29  01  2018

Ինչպիսի՞ն էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2017 թվականին. ամփոփում



Հունվարի 29-ին մամուլի ասուլիսի էր հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելու 2017-ին կատարված աշխատանքներն ու 2018-ի անելիքները:

Նախարարի մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մտքեր նյախարարի ելույթից և հարցուպատասխանից.

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 7 երկրի հետ: Դիվանագիտական հարաբերությունների ընդհանուր թիվը հասել է 175-ի:

Այսօր մենք պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք Եվրամիության հետ և դրանց հիման վրա նախանշենք անելիքները գալիք տարիների համար: Այսօր մենք  կենտրոնանում ենք այդ կարևոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա: Հայաստանը հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում, որ այն վավերացվի մինչև ապրիլ: Արդեն մեր վավերացումից կարող է ժամանակավոր սկսել համաձայնագրի իրականացումը: Հնարավոր է, որ դա լինի մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից:

ՀՀ-ն անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանվի, ներառյալ՝ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են ՌԴ-ի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերություններից, ավելի մատչելի գնելով սպառազինություն:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը Հայաստանը միշտ կողմ է եղել: Եթե ավելացվեն այդ առաքելության թե քանակը, թե արդյունավետությունը, ապա դա կարող է նպաստավոր լինել լարվածության նվազեցման համար: Դա կարող է նպաստել նաև 1994-95 թվականին ձեռք բերված համաձայնությունների կատարմանը:

Բաքվի հայտարարությունների մեջ պետք չէ փնտրել տրամաբանություն, անգամ եթե նրանք օգտագործում են տրամաբանություն բառը:

Մեկ անգամ արդեն նշել եմ, որ Լապշինի դեպքից հետո ավելանալու է հոսքը դեպի Արցախ, այդ թվում նաև` բլոգերների: Ադրբեջանական պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն, հատկապես, որ այդ ցուցակում եղածները պատիվ են զգացել, որ եղել են Արցախում:

Այսօր եռանախագահները բազմիցս հայտատարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն տարրերի վրա, որոնք ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն`այսինքն որպես փաթեթ: Փորձել առանձնացնել մեկ դրույթը, անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը:

Միջազգային հանրությունը մինչ այս ասում էր, թե գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, այժմ արդեն ասում են, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում: Եթե կողմերից որևէ մեկը պետք է անհանգստացած լինի, որ իր միջազգային վարկանիշը կարող է ընկնել, ապա դա Հայաստանը չէ:

Մոտակա օրերը եռանախագահողները այցելելու են տարածաշրջան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ