01 04 2020

Լուրջ մարտահրավեր՝ Հայաստանի համար․ սպասվում է գազի գնաճ․ Սուրեն Պարսյան

Լուրջ մարտահրավեր՝ Հայաստանի համար․ սպասվում է գազի գնաճ․ Սուրեն Պարսյան

31․01․2020 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչը կանխատեսելի էր, քանի որ գործող իշխանությունները ցույցերի և նախընտրական հանդիպումների ժամանակ խոստանում էին վերանայել բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, սակայն վերջին երկու տարիների ընթացքում որևէ արդյունավետ քայլ չեն իրականացրել այս ուղղությամբ։ Ավելին՝ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը։ Հիշեցնեմ, որ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։ Քաղաքական նպատակահարմությունից ելնելով՝ իշխանությունները զուտ ժամանակ շահեցին՝ ի վնաս գազամատակարարման համակարգի անվտանգության և կայունության։

 «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի համաձայն՝ 2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է վերանայել սակագները, մասնավորապես՝

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կաճի 36 տոկոսով կամ 35.9 ՀՀ դրամով,
Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,
Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,
Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ բնակիչների համար բնական գազի սակագինը 1 խմի հաշվով նվազում է 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով,
Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 18 տոկոսով կամ 41.04 ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ միակ լավ և ապագա գնաճը թաքցնող նորությունն այն է, որ հուլիսի 1-ից բնակիչները բնական գազի 1 խմ հաշվով վճարելու են 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով ավելի քիչ։ Հիշեցնեմ, որ նախորդ՝ կոալիցիոն իշխանության օրոք՝ 2017 թվականի հունվարի 1-ից նպաստառու ընտանիքներին 1 խմ բնական գազը մատակարարվում էր 100 ՀՀ դրամով, մինչդեռ գործող իշխանությունները այդ արտոնությունը վերացնելու են։

Հուսով եմ՝ այս կառավարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար կավելացնի նպաստները կամ կսուբսիդավորի նրանց համար բնական գազի սակագինը։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի և ԵԱՏՄ անդամ երկրների համեմատ մեր էներգակիրների գները առանց այն էլ բարձր են, ինչի արդյունքում՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելը ավելի ծախսատար է։ Եվ ահա, այս կառավարության «մեծ ջանքերի», իրականում՝ անարդյունավետ կառավարման արդյունքում՝ հայաստանյան կազմակերպությունների համար բնական գազի սակագինը նվազագույնը ավելանալու է 18 տոկոսով։ Միանշանակ է, որ կազմակերպությունների համար այս բարձրացումը հանգեցնելու է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների գների աճի և արտահանման շուկաներում մրցունակության նվազման։ Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բնակչության մեծ մասը չի կարողանում անգամ լուծել սննդի հարցը, սպառնում է նոր գնաճ։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար, որի հետևանքների և լուծման քայլերի մասին բազմիցս անդրադարձել եմ իմ վերլուծություններում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ