22 11 2019

Կառավարությունը ձախողել է բյուջեի կատարումը․ Փաստինֆո

Կառավարությունը ձախողել է բյուջեի կատարումը․ Փաստինֆո

Pastinfo-ն գրում է․ «Կառավարությունը փող ունի, բայց չի կարողանում ժամանակին կատարել պետական բյուջեով նախատեսված ծախսերը։ Դրանք շարունակում են թերակատարվել։ 

Ֆինանսների նախարարության տվյալներով, տարեսկզբի ինը ամիսներին, բյուջեի եկամուտների պլանը գերակատարվել է 0,2 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում ծախսերը թերակատարվել են 17,5 տոկոսով։

Նախատեսված է եղել ինը ամսում ստանալ շուրջ 1 տրիլիոն 146 մլրդ դրամի բյուջետային եկամուտ։ Սակայն ստացվել է 1 տրիլիոն 148 միլիարդ։ Բյուջեի եկամուտների առաջին ինը ամիսների պլանը գերակատարվել է 2 մլրդ դրամով։

Նույն ժամանակահատվածում պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1,276 մլրդ դրամի ծախս, կատարվել է 1,053 միլիարդը։ Չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ։

Խոսքը շուրջ 468 մլն դոլարի մասին է, ինչը փոքր գումար չէ Հայաստանի տնտեսության չափանիշներով։ Ժամանակին ներդրվելու դեպքում դրանք կարող էին ունենալ ոչ պակաս կարևոր տնտեսական, ինչու չէ, նաև սոցիալական նշանակություն։ Բայց, երբ կառավարությունը չի կարողանում կատարել այդ ծախսերը, տնտեսությունը ոչինչ չի ստանում։ Դեռ մի բան էլ տուժում է, քանզի դրանք գումարներ են, որոնք դուրս են բերվել տնտեսությունից` մեծացնելով շրջանառու միջոցների պահանջարկը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ