ծրագրեր կներկայացնի:

Եթե մենք սկսենք զբաղվել բացառապես կոռուպցիոն ռիսկերի, չարաշահումների բացահայտմամբ, պարզապես ի վիճակի չենք լինի կատարել այն աշխատանքները, որոնք ուզում ենք անել՝ միտված Մշակույթի նախարարության առողջացման գործընթացին, տարբեր ոլորտների զարգացմանը, այդ ոլորտում արվեստագետների կարիքների բավարարմանը և այլն, սակայն սա չի նշանակում, որ այն, ինչին բախվում ենք աշխատանքներ իրականացնելու ընթացքում, անտեսում ենք:

Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն՝ փաստաթուղթ, համաձայն որի՝ Մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը՝ փորձագիտական կենտրոնը, Սարյանի կտավների հետ կապված եզրակացություն էր տվել, որ դրանք բնօրինակ են, և որ այնտեղ դրված է Ռուզան Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով, սակայն եղել է նաև մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ ոչ միայն կտավներն են կեղծ, այլև իր ստորագրությունը: Մենք դիմել ենք դատախազություն, գործին ընթացքը տրված է և հարցաքննություններ են անցկացվում:

Միջամտություն է ցուցաբերվել և կանխվել է թվով 32 հուշարձանների վտանգումը, դադարեցվել են «Հին Երևանի» տարածքում իրականացվող անօրինական շինարարական աշխատանքները, Արամի 32 հասցեում կանխվել է հուշարձան-շենքի փոփոխման աշխատանքները և չեղյալ է համարվել 2017-ին տրված թույլտվությունը:

ՌԴ այցի ժամանակ հանդիպել եմ տեղի մշակույթի նախարարին և քննարկել համատեղ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ կստեղծենք հայ-ռուսական կինոֆոնդ, որի շրջանակներում կնկարահանվեն ոչ միայն համատեղ ֆիլմեր, այլ նաև կապահովենք դրանց արտահանում:

Նախատեսվում է մինչև այս տարվա վերջ ընդունել կինոյի և թանգարանների մասին օրենքները: Կինոյի օրենքի հետ կապված արդեն իսկ պատրաստի փաթեթներ կան, որոնք քննարկման փուլում են:

Ես չեմ որոշելու ում ինչ կոչում տան, բայց խստորեն հետևելու եմ, որ հանձանժողովի վրա որևէ մեկը ազդեցություն չգործի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ