28 01 2022

«Կարճ ասած»․ Լուլուն, Նիկոլն ու քայքայված բանակի տոնը



 

Այսօր առավոտյան շատ տհաճ տեսարան էր Եռաբլուրում։ Նախ այցելել էին Քաղաքացիական պայմանագրի դեպուտատները։ Տեսնեիք հրճվանքը, անգամ տեսախցիկների առաջ բերանները մինչև ականջը բացել էին: Քեֆերի մեջ են մարդիկ, քեֆի տրամադրություն ունեն․ իրենք կուզենայի՞ն էդ տրամադրությամբ գալ Եռաբլուր, չէ, ավելի հաճույքով գուցե կգնային էսօր էլ Պապիկյանի հարսանիքի «աֆթըփարթիին»/խմբ․after party/։ Բայց ձևական եկել են նրանց շիրիմներին, ում կյանքը կիսատ թողեց իրենց թիմ կոչվածը։ Հրճվանքով, պատմության ուսուցիչը ագահաբար ծամոն էր ծամում, դե էն մեկը, որ ասում էր՝ 30 տարի ոչինչ չեն արել, զվարճանալով, ցուցադրական եկան, խոսեցին, հերթական անգամ նախկինների վրա մեղքը բարդեցին, մի քիչ զբոսնեցին, ծանոթացան նրանց հետ, ում իրենց հավաքական թիմը գերեզման է հասցրել, իմացան թե ում չապրած կյանքն են իրենք վայելում ու գնացին։ Պատկերացրեք այն որդեկորույս մայրերին, որոնք տեսնում են էս տեսարանները։ Եկան կառավարության անդամները, շարքով կանգնեցին, սելֆի արեցին։ Տղերքը նրանց էլ ընդունեցին․ տղերքը քեն չեն պահում։ Տարիներ առաջ մեր գյուղում սպանություն էր տեղի ունեցել, շատ դաժան․ հետո սպանողը մինչև դեպքի բացահայտելը մխիթարությունն ինքն էր վերցնում։ Ես այսօր Եռաբլուրում կատարվողը նմանեցրի այդ սպանությանը։

Պաշտպանության նախարարը բանակի օրը, անգամ Եռաբլուրում, ասելիք չուներ։ Էսօր թվում է, թե հատկապես նա պետք է ասելիք ունենար, ելույթներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ։ Չէ, նա եկավ ու թռավ, շտապում էր, վազում էր։ Դե հասկանում ենք, մարդը նոր է ամուսնացել, ոչ աշխատանքային օրով կանչել-բերել են, թե՝ արի, Եռաբլուր պիտի գնաս-նկարվես, որ հարցեր չառաջանան։ Տղերքը նրան էլ ընդունեցին․ տղերքը քեն չեն պահում։ Էդ տղերքն էլ ունեին տուն, ընտանիք, հարզատներ, ովքեր ամուսնացած չէին, մտածում էին այդ մասին․․․

Բանակը տարիներ շարունակ համարում էինք մեր պետության ամենակայացած կառույցը։ Համարելը սխալ չհասկանաք, իրոք ամենից կայացածն էր։ Ի՞նչ արիք մեր բանակի հետ ընդամենը 3 տարում։ Էդ ո՞նց հաջողացրեցիք, էդ ի՞նչ պատրաստություն էիք անցել, էդ ի՞նչ դասընթաց էր, որն անցնելուց հետո տենց փայլուն կատարեցիք մտածածներդ։ Մենք էսօր մեն բանակի մասին, բանակի հաջողությունների մասին խոսում ենք անցյալով և ապագայի հույսով։ Բանակը Արցախի անվտանգության երաշխավորն էր, բանակը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, բնակը տարածաշրջանում խաղաղություն էր պարտադրում։ Եղել է այդպես, մենք տեսել ենք դա։ Հիմա Արցախը Ռուսաստանի խաղաղապահների հույսին է, Հայաստանի սահմանները չեն պաշտպանվում, ով ինչքան ուզում է՝ մեր սահմանից ներս առաջ է գալիս։ Հենց կրակում են, դիմում ենք ՀԱՊԿ-ին, նրանք էլ չեն օգնում։ Հաղթած բանակը դարձրել են խղճահարության ենթակա մի բան։ Հետևողականորեն քանդել են, գեներալներին անվանարկել, են մարտական ոգին թուլացրել են։

Մի հատ նայեք պաշտոնյաների ուղերձները, զզվելներդ կգա՝ պետք է լինի այնպես, պետք է լինի այսպես, ունենալու ենք պրոֆեսիոնալ բանակ։ Լավ իսկ ի՞նչ եք անում դրա համար։ Նիկոլ, կաթկթացող ցեխոտ վրանանման բաներում քնող զինվորից ո՞նց ես պրոֆեսիոնալ բանակ ստանալու։ Դատախազ Արթուր Դավթյանն ասում է՝  «Մեր բանակը վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը»։ Ո՞նց ա նվաճում։ Հատկապես այդ դհոլչին պետք է կյանքի մնացած ողջ հատվածում ոչ մի տող չխոսի բանակի մասին։ Արթուր Դավթյան, դու ու քո դատախազները երեք տարի շարունակ ընկել էիք բանակը ստեղծողների հետևից՝ հակասահմանադրական մեղադրանքով, դուք եք օգնել Նիկոլին լիարժեք քայքայել մեր բանակը ու դեռ խոսում ե՞ք։ Դուք մեղքի մեծ բաժին ունեք բարոյական ու ֆիզիկական անկման մեջ։ Մենք տեսանք, որ այս իշխանության առաջին քայլերից մեկը բանակը քայքայման տանելն էր, ու տարան ու դուք եք դա արել նաև, ձեր հնազանդ ձեռքերով է այդ ամենը արվել։ Պատերազմի ժամանակ ստեղծված բանակը Նիկոլը խաղաղ ժամանակ քայքայեց ու տարավ պատերազմի՝ վերջնականապես սպանելու համար։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ ասաց՝ պետք է բանակը վերացնենք։

Նոյեմբերի 12-ին պայմանագրային զինծառայող է անհետացել, պաշտպանության նախարարությունը լռում է։ Դեռ որևէ հանգամանք չպարզած՝ այդ զինվորի նկատմամբ  անմիջապես գործ են հարուցել դասալքության մեղադրանքով։ Գուցե գերի է ընկել, չգիտեմ, ոչ ոք չգիտի, բայց դասալքության մեղադրանքն արդեն առաջադրել են։ Գիտե՞ք ինչի․ գուցե նրա համար, որ պետբյուջեում փող չկա, որ անչափահաս երեխաներին պահելու բեռը պետությունը վերցնի իր վրա։ Գիտե՞ք պատերազմից հետո քանի տասնյակ զինվորի հարազատ է անձամբ ինձ ահազանգել, որ իրենց վիրավոր որդուն պետությունը չի բուժում, փող չունի, իրենց միջոցներով են բուժվում։ Զինվորներից մեկի ծնողը դժգոհում է, որ 50 հազար դրամ չի ունեցել տան վարձը տալու, դուրս են հանել տնից իրեն ու անչափահաս երեխաներին։ Էն մեկելը բողոքում էր, որ ցամաք հացի փող չունեն։ Սուրեն Պապիկյան, քո զինվորն է, քո պահած բանակի զինվորի ընտանիքն է, հազարավոր դոլարանոց հարսանիքիցդ 12 հազար դրամ չի՞ ավելացել, տաք մի պարկ ալյուր առնեն։

Չէ, թքած, նրանք հասարակ քաղաքացի են, Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» համար մեռնելու մատերիալ։ Ու այս վիճակում խրախճանք են անում։ Երևանը փոքրացրել են Եռաբլուրի հաշվին ու քեֆ են անում։ Ոչ մի ցավ, ոչ մի խղճի խայթ, ոչ մի ափսոսանք։ Մեղավոր են նախկինները, որ իրենց ձևակերպմամբ՝ Ադրբեջանի տարածք էին մտել ու դարձրել Արցախ, մեղավոր են գերիները, որ դավաճանել-հանձնվել են, զոհերն են մեղավոր, որ զոհվեցին հանուն ոչնչի։ Իսկ Նիկոլը ընդամենը մեկ բանում է մեղավոր, որ կանոնները չի պահպանել և կորոնավիրուս է ընկել։ Նիկոլի մոտ էս երեք տարվա մեջ երկու բան է դրական եղել, երկուսն էլ կորոնավիրուսի թեստն է։

Բանակի օրը պաշտոնապես չնշեցին․ մասնակցել են հարսանիքի, վարակվել են կորոնավիրուսով։ Սա պատմության մեջ աննախադեպ բան է, որ բարձրաստիճան զինվորականությունը, երկրի ղեկավարն առիթ ման գան բանակի օրը չնշելու, ամեն կերպ խուսափեն։ Բայց ի՞նչ բանակի օր նշեն, այն բանակի, որ հավասարեցրել են հողի՞ն, այն բանակին, որի զինվորներից գերի կա՞ն ու էսօր էլ գերի են ընկնո՞ւմ,  այն բանակի, որը ունի անհետ կորածներ, որի զինվորները քնում են ծանր պայմաններո՞ւմ։ Այն բանակի օրը նշեն, որը Նիկոլը խոստացել է վերացնե՞լ։ Էն բանակի տոնը, որ ծնողները չե՞ն ուզում զինվոր ուղարկել, որովհետև էլ պատիվ չէ։ Մարդիկ արդեն ուզում են միայն Երևանում ծառայել, որովհետև մնացածը սահման են։  Հո դա ռադիոյի դուռը ջարդելու օրը չէ, որ նշեն։

Ադրբեջանը բանակը վերազինում է, իրենք էլ են կրել հսկայական կորուստներ, լրացնում է, պատրաստվում է, ամեն օր խոսում է նոր սպառնալիքներով, խոսում է Երևան մտնելու մասին, Նիկոլը պատերազմից հետո ի՞նչ է արել։ Մեկուկես տարի անց ցույց են տվել մի հատ վերտալյոտ ու վերջ։ Հիմա ասում են՝ բանակը վերազինում ենք, վերականգնում ենք։ Այս իշխանությունը չի կարող 5 հազար զոհ տալ, 10 հազար վիրավոր ունենալ ու ասել՝ դե լավ, անցանք առաջ, հեսա տեսեք՝ բանակը շտկում է մեջքը։ Էդքան հեշտ չէ․ բանակը կայացնալու համար ծախսվել է 27 տարի, քանդվել է 3 տարում, ու բանակը վերականգնելու համար պետք է վերականգնողը պարտված ու նվաստացած մարդ չլինի, այլ դրա լրիվ հակառակը։ Այս իշխանության դեպքում անհնար է, մարդիկ ասում են՝ թուրքերի հետ ախպեր ենք, ադրբեջանից էլ վտանգ չկա, բանակն ի՞նչ ենք անում։ Ինձ հետաքրքրում է՝ ինչպե՞ս են իրենց զգում մեր գեներալները, մեր ազատամարտիկները, մեր բանակը կերտողները, երբ տեսնում են այսօրվա քայքայումը։

Կարճ ասած՝ կներեք, բայց իմ կարծիքով՝ Հայաստանում բանակի օրն անցավ ոնցոր անցել էին սգո օրերը, որևէ մեկդ հասկացա՞վ, որ այսօր տոն է։ Սրանք գողացան բոլոր տոները, իսկ բանակի օրը նշեցին որպես հիշատակի օր։ Ձեզանից քա՞նիսը տոնական տրամադրություն ուներ, քա՞նիսը հպարտացավ։ Դրա համար էլ բոլորը անցյալի նկարներ էին հրապարակում։

Ժողովուրդ, մենք պետք է մեզ վրա հույս դնենք միայն, մեզ վրա, մեզ պետք է հզորացնել բանակը։ Պատերազմը վերջը չէր, այս պատերազմը նոր վտանգների մասին էր խոսում։ Պետք է պարտության էջը փակվի, պետք է ստանա լիարժեք գնահատական։ Բանակը հպարտությունից խղճահարության հասցնելու պատասխանը պետք է տրվի։ Եվ պետք է հիմք դրվի նոր հաղթական բանակի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ