20  02  2018

Չկա այնպիսի մարդ, որ աշխատի անթերի, այդ թվում՝ ես. Արդարադատության նախարարն ամփոփեց տարին



Մամուլի ասուլիսի էր հրավիրել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելու 2017-ին կատարած աշխատանքները: 

Նախարարի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մեջբերումներ նախարարի խոսքից:

 

Սահմանադրությունից բխող 30 օրենքի նախագիծ ենք մշակել անցած տարի, այդ օրենքներից բխող այլ օրենքներում ևս փոփոխություններ են եղել և հարակից 145 նախագիծ ենք ներկայացրել: Ընդհանուր առմամբ՝ Սահմանադրությամբ պայմանավորված՝ 175 նախագիծ ենք ներկայացրել:

Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստին, անհարիր էր մեր մշակույթին: Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին: Ես դատապարտում եմ ցանկացած տեսակի ոչ բարեկիրթ գործողություն:

Մենք պատասխանատու ենք, որ քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունները լավը չեն, մենք պատասխանատու ենք, որ այնտեղ շենքային պայմանները լավը չեն, բայց դա չի նշանակում, որ որևէ քայլ չենք ձեռնարկում:

Որպես արդարադատության նախկին նախարար կարող եմ ասել, որ դատական համակարգը էականորեն փոխվել է: Նախորդ տարիների դատական ակտերը եթե համեմատենք ներկայիս դատական ակտերի հետ, կա որակի վիթխարի աճ:

Պարոն Օսիկյանը տարիներ շարունակ աշխատել է, բայց ինչպես և ցանկացած մարդ աշխատանքի ընթացքում ունեցել է թերացումներ: Չկա այնպիսի մարդ, որ աշխատի անթերի, այդ թվում և ես: Ես համարում եմ, որ պարոն Օսիկյանը մեծ աշխատանք է կատարել, բայց ժամանակն էր, որ խնդիրներին նայենք ավելի թարմ աչքով: Անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատավայրը:

Եվրոմիությունից մենք ակնկալում ենք 17 միլիոն եվրո աջակցություն առաջիկա տարիների ընթացքում, որոնք ուղղված են լինելու մի շարք ծրագերի իրականացմանը:

Տարեց տարի ՄԻԵԴ-ում ծանրաբեռնվածությունը մեծանում է, իսկ Հայաստանի դեմ վճիռները շատանում են. եթե 2013-ին կայացվել էր ընդամենը 2 վճիռ, ապա 2016-17 թվականներին ունեցել ենք 27 վճիռ:

ՄԻԵԴ-ում տարեց տարի աճող գործերը վկայում են այն մասին, որ Հայաստանի քաղաքացիների իրավագիտակցությունը մեծանում է, փաստաբանության որակները զարգանում են։

Իհարկե եթե արդարադատության որակը ցածր է, սա ևս պատճառ է, որ մարդիկ դիմեն ՄԻԵԴ, բայց ուղղակիորեն դրանից հետևություն անել, որ արդարադատության ոլորտը Հայաստանում կոռումպացված է, կարծում եմ ճիշտ չէ:

Անգամ ամենավառ երևակայության դեպքում դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը այս ձևով սահմանափակում է ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում:

Կոռուպցիան ծաղկում է այնտեղ, որտեղ քաղաքացին տեղեկացված չէ:

Քրեակատարողական հիմնարկներում խնդիրները ավելի շատ են քան լուծումները, այն որ այստեղ պահանջվում ն զգալի ներդրումնր, դա ակնհայտ է:

Խնդրին նայեք փոքր-ինչ պարզ՝ չխաբնվելով բարդ, իրավական խուճուճ ձևակերպումներին, որտեղ ամեն չորրորդ բառը հանցագործ է կամ չգիտեմ... նմանատիպ ածականներ են տրված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ