12  10  2016

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները՝ ըստ Վաչե Գաբրիելյանի

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները՝ ըստ Վաչե Գաբրիելյանի

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

ՀՀ փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանն առանձնանում է բիզնես միջավայրի ազատականացման աստիճանով և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով մեր երկիրը 189 պետությունների շարքում 35-րդ տեղն է զբաղեցնում, իսկ բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդն է:

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին ու դրա առանձնահատկություններին, կառավարման համակարգին, ինչպես նաև տեղեկություններ է փոխանցել երկիր մուտքի անցագրերի, հասանելի տրանսպորտի, հաղորդակցային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ։

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե «Ինչո՞ւ Հայաստան»` Վաչե Գաբրիելյանը մատնանշել է մի քանի պատճառներ Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար: Հատուկ շեշտադրվել են այն օգուտներն ու հնարավորությունները, որոնք հնարավոր են դարձել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության, Եվրամիության GSP+ և ԱՄՆ-ի հետ GSP առևտրային ռեժիմի առկայության, Վրաստանի և Իրանի հետ համագործակցության արդյունքում։

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար բարեփոխվում են հարկային և մաքսային ոլորտները: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքը արտոնություններ է սահմանում ներդրողների ու գործարարների համար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ