26 11 2019

Պարզ է չէ՞, որ աճ չունենք. Արթուր Խաչատրյանը՝ տնտեսական ակտիվության մասին

Պարզ է չէ՞, որ աճ չունենք. Արթուր Խաչատրյանը՝ տնտեսական ակտիվության մասին

Тնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառմանը, որի համաձայն հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%ով:

«Հրապարակվեց այս տարվա ինը ամիսների ՀՆԱ-ի աճը (նախնական տվյալները): Նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճը կազմել է 7.89%, որից 4.99% վերագրվում է առևտրին ու ծառայություններին: Պարզ է չէ՞, որ աճ չունենք, որ «աճն» ապահովվել է մանր առևտուրը ստվերից հանելու շնորհիվ: Սա այս տարի, բա հետո՞»:

Արթուր Խաչատրյանին Թունյանը հակադարձել է` հիշատակելով 4.99%-ի մեջ ՏՏ ոլորտի  չափը: Խաչատրյանն ընդգծել է, որ ՏՏ-ն մեր ՀՆԱ-ի մոտ 2%-ն է և եթե անգամ աճի տեմպը բարձր լինի` բավականին համեստ ներդրում կստացվի. «Երկուսս էլ հասկանում ենք, որ այդ ճյուղը, գոնե այսօր, չի կարող մրցել առևտրի հետ»:

Բաբկեն Թունյանը, ընդունելով, որ ՏՏ-ն 2% է, հաշվել է, որ դա արդեն 0.5 տոկոսային կետի նպաստում է: «Բացի դրանից, ծառայությունների մեջ այլ տեսակներ էլ կան, որոնք էլի վատ չեն աճում։ Բան չունեմ ասելու, աճի կառուցվածքը բարելավելու տեղ կա, բայց ասել, թե աճ չկա ու դա ընդամենը առևտուրը ստվերից դուրս բերելու արդյունք է, կարծում եմ էդքան էլ ճիշտ չի»,-հայտարարել է նա:

Արթուր Խաչատրյանը պարզ հաշվարկ է կատարել. «4.99-0.5=4.49: 7.9-ից 4.49-ն առևտուրն է: Եղբայր, դա եղա՞վ հեղափոխական աճ»:

Բաբկեն Թունյանը հիշեցրել է ֆինանսական ծառայությունները. հանրային սնունդ, կրթություն, անշարժ գույք, հյուրանոցային օբյեկտներ։

«Բաբկեն Թունյան, դուք տնտեսական հեղափոխության մասին եք խոսում: Կառավարության ծրագրում, առաջիկա հինգ տարվա համար պլանավորում եք 5 տոկոս աճ, մյուս տարվա համար՝ 4.9 տոկոս աճ: Միջնաժմկետ զարգացման տեսլական չունեք. դեռ ուժի մեջ է 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ծրագիրը: Էլ ի՞նչ ասեմ: Ամենակարևորը՝ չի փոխվել տնտեսության կառուցվածքը, չի ավելացել տնտեսական դիմակայությունը գալիք ճգնաժամի նկատմամբ: Էլ ի՞նչ հեղափոխություն: Միակ հեղափոխությունը հդմ կտրոններն են: Բայց այդ դասն էլ ենք անցել: Հիշու՞մ ես Տիգրան Սարգսյանի հդմ որսը: Այն ժամանակ էլ էին գալիս ու հդմ չտվող խանութները պլոմբում: Դու հիմա ինձ հյուրանոցային օբյեկտներ ես ասում: Լավ, ընդունեցի: 4.99-ից մի քանի բազիսային կետ էլ դրանց խաթր հանիր ու տես տակն ինչ է մնում»,-պատասխանել է Արթուր Խաչատրյանը՝ հավելելով․

«1. Եթե ճանապարհիդ երկարությունը 1000 մղոն է, մեկ է առաջին քայլից ես սկսում: Եթե այդ առաջին քայլը ցույց տաս, կլռեմ: Յոխ, եղբայր, յոխ: Ճանապարհ ասֆալտապատելով տնտեսական աճ չի լինի: Պետական լուրջ ինտերվենցիա է պետք: Տեսեք հարավ արևելյան Ասիայի երկրներն ինչպես զարգացան: Ախր Լի Կվան Յուն միայն կոռուպցիայի դեմ չէր պայքարում: Մարդը գծեց երկրի տնտեսական զարգացման ուղին, ու մարդկանց տարավ այդ ուղիով: Չասաց՝ դուք ազատ եք, տնտեսական հեղափոխություն արեք:

2. Բյուջեն թող մի կողմ, վերցրու կառավարության հաստատված ծրագիրը: Ես ինքս ինձանից ոչինչ ոչ ավելացնում եմ, ոչ պակասացնում: 5 տոկոս եք ֆիքսել: Հիմա ինչ, ես էլ ասե՞մ հատուկ ցածր նշաձող եք ֆիքսել, որ գերակատարե՞ք: Ձեր գրած թվերն են:

3. Հուսամ կլինեն ու դրանց շուրջ նորմալ հանրային դիսկուրս կլինի: Ոչ թե կասեք՝ մենք ենք մեծամասնությունը: Հիշու՞մ ես, սա վերջին պնդումն էր, որ կառավարության ներկայացուցիչն արեց: «Մենք ենք պատասխանատու կառավարության ծրագրի իրականացման համար: Սա ենք ճիշտ համարում»: Ու վերջ:

4. 2016 թվին աճն եղել է 0.2 տոկոս: Այդ թվականի վրա սևեռվել ճիշտ չէ: 2017-ին եղել է 7.5 տոկոս: 2015-ին՝ 3-3.5 տոկոս: Բայց ես ասե՞լ եմ, որ այն ժամանակ լավ էր: Ես հիման ու այն ժամանակը չեմ համեմատում: Դուք եք համեմատում էն հին ու բարի Սովետական անեկդոտի նման»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ