26  03  2020

Հայաստանը 10․5 մլն եվրո վարկ է վերցնում

Հայաստանը 10․5 մլն եվրո վարկ է վերցնում

Կառավարության՝ մարտի 26-ի նիստում հաստատվեց վարկային համաձայնագիր, որով Հայաստանը մտնում է վարկային նոր բեռի տակ։

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրվել է «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» (այսուհետ` Ծրագիր) վարկային համաձայնագիրը՝ 10 626 263 մլն եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը:

ՄԱԶԾ գրասենյակի պատվիրատվությամբ` Եվրամիության ֆինանսավորմամբ, և «Աջակցություն Հայաստանի միգրացիայի և սահմանային կառավարմանը» ծրագրի աջակցությամբ իրականացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի hարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման և վերակառուցման նախագծման աշխատանքները:

Նախագծման աշխատանքներն իրականացվել են «Եվրոկոնսալտ» և «Սթեմ» ընկերությունների կոնսորցիումի կողմից:

Մանրամասն նախագծման աշխատանքներն ավարտվել են, իրականացվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություններ:

Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Մաքսակետի տարածքում լինելու են.

  • մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման մասնաշենքեր,

  • անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան,

  • մաքսային ձևակերպումների և բրոքերային մասնաշենքեր,

  • բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենք և մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:

Մուտքի և ելքի ուղղությամբ յուրաքանչյուրում նախատեսված է 5 հոսքագիծ և 2 հատ կշեռք:

Կայանատեղերի ընդհանուր մակերեսը կազմում է 40 000 քմ, երթևեկելի ընդհանուր ճանապարհների մակերեսը կազմում է 26 000 քմ:

Մաքսակետը հագեցված է լինելու՝

  • լաբորատոր սարքավորումներով և պարագաներով,

  • ռենտգենաճառագայթային սարքավորումներով՝ մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար,

  • մարդկանց սկանավորման համար ռենտգենաճառագայթային սարքավորումով,

  • UHF ռադիոկայաններով,

  • տվյալների մշակման կենտրոնով,

  • փաստաթղթեր ընթերցող սարքերով,

  • փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով,

  • մաքսակետի ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սաքավորումներով,

  • բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն:

   Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի արդիականացման անհրաժեշտությունը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով:

      Ըստ վիճակագրական տվյալների`

  • 2017թվականի հունիս-հուլիս ամիսներին Մեղրի մաքսային կետով սահմանահատած բեռնատարների թիվը կազմել է մոտ 2000, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում` մոտ 4150,

  • մարդատար ավտոմեքենաների թիվը 2017թվականի հունիս-հուլիս ամիսներին կազմել է 10850, իսկ 2019 թվականի նշված ամիսներին` 18075,

  • 2017թվականի հունիս-հուլիս ամիսներին ուղևորների հոսքը կազմել է 55500, իսկ 2019 թվականին` 124000:

     Արդիականացումը նպաստելու է նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և այդ միջանցքով տարանցիկ փոխադրումների ավելացմանը տարածաշրջանում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ