04 08 2018

ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը. Փաստաբան



Օգոստոսի 4-ին մամուլի ասուլիսի էին հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և Հայկ Ալումյանը: Վերջինս նոր է միացել պաշտպանական խմբին:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մտքեր՝ պատասխաններից:

 

Վիկտոր Սողոմոնյան

Նախագահի ինքնազգացողությունը լավ է:

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի քննության ընթացքում ընտրողական մոտեցում է ցուցաբերվում։ Այո, 0038 հրամանը ընդգրկված է մեղադրական եզրակացության մեջ և այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով կարդում ես եթերում, դրանից գործի էությունը չի փոխվում, այսինքն՝ ՀՔԾ-ն պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, այսինքն՝ պետք է ապացուցի, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու:

Այսքան փամփուշտ կրակվել է, այսքան պարկուճ է գտնվել, փորձաքննություն չի անցել, դժվար էլ թե անցնի: Էդ որ դժվար էլ անցնի, բա ինչի՞ խափանման միջոցը կալանք ընտրված, այսինքն՝ թող նստի, մենք հլը կտեսնենք:

Բա գործի մյուս մասնակիցները ինչո՞ւ նստած չեն, էդ բանակը ներքաշողները, ովքեր բանակը ներքաշում էին քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, էդ ինքը շրջապատ չունի՞, որ ինքը ազդի այդ շրջապատի վրա։ Այս ինչ ընտրողականություն է: ՀՔԾ պետի, և այս գործով ցանկացած հայտարարություն ապացուցելու է, որ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է։ Որևէ ապացույց, որևէ հիմնավորված փաստարկ չկա, որ Քոչարյանը կապ ունի մարտի 1-ի ժամանակ 10 զոհերի մահվան հետ։ Չկա այնպսիս փաստ, որ Քոչարյանը անհանգստանա և ասի՝ գիտեք, մի հրապարակեք, դա իմ շահերից չի բխում։ Ամեն ինչ շատ հստակ ու պարզ է։ ՀՔԾ-ի երեկվա հարցազրույցը ու դրանում հնչած հայտարարությունները համարում ենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները արդարացնելու փորձ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ ստորագրել են գլխավորապես Հանրապետական խմբակցության պատգամավորները, կա նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությունը, այն ստորագրել են նաև ՀՅԴ-ից:

  

Հայկ Ալումյան

Ես ևս պատրաստվում եմ օգոստոսի 6-ին Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան:

Ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում՝ ՀՔԾ պետի գնահատականները չպետք է լինեն այդպես միանշանակ։ ՀՔԾ պետը կարող է ասել՝ մենք համարում ենք այսպես կամ այնպես, բայց ինքը չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնցից կհտևի, որ տվյալ մեղադրյալը հաստատ կատարել է այդ հանցագործությունը։ Դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտումն է։

2008 թվականի փետրվարի 23-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված 0038 հրամանից չի բխում, որ բանակը մասնակցել է մարտիմեկյան իրադարձություններին:

Փետրվարի 23-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե մի քանի օր հետո դեպքերն ինչպես կզարգանան ու ինչ հանգուցալուծում կստանա։ Փետրվարի 23-ի հրամանը պետք է գնահատել ոչ թե մարտի 1-ի տեսանկյունից, այլ գնահատել՝ այդ օրվա իրավիճակից ելնելով։ Պատկերացնենք՝ հիմա փետրվարի 23-ն է, և ցուցարարները անընդհատ ցույց են անում, միաժամանակ կան հստակ տվյալներ, որ բանակը ներքաշվում է քաղաքական իրադարձություններին։ Պաշտպանության երկու փոխնախարար, համարյա թե չքողարկվելով, աջակցություն են սկսել հայտնել ցուցարարներին, ինչը արգելված է։ Բայց արդեն պաշտպանության երկու փոխնախարարները համարյա թե անցել են այն կողմ։ Կա ԵԿՄ, որտեղ խմորումներ են գնում, իսկ դա զինված կառույց է՝ փորձառու մարտիկներով համալրված։ Հիմա պատկերացրեք այդ իրավիճակը և դա գնահատեք 2008-ի փետրվարի 23-ի հրամանը:

 Մարտի 1-ի գործով նախաքննություն իրականացնող քննչական խումբը որոշել է, որ կալանքի տակ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն կարող տեսակցել նրա հարազատները։ Ես նամակ եմ ներկայացրել քննիչին՝ խնդրելով այդ արգելքի մասին որոշման օրինակը տրամադրեն պաշտպանական կողմին։մՀենց քննիչը այդ որոշման օրինակը տրամադրեց, անմիջապես բողոքարկելու ենք:

 

Ռուբեն Սահակյան

 ՀՔԾ պետի գնահատականները լսել է նաև այն դատավորը, որը Վերաքննիչ դատարանում պետք է քննի բողոքը։ Մարդը կարող է վախենալ։ Այս տեսակետից հարիր չէր նրա ելույթը։

Ինչո՞ւ ես քննադատում Ռոբերտ Քոչարյանի օրինական գործողությունները, ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել:

Ռոբերտ Քոչարյանը որևէ հայտարարություն մեղադրանք առաջադրելուց հետո չի արել: Հետևաբար հարց է առաջանում պարոն Խաչատրյան ինչի մասին է խոսքը, պարզեցրեք ձեր միտքը, որպեսզի հասարակությունը հասկանա կամ ենթադրություններ չանի կամ ասեք հա ես սխալվել եմ այսինչ հարցում:

Ուզում եմ հիշեցնել, որ Անդրիաս Ղուակսյանի դեպքում էլ նման որոշում կար, որ չէին թույլատրում տեսակցություն ընտանիքի անդամների հետ, որը, սակայն, բեկանվել է։ Ես կուզենայի հասկանալ, թե ինչ նորմով են առաջնորդվում, երբ նման որոշում են կայացնում, քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմով են ղեկավարվում, որ նման որոշում են կայացնում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների երաշխավորություն-ստորագրություններով ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազին:

 

Սարգիս Գրիգորյան

Հատուկ քննչական ծառայության պետը միջամտում է արդարադատությանը։ Հայաստանի օրենսդրության համաձայն, պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը։ ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը անմիջական միջամտություն է արդարադատության պրոցեսին:

 

Արամ Օրբելյան

Մենք մեր ելույթներում, ճառերում, դատավարական փաստաթղթերում, որևէ տեղ չենք գրել, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը բացարձակ է: Բացարձակ անձեռնմխելիություն ունի գործող նախագահը: Պաշտոնաթող նախագահը ունի ֆունկցիոնալ կամ, ինչպես նշված է, իր կարգավիճակից բխող անձեռնմխելիություն: Փորձ է արվում ցույց տալու, որ եթե անձը կատարել է հանցագործություն, հացագործությունը չի բխում իր կարգավիճակից, ուրեմն նա չունի անձեռնմխելիություն: Չի կարող նման բան գոյություն ունենալ, որովհետև անձեռնմխելիությունը կդառնա ուղղակի անիմաստ: Որովհետև եթե անձը հանցագործություն չի կատարել, ապա նրա անձեռնմխելիությունը պայմանավորված է մեկ այլ հոդվածով՝ անմեղության կանխավարկած, ոչ մեկ չի կարող պատասխանատվության ենթարկվել առանց մեղքի, և նման դեպքերում անձեռնմխելիության ինստիտուտի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ եթե նույնիսկ անձը կատարել է որևէ հանցագործություն, բայց այդ հանցագործությունը տեղավորվում է պաշտոնական կարգավիճակի մեջ, գործողությունների մեջ, ապա նա պետք է ազատվի պատասխանատվությունից և նույնիսկ հետապնդումից:

Փորձ է արվում ասել, որ սահմանադրական որոշ հոդվածներ ավելի բարձր են, քան մյուսները, որը որևէ կերպ չի բխում Սահմանադրությունից և դրա մեկնաբանությունից

 

Նախորդ մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ