10  03  2020

«Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին

«Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին

«Ամերիա» ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է` ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով:

Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8%-ը գերփոքր է, 5.1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը` միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

Ընդհանուր առմամբ 2018թ.-ի համեմատ, 2019թ.-ին փոքր և միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրվել: Ըստ ոլորտների, էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով: Նույն ժամանակահատվածում առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում:

Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարևորագույն խնդիրը, առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ համագործակցությանը բանկերի հետ: Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն օգտվել է որևէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս` ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և այլն:

«Ամերիա» ՓԲ ընկերության կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012թ.) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում և այլն, և համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ` ոչ նյութական ակտիվները, կամ շենք-շինությունները:

Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը, «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը` հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարևորվում հեռահար բանկինգի առկայությունը:

Նշենք, որ «Ամերիա» ՓԲԸ կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013թ.-ին: Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրապարակումներ և տեղեկատվություն) այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ