15  01  2020

Արցախյան ազատամարտը տեղափոխվել է Երևան, այստեղ խրամատներ են փորում․ Դավիթ Շահնազարյան



Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն է։ Հարցազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև մեջբերում ենք որոշ մտքեր Դավիթ Շահնազարյանի պատասխաններից։

Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ կան շատ լուրջ խոչընդոտներ, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն ավելի դինամիկ են ձևավորվում, քան Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Արդեն արտաքին աշխարհում ենք դառել ոչ միայն քննադատության, այլև ոչ դիվանագիտական գնահատականների առարկա։ Մենք ունենք իշխանություն, որն ամբողջովին տապալել է արտաքին քաղաքականությունը։ Եվրամիության հետ հարաբերությունները զրոյական մակարդակում են, մինչև հիմա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների օրակարգ չկա, Իրանի հետ հարաբերությունները շատ հեռու են բավարար լինելուց։ Ամենավտանգավոր բացթողումը արտաքին քաղաքական մասով է, որն այս իշխանությունը վարում է գրեթե երկու տարի։

Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է լինել միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ղրիմի հարցով կամ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Սրանք ծիծաղելի հայտարարություններ են։ Միջնորդը պետք է առաջին հերթին երաշխավոր լինի այն պայմանավորվածությունների, որ կատարվում են։ Միջնորդը պետք է լինի առաջին հերթին աշխարհաքաղաքական լուրջ ինստիտուտ։ Միջնորդ չի նշանակում հանդիպում կազմակերպել։

Այս իշխանությունն ապրում է մի կեղծ իրականության հետ, որը ոչ մի կապ չունի մեր շուրջ կատարվող գործընթացների հետ։

Մենք ունենք եռացող տարածաշրջան և հասարակությանը պառակտող իշխանություն։ Սա խիստ վտանգավոր է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։

Արտգործնախարարին էլ համարում եմ լրիվ ոչ ադեկվատ իշխանությանը։

Այս որակի իշխանությունն իրեն շրջապատում է իր տիպի մարդկանցով։

Նույնիսկ եթե այդպիսի անձինք կան, որ հասկանում են, չեն համարձակվում ճշմարտությունն ասել։ Իշխանությունն ասում է՝ ինձ կբերեք միայն լավ լուրեր, և դրա համար ամեն ինչից ինքը կտրվում է։ Ըստ էության, իր գործունեությունն հիմա ուղղված է պետականության ամբողջ ինստիտուտների քանդմանը։ Խնդիր է, որը նա լուծում է։

Լավ թե վատ, այս 30 տարիներին ստեղծվել են պետական ինստիտուտներ, որոնք պետության կայացման ու անվտանգության համար են կարևոր։ Մենք տեսնում ենք մեկուկես տարում, որ այդ ինստիտուտները ոչնչացվել են, և նրանց փոխարեն ոչինչ չի ստեղծվել։

Փաշինյանն իր գործողություններով, դրսից ֆինանսավորվող և կառավարվող մեծ քանակությամբ ՀԿ-ներով պատերազմ է հայտարարել նախկին իշխանությանը։ Իր այդ աշխարհայացքով մշտապես բախվելու է պետական ինստիտուտների հետ։

ԱԱԾ-ին հանձնարարում է զբաղվել ՀԴՄ-ներով, Հրայր Թովմասյանի հոր տանիքով, ֆեյք բռնելով։ Ցանկացած ղեկավար պետք է խնդիրը դնի այդ կառույցների հզորացումը։ Սա քանդում է։ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թիրախն է։

Սովորաբար նման վերաբերմունք ցույց են տալիս հատուկ ծառայություններին չափազանց ինքնահավան, թաքցնելու մեծ բան ունեցող իշխանությունները։

Փաշինյանն ըստ էության հիբրիդային պատերազմ է տանում Հայաստանի պետականության դեմ։

Գիտեմ որոշակի վերլուծականներ տարբեր նախարարություններում, լուրջ վերլուծականներ խնդիրների և սպառնալիքների մասին, որոնք քաղաքական ղեկավարությանն ուղղակի չեն հասնում, որովհետև նման պահանջարկ չկա։

Արցախի ազատամարտը հիմա Երևանում է։

Շատ դժվարությամբ Է հնարավոր գտնել երկիր, որի ղեկավարությունն անընդհատ պառակտում է հանրությանը։ Ու հիմնականում ինքը կորցնում է։

Էս իշխանությունը եկԱվ ու դրեց «դԱնոս գրողների» պահանջարկը։ Բայց չկայացավ։

Քոչարյանի խնդիրը Նիկոլ Փաշինյանի մոտ գերկարևոր է, բարդույթի է վերածվել, կլինիկական։

Այս իշխանությունների կոռուպցիան ավելի բազմաշերտ հարց է։

Առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման օրենքով կսկսվի սեփականության վերաբաշխումը։ Ում ունեցվածքը բռնագրավեն, կդիմի Սահմանադրական Դատարան, և դրա համար էլ իրեն պետք է գրպանային Սահմանադրական Դատարան։

Իսկ ո՞ւր է Սաշիկ Սարգսյանի վճարած 18 միլիոնը։

Կան գործարարներ, որոնց ես գիտեմ, որոնցից ուղղակի կանխիկ գումարներ են վերցվել։ Սա իշխանության կողմից իրականացվող ռեկետ է։

Փաշինյանը հայտարարել է, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, ինչո՞ւ ՀՔԾ-ն նրան չի հրավիրել հարցաքննության։ Որովհետև պետական կառույցները քանդված են։ Անվտանգության դեմ նա ուղղակի արշավ է սկսել։

Այսպիսի իշխանությունը կարիք չունի հատուկ ծառայությունների, քանի որ ինքն իր էությամբ հակապետական է։

Հիշո՞ւմ եք, որ տիկին Հակոբյանն անցած տարի շատ դինամիկ կերպով խաղաղասիրական առաքելություն էր փորձում քարոզել։ Հիշեցնեմ մի քանի հայտարարություն՝ որ զենքերից պետք է զարդեր ձուլել, որ հայ զինվորը դա նույն ադրբեջանցի զինվորն է, որը վիրավորանք էր հայ զինվորի հասցեին և ընդհանրապես բանակին։ Մյուս հայտարարությունը, որ բոլոր զոհերը եղել են հանուն ոչնչի։ Ես սկսեցի վերլուծել և եկա այն եզրակացության, որ այսպես կոչված խաղաղասիրական գործառույթները, որի մասին շատ են խոսում, տարբեր նախագծեր եղան, հավանաբար նախատեսվում է նաև տիկին Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի հանդիպում։ Ես եկա նման եզրակացության, հետո իմ միջազգային աղբյուրներում ստուգեցի և նրանք հաստատեցին, որ այո, նման ծրագիր գոյություն ունի։ Նախատեսվում էր։ Նախաձեռնությունը եղել էր Հայաստանի իշխանությունից։ Եվ հետո ես իմացա, որ դա մերժվել է Բաքվի կողմից։ Որովհետև միանգամից տիկին Հակոբյանի նախաձեռնություններն էլ այդ ուղղությամբ դադարեցվեցին։ Չի բացառվում, որ հիմա էլ վարչապետի դստեր հանրային ակտիվությունը փոխել է ձևաչափը և հիմա էլ դստրերի մակարդակով դա արվի։

Նա անընդհատ փորձելու է կեղծ օրակարգերով շեղել մեր հանրությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ