18 09 2019

Ինչքա՞ն կթանկանան ներկրվող մեքենաները տարեսկզբից․ Yerkir.am



Yerkir.am-ը գրում է․ «Ֆիզիկական անձինք ո՛չ ԵԱՏՄ անդամ երկրից անձնական օգտագործման ավտոմեքենա ներմուծելիս մյուս տարեսկզբից կվճարեն միասնական դրույքաչափերով գանձվող մաքսային վճարներ: Yerkir.am-ի հետ հարցազրույցում ՊԵԿ ՄՀՎ սակագնային կարգավորման հսկողության բաժնի պետի պաշտոնակատար Գարիկ Մինասյանը բացատրեց, որ դա մաքսատուրքի հարկերի հանրագումարն է՝ առանց այդ հարկերը տրոհելու. չի առանձնացվում՝ քանի տոկոսն է մաքսատուրքը, քանի տոկոսը՝ ԱԱՀ-ն: Բացի այդ՝ ներօրենսդրական կարգավորմամբ գանձվելու է բնապահպանական հարկ՝ պայմանավորված մեքենայի արտադրության տարեթվով:

Մեկ օրինակով բացատրելով՝ ՊԵԿ պաշտոնյան առանձնացրեց, ասենք, մի ավտոմեքենա, որի տարեթիվը չի գերազանցում 3 տարին, և արժեքը չի գերազանցում 8500 եվրոն: «Ենթադրենք՝ մեր մեքենայի ձեռք բերման գինը կազմում է 7000 եվրո, հաշվում ենք 54 տոկոսը, ստացվում է 3 780 եվրո, բայց ոչ պակաս 1 խորանարդ սմ շարժիչի համար՝ 2,5 եվրո: Ասենք՝ մեր մեքենայի աշխատանքային շարժիչը 2500 խորանարդ է, հաշվարկն այսպես է կատարվում՝ 2 500 բազմապատկած 2,5 եվրո՝ լինում է 5000 եվրո: 5000 եվրոն ավելի բարձր է, քան մեր հաշվարկած 54 տոկոսը՝ 3 780 եվրոն: Այդ դեպքում հիմք է ընդունվում  5000 եվրո դրույքաչափը՝ 5000 եվրոյով է հաշվարկը կատարվելու»,- պարզաբանեց նա:

Ֆիզիկական անձանց համար տրանսպորտային միջոց ներմուծելիս ավտոմեքենայի տեղափոխման և ապահովագրության ծախսերը չեն ներառվում արժեքի մեջ:

Ստացվում է, որ եթե մեքենայի ինքնարժեքը 7000 եվրո է, ԱՄՆ-ից ներմուծել է՝ 1500 դոլար և 5000 եվրոյի չափով միասնական մաքսային դրույքաչափ է վճարելու, վերջնական գինը լինելու է 13 300 եվրոյի չափ:

ԵԱՏՄ-ից ներկրված մեքենաների դեպքում բնապահպանական հարկ գանձվում է՝ կախված ավտոմեքենայի արտադրման տարեթվից. որքան հին է, այնքան բնապահպանական հարկը բարձր է:

Գարիկ Մինասյանը համեմատության համար հաշվեց նաև ԵԱՏՄ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն հանդիսացող երկիր ավտոմեքենա ներմուծելու գները. եթե պայմանականորեն 7 000 եվրո ընդունենք, և տարեթիվը լինի 5 տարուց ավելի, բայց 10 տարուց պակաս, այդ դեպքում բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանված է 2 տոկոս: Կստացվի 7 140 եվրո ինքնարժեքը՝ գումարած տեղափոխման ծախսերը:

Այսինքն՝ առաջին դեպքում՝ 13 300, երկրորդ դեպքում՝ 7 140:

ՊԵԿ պաշտոնյան ներկրողների ուշադրությունն է հրավիրում, որ, հնարավորության դեպքում, ձևակերպում իրականացնող մաքսային մարմին ներկայանան մինչև նոր տարվա սկսվելը, հակառակ դեպքում՝ մաքսային վճարները կգանձվեն նոր՝ թանկ գնով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ