«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացրել է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին. մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերում» բյուջետային ծրագրի գնահատում: Ուսումնասիրության հեղինակները հանգել են եզրակացության, որ ծրագրերի ձևակերպումը, ինչպես նաև իրականացման արդյունավետությունը բարձրացման կարիք ունի:

Համաձայն հետազոտությամբ ստացված արդյունքների՝ սուբսիդավորված գները ԳՏ-ների համար շարունակում են մնալ բարձր, առկա չեն բավարար մեխանիզմներ ծրագրերում ԳՏ-ների առավելագույն ընդգրկման համար, ոլորտում ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ, որը սահմանափակում է պարարտանյութերի ներմուծման և ներքին արտադրությամբ փոխարինման հնարավորությունները:

Մատակարարների ընտրության գործընթացի բարելավման, ծրագրի իրականացման թափանցիկության բարձրացման և այլընտրանքային հնարավորությունների ծախսային արդյունավետությունների քննարկման խնդիր կա:

Այս և այլ բազմաթից գնահատականներ կան զեկույցում, որոնց հիմնվելով՝ գյուղատնտեսության նախարարությունը կարող է ծրագիրը կատարելագործել՝ վերացնելով թերությունները:

2016 թվականին աջակցության այս ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 3.1 մլրդ դրամ, որը կազմում է գյուղատնտեսության բյուջեի 23.1 տոկոսը կամ պետական բյուջեի 0.2 տոկոսը: Սա գյուղնախարարության ամենամեծ ծրագիրն է: Եվ ուրեմն, ինչպե՞ս է գործում այն:

Yerevan.Today-ը սկսում է նոր նախագիծ, որի հիմնական նպատակը հիշյալ զեկույցում առկա խնդիրների քննարկումն է և հանրությանն իրազեկումը:

Խնդրին կանդրադառնանք հետազոտության հեղինակների, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի, գյուղացիների հետ զրույցների, ինֆոգրաֆիկաների և այլ նյութերի ներկայացմամբ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի տարեբերջին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնժողովը հրապարակեց ուսումնասիրության արդյունքները,  որով պարարտանյութի ոլորտը համարեց խնդրահարույց և պետբյուջեի համար վնասաբեր. Միջոցները նորմալ չեն ծախսվում:



  0   0


Orphus համակարգ