13 07 2021

«Կարճ ասած»․ ցտեսություն որակյալ կադրերին․ պաշտոնի կանցնեն տգետներն ու ստրկամիտները



 

Մեր ժամանակավոր իշխանությունը կարող էր կադրային հարցերում հաջողել կամ գոնե չձախողել, եթե աշխատանքից ազատեր, օրինակ, ձախողակներին, տապալվածներին, գործից գլուխ չհանողներին։ Դրա փոխարեն, իշխանությունը հանում է աշխատանքից մասնագետներին։ Էնպես չէ, թե դիտմամբ հանում է, որ ձախողի. ոչ, ուղղակի այդ նորմալ մասնագետները, խիստ հասկանալիորեն, ՔՊ-ական չեն։ Նրանց փոխարեն նշանակվում են մարդիկ, որոնք թեև փորձ ու գիտելիք չունեն, բայց ակտիվորեն սատարում են Փաշինյանին։ Էդ որակի իշխանությունը, բնականաբար, տապալվելու էր վաղ թե ուշ։

Որևէ պետական հիմնարկ չի կարող նորմալ աշխատել, կենսագործունեություն ունենալ, երբ այնտեղ միատարր զանգված է, չկա կարծիքների, դիրքորոշումների հակադրում, չկան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Չեմ ասում՝ պետք է ՔՊ-ական կառավարության նախարարը ասենք՝ դաշնակցական լինի, բայց նախարարությունում այո, պետք է լինեն տարբեր քաղաքական ու կուսակցական հայացքներ ունեցող մասնագետներ, տարբեր պաշտոնյաներ, տարբեր դիրքորոշումներով մարդիկ։ Ճնշելով, գործից հանելով, դուք իրավիճակ չեք փոխում, իշխանության ընդդիմադիրները շարունակելու են մնալ, բայց թաքցնել հայացքները։

Չի կարող լինել պետական հիմնարկ, որտեղ բոլորը նիկոլական են, անհնար է։ Անգամ ֆեյքերի ՊՈԱԿ-ում բոլորը նիկոլական չեն։ Ինձ հանդիպած քաղաքացիներից մեկը, որ ուշադիր նայում է հաղորդումներս և ասում, որ իրենց ընտանիքի սրտից եմ խոսում, ասում էր, որ տղան Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ում է աշխատում։

Եթե մենք ապրեինք գոնե մի փոքր արժանապատվություն ունեցող իշխանության պայմաններում, ԱԽ քարտուղարին անմիջապես աշխատանքից կհեռացնեին այն խոսքերի համար, թե «Կադրային ջարդ լինելու է։ Պետական համակարգը պետք է միանշանակ ծառայի հաղթած ուժին»։ Հասկանո՞ւմ եք, 40 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որը նաև ժողովրդավարական արժեքների է դավանում, ասում են, որ մենք պետք է կադրային ջարդ անենք։ Մարդը բացեիբաց ասում է՝ մենք առաջ ենք տանում մեր կուսակցական շահը։ Մեզ պետք է իշխանությանը ծառաներ, հանուն պետության՝ ոչ մի աշխատանք։ Անիմաստ է մեջտեղ բերել սահմանադրությունը, օրենքները՝ քաղաքագետ ԱԽ քարտուղարի անհեթեթությունները ցույց տալու համար։ Իշխանություն են և վերջ, ինչ ուզեն՝ դուրս են տալիս։

Համացանցը, մամուլը ուղղակի պայթում է լուրերից՝ Սերժ Սարգսյանի մասին նյութը հավանելու համար Իջևանի քաղաքապետարանի աշխատակցին ազատել են աշխատանքից։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Մեհրաբի և Մեղրու գնդերի հրամանատարներին՝ ինա օգտին քարոզչություն չիրականացնելու համար: Շիրակի Գեղանիստ համայնքի դպրոցի տնօրենին աշխատանքից հանել են, որովհետև ամուսինը «Հայաստան» դաշինքից է։ Գյումրու 38 դպրոցի տնօրենին գործից հանում են դաշնակցական լինելու համար։

Էս էր պատկերը ընտրություններից առաջ՝ գործից հանենք, որ մյուսների համար դաս լինի։ Ընտրություններից հետո ավելի սարսափելի պատկեր է։ Օձունի համայնքապետին կանչում են մարզպետարան, պարտադրում դիմում գրի։ Չի գրում, ծեծում են, այդ թվում՝ մարզպետը։ Քրեական գործ մարզպետի վրա հարուցված չէ։ Օձունի համյանքապետին ընտրել է ժողովուրդը, իսկ ո՞վ է ընտրել այդ մարզպետին՝ իշխող ուժի ծառային։ Լոռու մարզի Նոր Խաչակապ, Հարթագյուղ, Սարալանջ համայնքի ղեկավարները հրաժարական են տալիս։  

Արագածոտնի մարզպետը կանչում է առողջապահության բաժնի պետին ու ասում է՝ դաշնակցական ես, դիմում գրի։ Հետո կարդում ենք՝ մարզպետի ճնշումների արդյունքում հրաժարական են տվել 4 եզդիական համայնքների ղեկավարները, քանի որ իրենց գյուղերում ՔՊ-ն պարտվել է։ Դդմասար համայնքի ղեկավարին հարցնում են՝ ինչի ես հրաժարական տվել, ասում է՝ «Դիմումը տվել եմ ու պրծել եմ: Ի՞նչ անեմ»: Հոգին ազատել է։

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ԲԿ տնօրենին աշխատանքից ազատում են Ռոբերտ Քոչարյանին սատարելու համար։

Դատախազություն ունենք, քննչական մարմիններ ունենք։ Գուցե հարցականով պետք է ասել՝ դատախազություն ունե՞նք, քննչական մարմիններ ունե՞նք։ Կարծես թե չունենք։ ՍԴ են գնացել լեզուներն են տլտլացնում, թե՝ Նիկոլը որ ասում էր մուրճով ջախջախելու եմ, դա սիրո նշան է․ Լոռու մարզպետը ծեծում է համայնքապետին, կա տուժող, մեղադրյալ չկա։ Ոստիկանները Եղեգնաձորում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին այնքան է ծեծում, մինչև աչքը դուրս գա։ ՀՔԾ-ն անգամ գործ չի հարուցել։

Լոռու, Գեղարքունիքի մարզպետներն ասում են՝ պարտություն կրած ուժերին սատարած համայնքապետերը պետք է հրաժարական տան։ Տո լավ է՞, իսկ խայտառակ կապիտուլյացիա ստորագրա՞ծնե՞րն ինչ պետք է անեն՝ 300 հազա ձայն կեղծեն ու վերընտրվե՞ն։

Գեներալ Խաչատուրովը Հայրենիքի պաշտպանն է, ծառայում է հայրենիքին և չի ընդունում իշխանությանը։ Հիմա նրան եթե հանում ես կորպուսի հրամանատարի պաշտոնից, դա պետք է լինի միայն մեկ նպատակով՝ ավելի առաջ տանես։ Կա՞ մեկը, որը գեներալ Խաչատուրովի մասնագիտական որակների մասին վատ բան կարող է ասել։ Ոչ։ Հիմա եթե դու քո լավ գեներալին, այն էլ՝ այս խառը ժամանակ, հանում ես գործից, ՊՆ-ն լցնում ես միջակություններով, որովհետև քաղաքագետ ԱԽ քարտուղարդ ասել է, որ պետք է իշխանությանը ծառայեն, ուրեմն դու պարզ հիմար ես։

Փաշինյանն ուզում է բոլորը ծառայեն իրեն, ցավոք՝ մենք տեսնում ենք, որ նա դեռևս հաջողում է իր ծրագրում․ ով հանգիստ հրաժարական է տալիս, գնում է, ով ոչ՝ քրեական գործերով կալանավորում են։ Էսօր մի հանձնվիր, վաղը մի հանձնվիր, մեկ երկու երեք տարի պայքարի, բայց քիչերն են, չէ՞, որ մինչև վերջ մնում են։ Սա է իրականությունը։ Մարդը խայտառակ կեղծիքներով ընտրվել է ու հիմա պատժում է, մարդկանց, որ իրեն ձայն չեն տվել և ստիպված է եղել խայտառակ կեղծիքների գնալ։

Ու իսկական հերոսներ են նրանք, որ մինչև վերջ չեն հանձնվում։ Հերոս են Սյունիքի համայնքապետերը, որոնք դիմադրում են, էն համայնքապետերը, որ ասել են՝ թքած ունենք քո տված 72 ժամվա վրա։

Ունես թույլ տնտեսություն, ծանր վիճակում ես ու զարգացման մասին մտածելու փոխարեռն մտածում ես կադրային ջարդի մասին, ուժերը մեկտեղելու փոխարեն, լավագույն կադրերին հավաքելու փոխարեն մտածում ես հեռացնելու ու ծառաներով լցնելու մասին։ Միանշանակ է, չէ՞ որ չի կարող այս թիմով պետությունը հաջողել։

Կարճ ասած՝ եթե կադրային ջարդերով որակյալ կադրերին հանում եք, ուրեմն պատրաստվեք, որ վաղը շարունակեն իշխել տգետները, ստրուկները։ Պոլի փետի սկզբունքը, որով այս իշխանությունը պաշտոններ է բաժանում, ո՛չ նրան, ո՛չ պետությանը մեկ կոպեկի օգուտ չի տալու։

Իսկ ձեզ՝ իշխանություններիդ, հետաքրքո՞ւմ է, թե ինչու, օրինակ, որակյալ դիվանագետները, որակյալ տնտեսագետները, ռազմական գործիչները, մշակութային գործիչները և բոլոր-բոլոր ոլորտների որակյալ կադրերը, պարզապես որակյալ, հայրենասեր քաղաքացին ձեր հրաժարականն են պահանջում, ձեզ «սյունյաց ողջույն» են ուղարկում և  սատարում են Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին։ Այս հարցի պատասխանն ինձ համար միանշանակ է, ու շատ կուզենամ, որ մի քիչ ուղեղներիդ զոռ տալով՝ դուք էլ գուշակեք։ Այդպես գուցե խելքի գաք։

 

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ