12  02  2018

Որո՞նք էին ազգային ժողովի ամենակարևոր իրադարձությունները



Փետրվարի 12-ին խորհրդարանում տեղի ունեցան հերթական քառօրյան ամփոփող ճեպազրույցները:

Լրագրողների հարցերին պատասխանեցին ՀՅԴ, ԵԼՔ և ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանը: «Ծառուկյան» խմբակցությունը տևական ժամանակ է, ինչ բոյկոտում է ճեպազրույցները:

Ճեպազրույցներն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մտքեր բանախոսների պատասխաններից:

 

Արմեն Ռուստամյան

Ես չեմ կարծում, որ խորհրդարանական համակարգին անցնելը և վերջին շրջանում կառավարության կառուցվածքային փոփոխություններն արվում են մեկ անձի համար, և Հայաստանը ապրիլից վերածվելու է միապետական երկրի: Անցումը խորհրդարանական կառավարման մոդելին ունի իր դրական կողմերը:

Ռեյտինգային ընտրակարգի մասին հարցը մենք երբեք մեր օրակարգից չենք հանել։ Անկախ նրանից, որ գիտեինք՝ Հանրապետական կուսակցությունը դրան դեմ էր, մենք շարունակում ենք մեր մտահոգություններն արտահայտել այդ ուղղությամբ:

Այս փուլում ձեռնպահ եմ մնում վերլուծություններ անել, թե ինչու է այդ համակարգը  Հանրապետականը պաշտպանում։ Ժամանակի ընթացքում մենք ավելի բացահայտ կխոսենք պատճառների մասին:

Մենք ինքնանպատակ որևէ բան չենք անի, ինչ է՝ թե Դաշնակցությունն իր դեմքը պահի:

Հիմա պետք է Ադրբեջանին բանակցելի դարձնել, այսինքն՝ նրան բերել բանակցային սեղանի շուրջ: Այս ձևով բանակցությունները շարունակել հնարավոր չէ:

 

Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունենում լիազորությունների գերկենտրոնացում վարչապետի շուրջ, ինչը շատ վտանգավոր է Հայաստանի համար:

Արմեն Սարգսյանը տեսնելով Արամ Սարգսյանին՝ գրկախառնվել է, դա բնական է, քանի որ նրանք 20 տարվա անձնական և ընտանեկան շփումներ ունեն: Բայց այդ գրկախառնությունը որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Ես չեմ պատրաստվում բարձրաձայնել, թե ինչ ենք քննարկվել Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: «Ելք» խմբակցությունը Արմեն Սարգսյանի խոսնակը չէ, իր գրասենյակին դիմեք։

Արմեն Սարգսյանը հայտարարություններ է անում, որ ինքը չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում։ Նման հայտարարություն մեզ հետ հանդիպմանն էլ է արվել։ Ինչպիսին կլինի իրականությունը, կապրենք՝ կտեսնենք:

Վստահ չեմ, որ Հանրապետական խմբակցությունը կներկայանա գնաճի թեմայով արտահերթին, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սա, փաստորեն, այս գումարման ԱԺ-ում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է:

Հայաստանի քաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է:

 

Վահրամ Բաղդասարյան

Փաշինյանի մտահոգությունը կարող է փարատվել, Հանրապետական խմբակցությունը կմասնակցի գնաճի թեմայով «Ելքի» արտահերթ նիստին:

Լսումների ժամանակ եղածը պետք է կրկնվի։ Մենք մեր ելույթներով հիմնավորել ենք այսօրվա իրավիճակը, սակայն չենք զլանում ևս մեկ անգամ, հարգելով ընդդիմադիր գործընկներին, մասնակցել նիստին ու ևս մեկ անգամ հիմնավորել:

ՀՀԿ-ականների մոտ կա նման ցանկություն, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ես գիտեմ՝ ում ենք ցանկանում, որ վարչապետ լինի և գիտեմ, թե ում ենք առաջադրելու. կգա ժամանակը՝ կհայտարարենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ