27  02  2020

Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի, սակայն դա չի վերաբերում մեքենաներին

Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի, սակայն դա չի վերաբերում մեքենաներին

Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում որոշեց հավանություն տալ «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրման առաջարկությանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սրանով փոփոխություն են կատարում միանալու պայմանագրին, որը ենթադրում էր 2015-ից մինչեւ 2020 թվականը 900 անուն ապրանքների գծով մաքսային արտոնությանը:

2019-ի դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն ձեռք բերեց ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարացնելու մեկ տարով՝ մինչեւ 2020 թվականի վերջը»,-ասաց նա:

Համաձայն փոփոխության՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Մաքսատուրքի բարձրաձումը կհետաձգվի թվով 647 անուն ապրանքների համար: Մհեր Գրիգորյանը նշեց, որ բացի ավտոմեքենաներից, մնացա ծգրեթե բոլոր ապրանքների վրա այս հետաձգումը տարածվում է:

«Առնվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս է գոյանում, այսինքն այդքան պակաս մաքսատուրք կվճարեն: Այդ ապրանքներից են միս, կարագ, թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, քարեր, դեղորայք, եւ այլն»,-ասաց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կարող են հետին թվով այս փոփոխությունը ուժի մեջ դնել 2020-ի հունվարի 1-ից, սակայն դրա հետ կապված կարիք կա քննարկումների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, որ սա առնվազն 30 մլն դոլարի խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար. «Բայց արձանագրենք, որ այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում: Նախկինում 900 ապրանք էր, հիմա 647 անուն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ