21  08  2019

«RyanAir»-ը մտադիր է մուտք գործել հայկական ավիաշուկա

«RyanAir»-ը մտադիր է մուտք գործել հայկական ավիաշուկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը կարևորում է ՀՀ ավիացիոն շուկայում այս բնագավառը ներկայացնող առաջատար ընկերությունների ներգրավումը, և «RyanAir»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը լավ առիթ է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

«RyanAir»-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը նշել է, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայում քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունը, կառավարության պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին: Կառավարության ղեկավարն առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը՝ փոխշահավետ համագործակցության կոնկրետ տարբերակի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ