24 07 2019

ՓՄՁ մեծ ներկայությունը

ՓՄՁ մեծ ներկայությունը

Politeconmy.org-ը գրում է.

Նախկին ու գործող իշխանությունները միշտ ընդգծել (ու ընդգծում  են) փոքր ու միջին գործարարության նկատմամբ իրենց առանձնահատուկ վերաբերմունքը։ Այդ ջերմ հրապարակային ելույթների պատճառը նույնիսկ տնտեսագետների համար հասկանալի չէ։ Գոնե մի մասի։

Հայրենական մեթոդաբանությամբ՝ տնտեսության գործարար ոլորտը բաժանվում է երեք խոշոր խմբի՝ փոքր, միջին և խոշոր։ Առաջին՝ մանր խումբն իր հերթին երկու ենթախումբ ունի՝ գերփոքր և պարզապես փոքր։ Գերփոքր շարքին դասվում են այն տնտեսվարողները, որոնք վարձու աշխատուժ չունեն (ենթադրվում է, որ նրանք կարող են ներգրավել 9 ոչ վարձու աշխատակից)։  Իսկ մինչև 10-49 վարձու աշխատող ունեցող կազմակերպությունները համարվում են փոքր։ Միջին են այն տնտեսվարողները, որոնց վարձու աշխատակիցների քանակը 50-249 է։

Հասկանալի է, որ 250-ից ավելի աշխատակցի պարագայում ձեռնարկությունն արդեն համարվում է մեծ։ Փոքր ու միջին ձեռնարկությունների արտադրած ապրանքների (մատուցած ծառայությունների) համար ավելացած արժեքի և ակցիզային հարկ չի հաշվարկվում։ Մեր երկրում 2018թ. սկզբին տնտեսական գործունեություն էր իրականացնում 59 հազար 575 տնտեսվարող (52 տոկոսը գործում է Երևանում)։ Այս թվի 93․9 տոկոսը գերփոքր տնտեսվարողներն են, 5,1 տոկոսը՝ փոքրը, 0․9 տոկոսը՝ միջինը, և 0․2 տոկոսը՝ խոշորը (բոլոր խմբերի տեղաբաշխվածությունը մայրաքաղաքում համարյա նույն չափով է՝ կեսից ավելին։ Միայն խոշոր տնտեսվարողների պարագայում է համամասնությունը խախտվում. խոշորների 71․3 տոկոսը գործում է Երևանում)։

Համախառն ավելացված արժեքի (որը կազմում  է ՀՆԱ 41 տոկոսը) 42․8 տոկոսն ապահովում են գերփոքր ու փոքր տնտեսվարողները, 17․1 տոկոսը՝ միջինը, 40․1 տոկոսը՝ մեծը։ Նշենք, որ որքան մեծ է տնտեսվարող կազմակերպությունը, այնքան ավելի բարձր աշխատավարձ է վճարում։ Երկրում աշխատանք ունեցող մոտ մեկ մլն մարդուց 254 հազարի գործատուները տնտեսվարողներն են։ Գերփոքրերն աշխատատեղ են մոտ 61 հազար մարդու համար, փոքրերը՝ 57 259, միջինը՝ մոտ 50 հազար, իսկ մեծերը՝ մոտ 86 հազար։

Փաստորեն, ՓՄՁ-ներն աշխատանք են ապահովում մոտ 170 հազար մարդու։ ՓՄՁ-ների այս լուրջ ներկայությունն է իշխանությունների դիֆերամբների պատճառն առ այս ոլորտ։

2018թ. տվյալները դեռ ամփոփված չեն, բայց փորձագետների մի մասի կարծիքով անցած տարին մանր գործարարների համար ոգևորության շրջան էր։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ 2018-ին ՓՄՁ սովորականից շատ է գրանցվել։ Վերջին տարիների վիճակագրության համաձայն՝ տարեկան գրանցվում էր 7․5-7․7 հազար ՓՄՁ։ Սակայն յուրաքանչյուր տարի իր գործունեությունն է դադարեցնում մոտ 6․5-7․2 հազար ՓՄՁ։

ՓՄՁ-ների կայուն գործունեությունը երկրի տնտեսության առողջության ցուցանիշ է։ Ուստի նրանց գործունեության  վիճակագրության նկատմամբ առանձնահատուկ ուշադիր են միջազգային ֆինանսական կառույցները, արտասահմանցի հնարավոր ներդրողները։ Հատկապես կարևոր են ՓՄՁ գործունեության առաջին տարիները։ Պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ գրանցման առաջին տարում մեր երկրում գործունեությունը դադարեցնում է վեց հազարից ավելի ՓՄՁ։ Մոտ 5 հազարը գործունեությունը դադարեցնում է երկրորդ տարվա ընթացքում։

Գործունեության երրորդ տարում «փակվում է» 4 հազար ՓՄՁ։ ՓՄՁ-ների գործունեության (գրանցվել-փակվելու) ըստ մարզերի ներկայացվող տեղեկատվությունը որոշակիորեն ներկայացնում է մարզի տնտեսական նկարագիրը: Հիմա բոլորն են քննարկում Իջևանի ու Գյումրիի դեպքերը։ Այդ քաղաքների (ու մարզերի) տնտեսական  վիճակի մասին բավական է արձանագրել հետևյալը։ Շիրակի մարզում ապրում է երկրի բնակչության 8 տոկոսը, մինչդեռ մարզում գրանցված է ՓՄՁ-ների 4․8 տոկոսը։ Տավուշի մարզում ապրում է բնակչության 4․1 տոկոսը, գրանցված է ՓՄՁ-ների 3․8 տոկոսը։ ՓՄՁ-ների նման անհամամասնական բաշխման պատճառ կարելի է համարել դրանց գործունեության ոլորտները։

Բնականաբար, ամենամեծ քանակով ՓՄՁ-ներ գործում են մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտում։ Երկրորդ ոլորտը մշակող արդյունաբերությունն է։ Հետևաբար, Շիրակի, Տավուշի ու Լոռու մարզերի սոցիալական վիճակի նկարագրության լրացուցիչ կարիք չկա։ Այս մարզերում են «կենտրոնացած» գործազրկությունը և աղքատությունը։ Հնարավոր բոլոր դրսևորումներով ու հետևանքներով։Ի վերջո, տնտեսական վիճակագրությունը վարվում է, որպեսզի օգնի մշակել ու թիրախավորել այն երևույթը, որին «Տնտեսական քաղաքականություն» խրոխտ անունով են դիմում։

Արա Գալոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ