13  10  2016

Հայաստանում շուրջ 370 մլն դոլարի ներդրում կարվի



Նյու Յորքում կազմակերպված «Հայաստան 2016» ներդրումային համաժողովի շրջանակներում «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը հայտարարել է Հայաստանում կատարելիք խոշոր ներդրման մասին:

Նախորդ 10 տարիների ընթացքում «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը 85 մլն դոլար է ներդրել հանքարդյունաբերական ծրագրի գնահատման ու հետազոտության համար:

«Հիմա էլ պատրաստվում ենք կատարել գուցե անկախությունից հետո Հայաստանում ամենամեծ ներդրումը` շուրջ 370 մլն դոլար, որը կծախսվի հավանաբար առաջիկա 18 ամիսների ընթացքում: Կարծում եմ, որ Հայաստանը, ինչպես այս համաժողովը փորձում է ցույց տալ, դարպաս է աշխարհի մեկ ամբողջական հատվածի նկատմամբ»,- նշել է Սթիվենսոնը:

Լիդիան Արմենիան հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է, որը գործում է 2005 թվականին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:

Լիդիան Արմենիան երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում, 2006թ.-ից սկսած: 2014թ.-ին ՀՀ կառավարությունը տվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: 2015թ.-ին Լիդիանը հրապարակեց Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը հրապարակվեց 2016թ.-ին: 2016թ. ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունը ընթացքում է:

Լիդիան Արմենիան պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համաձայն և IFC և ՎԶԵԲ կատարողական չափանիշների և պահանջների շրջանակներում:

Նշենք, որ բնապահպանները բազմիցս ահազանգեր են հնչեցնում Ամուլսարի ծրագրի շուրջ՝ նշելով, որ այն սպառնում է բնապահպանությանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ