22  01  2018

Քաղաքականության մեջ մեկ գիշերում շատ բան է փոխվում. ՀՀԿ



Հունվարի 22-ին խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ 2018թ. Առաջին քառօրյան ամփոփող ճեպազրույցները:

Լրագրողների հարցերին պատասխանեցին ՀՅԴ, ԵԼՔ և ՀՀԿ խմբակցությունները:

Ճեպազրույցներն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մտքեր բանախոսների պատասխաններից:

 

Աղվան Վարդանյան, ՀՅԴ խմբակցության քարտուղար

Չեմ կարող ասել առավելություն է, թե թերություն, որ Սարգսյանը երկար ժամանակ ՀՀ-ում չի եղել, նաև անկուսակցական լինելը, որը հաճախ էր շեշտվում: Չեմ կարծում, որ կուսակցական լինելը կարող էր խանգարել գործունեությանը, տպավորություն չստեղծվի, թե կուսակցական լինելը վատ բան է:

Արմեն Սարգսյանը,իբրև առավելություն, թաղված չի եղել ՀՀ էլիտայի  տարբեր  ինտրիգների մեջ:

ՀՀ-ի պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ են նկատվում:

Բնական  է, երբ մարդը ստանձնում է պատասխանատու պաշտոն՝ համայն հայությունը ներկայացնող, իր կողմից քաղաքակիրթ է ժամանակ խնդրելը, հանդիպելը` խորությամբ տեսնելու առաջիկա անելիքները:

Մենք ունենք գնաճի դեմ պայքար, որն արտահայտվեց «Ելքի» երթով, և տեսաք հասարակության մասնակցությունը, հասարակության աջակցության չափն ու ծավալները:

Չեմ կարծում՝ կանաչ ժիգուլին կամ անպտուղ կենդանի ջորին հրելը կրեատիվ մտածողության արդյունք է, ունենք այն, ինչ ունենք: 

Կառավարության նման արդյունավետ աշխատանք վերջին 10 տարիներին չենք ունեցել:

 

Արարատ Միրզոյան, «Ելք» խմբակցության պատգամավոր

«Ելք» դաշինքը կհանդիպի ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, բայց այդ հանդիպումը մեծ հաշվով «Ելքի» քվեարկության վրա չի անդրադառնա:

Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի հետ կապված ծանր բեռը չի կիսում ու նրա անունը չի կապվում ՀՀԿ-ի անվան շուրջ եղած սկանդալների հետ, բայց Արմեն Սարգսյանը ՀՀԿ առաջադրած թեկնածուն է, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է։

 

Գևորգ Գորգիսյան, «Ելք» խմբակցության քարտուղար

Դաշնակցության կողմից վերջին 125 տարում ոչ մի կրեատիվ բան չենք տեսել:

Մենք սպասում ենք, որ փետրվարի 5-ին շատ ավելի մարդ է լինելու։ Անկախ նրանից՝ թանկացումներ մասին ինչ են ասում վարչապետը կամ այլ քաղաքական անձինք, այդ ամենը մենք զգում ենք մեր մաշկի վրա:

 

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար

Արմեն Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով է թողել վարչապետի պաշտոնը, այլ պատճառ չի եղել:

Մամուլը իզուր է չարչարվում Արմեն Սարգսյանի խոցելի կողմերը գտնելու համար:

Այն չափանիշները, որոնք ունի Արմեն Սարգսյանը, բավականին բարձր են, և նախագահի պաշտոնում նման կենսագրություն ունեցող անձնավորությունը կարող է շատ արդյունավետ աշխատանք տանել:

Մեր հարևան երկրներում գնաճը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում:

Եթե «Ելքը» ցանկանա մեր հետ համագործակցել, ոչ միայն նախագահի թեկնածուի, այլ ցանկացած հարցում, մեր դռները միշտ բաց են:

Քաղաքականության մեջ մեկ գիշերվա մեջ շատ բաներ են փոխվում

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ