26 07 2019

Միջազգային կառույցների ամառային փնթփնթոցը. 168.am

Միջազգային կառույցների ամառային փնթփնթոցը. 168.am

168.am-ը գրում է.

«Արժույթի միջազգային հիմնադրամը կրկին անտեսեց մեզ։ Ավելի ճիշտ՝ մեր տնտեսությունը՝ իր աճի տեմպերով։ Տեսեք, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Չէինք հասցրել ուրախանալ մեր ԿԲ կանխատեսումներով։ Ավելի ճիշտ՝ դրանց փոփոխությունով։ ԿԲ-ն, որ երկու-երեք ամիս առաջ մեր տնտեսության համարյա 6 տոկոսանոց աճ էր կանխատեսում, հանկարծ ավելի լավատես դարձավ։

Աճի կանխատեսումն այս շաբաթից, կարծեմ, 7․6 տոկոս է։ Այս ամենը կատարվում է՝ ի հակառակ համաշխարհային տնտեսության։ Տարվա սկզբից ԱՄՀ-ն ամիս առ ամիս հոռետես է դառնում՝ ենթադրելով, որ համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է։ Տարվա սկզբին կանխատեսվում էր 3,5 տոկոսանոց աճ։ Գարնանը թիվը նվազեցվեց՝ 3․3 տոկոս։ Իսկ այս շաբաթ հայտարարվեց, որ տարեկան աճի սպասումը դառնում է 3․2 տոկոս։ Եթե հիշողությունս չի դավաճանում, մեր բոլոր կառավարությունները վստահ են եղել, որ համաշխարհային տնտեսական բացասական գործոնները ոչ մի կապ չունեն մեր տնտեսության հետ։

Միտումը շարունակվում է: Բայց եթե մենք աճում ենք, այն էլ՝ այդքան բարձր տեմպով, ապա ի՞նչ պատճառով է կրճատվում համաշխարհային տնտեսությունը։ Հատկապես, որ աճում է ամերիկյան, Եվրամիության երկրների (սակայն կկրճատվի եվրոգոտու ամենամեծ՝ գերմանական տնտեսությունը), նույնիսկ Ճապոնիայի տնտեսությունը։

Ընդ որում՝ աճում է նախկին կանխատեսումներից առաջանցիկ տեմպով (Բայց սրանց աճի տեմպը մերի հետ համատեղելի չէ։ Նրանց աճը 0․1-0․3 տոկոս է։ Ընդամենը։) Փաստորեն, մեր ենթադրյալ 7․4 տոկոս աճին հակառակվելով՝ կրճատվում է համաշխարհային երկրորդ (որոշ փորձագետների կարծիքով՝ անցած տարվանից՝ առաջին)՝ չինական տնտեսությունը։

Ճիշտ է, նվազումն ընդամենը ենթադրվում է նույն՝ 0․1 տոկոսի չափով։ Բայց դա, պարզվում է՝ բավարար է համաշխարհային տենդենցների համար։ Մեր արևմտամետներին կարող է ուրախացնել այն փաստը, որ ԱՄՀ-ն ենթադրում է, որ Ռուսաստանի տնտեսության աճը կդանդաղի 0․4 տոկոսով։

Հակասություն կարելի է համարել այն, որ զուգահեռաբար խոսվում է նավթի գների աճի մասին՝ մեկ բարելը 5- 5․5 դոլարի չափով։ Բայց արևմտամետներից ամենահեղափոխականներին, հարկավ, կվշտացնի այն, որ միջազգային մեկ այլ ֆինանսական կառույց՝ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, տխուր փաստեր է ենթադրում Ուկրաինայի համար։

Նախկինում կանխատեսված 3 տոկոսանոց աճը վերահաշվարկվել է՝ դառնալով 2.5։ Պատճառ-փաստարկումները թունդ հակահեղափոխական են՝ պատճառն այն «քաղաքական անորոշությունն է, որ առաջացել  նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում»։

Ավելին, որպես երկրորդ լուրջ փաստարկ՝ նշվում է ավանդական արտաքին տնտեսական գործընկերների հետ առևտրային կապերի կրճատումը։ Ոչ այսքան մանրամասն բացատրությամբ՝ նույն կարծիքին է ԱՄՀ-ն։ Այս կառույցը լրացուցիչ հաշվարկել է նաև, որ այս տարի կրճատվելու են նաև համաշխարհային առևտրի նախկինում ենթադրված ծավալները։ Ինչը, իհարկե, տնտեսական աճի տեմպերի անկման հետևանք է։

«Լավ, բայց ինչո՞ւ է համաշխարհային տնտեսությունն իր տնտեսական գործընթացներով այսքան հակառակ մերին» հարցը մի քանի բացատրություն-պատասխան ունի։ Առաջինն ԱՄՆ-Չինաստան տնտեսական ու առևտրային տարաձայնություններն են, որ մեր հետ կապ չունի։ Երկրորդը հանրահայտ «Բրեքսիտն» է, որ մեծբրիտանական քաղաքական վերջին գործընթացներով ավելի ու ավելի է հստակեցվում՝ իր հոկտեմբերյան վերջնաժամկետով։ Այս մեկ պատճառն էլ ոչ մեր, ոչ մեր տնտեսության հետ կապ չունի։ Երրորդ պատճառն աշխարհագրորեն անհամեմատ ավելի մոտիկ է։ Խոսքը Պարսկական ծոցի ճգնաժամի մասին է։

Հնարավոր է, որ այս երրորդ պատճառն ինչ-որ կապ ունի մեր տնտեսության հետ։ Բայց միևնույն է՝ բոլոր երեք պատճառներն էլ ձևավորելով համաշխարհային տնտեսության նեգատիվ գործընթաց՝ համապատասխանաբար ազդելու են մեր տնտեսական կյանքի վրա։ Կարելի է փնթփնթալ՝ ասելով՝ «Հայի բախտ է»։ Մի քանի տարի առաջ նախկին վարչապետներից մեկը խիստ վշտացած խորհուրդ էր տալիս չնկատել համաշխարհային տենդենցները, որպեսզի այն չազդի մեր տնտեսության վրա։

Տնտեսություն, որի աճի ապահովման համար իր կառավարությունը վիթխարի աշխատանք էր կատարել։ Իր կարծիքով, իհարկե։ Փաստորեն միջազգային տնտեսական կյանքին ինտեգրված լինելն իր բացասական կողմերն էլ ունի։

Հ.Գ․ ԱՄՀ հուլիսյան «տխուր» կանխատեսումների փաստն ամենաշատը բելառուսական մամուլին է «ոգևորել»։ Այդ երկրի տնտեսական կյանքին անդրադարձ չկա։ Գուցե մե՞նք էլ մխիթարվենք դրանով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ