19 07 2019

Կառավարությունը չգիտի անելիքը էներգետիկայի ոլորտում․ Հրանտ Բագրատյան

Կառավարությունը չգիտի անելիքը էներգետիկայի ոլորտում․ Հրանտ Բագրատյան

Կառավարությունը չգիտի անելիքը էներգետիկայի ոլորտում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ թվարկել 10 կետ՝ այդ հաստատելու համար։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորև․

«Էլեկտրաէներգետիկ "բլեքաուտի" և անելիքների մասին

Սրանից մոտ 1 շաբաթ առաջ ՀՀ էլ-էներգետիկ համակարգը նստեց։ Իշխանական ներկայացուցիչներն ասում են, որ "բլեքաուտ" էր։ Նկատի ուենալով այն, որ դա ցերեկային իրադարձություն էր, ես այն կանվանեմ "բլոքաուտ"։ ՀՀ-ում հոսանք չկար։ Նման բան առաջին անգամ եմ հիշում։ Եղել են 1-2 դեպք ևս, երբ համակարգն անջատվել է կարճ ժամանաւով, բայց կանխամտածված։ Փոխվարչապետն ասաց, որ մի քանի ժամից կմիանա, իսկ արդեն երեկոյան Փաշինյանը շնորհակալություն հայտնեց, որ ամեն ինչ վերականգնվեց...

Շնորհակալություն հայտնեց... Փոխանակ քրեական գործ հարուցելու։ Բլոքաուտի հե՞տ եք խաղ անում։ Բա որ ատոմակայանը աշխատելուց լիներ։ Բա որ Ադրբեջանն ավելի կազմակերպված լիներ։ Բա որ...

Ըստ իս, Կառավարությունը չգիտի անելիքը էներգետիկայի ոլորտում։

1. Անհասկանալի է էնեգետիկան, տրանսպորտը, ավիացիան, տեղական ինքնակառավարման հարցերը, ջուրը, անտառը, բնական մյուս ռեսուրսները, բնության և շրջական միջավայրի հարցերը և այլն մեկ նախարարությունում համատեղելն ու այդ ամենը կրությամբ պատմաբանի տնօրինությանը հանձնելը։

2. Այդքանից հետո ի՞նչու այդ մարդուն փոխվարչապետի կարգավիճակ չեք տվել։

3. Կառավարությունը չունի գիտելիքներ 90-ական թվականների սկզբներին ծագած էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ։ Այն ժամանակ 1991-1992թթ ճգնաժամը 1993-1994 թթ հաղթահարվեց հետևյալ 2 հիմնական միջոցառումների շնորհիվ. (ա) էլեկտրաէներգիայի գեներացնող (էլեկտրակայններ), տեղափոխող (բարձրավոլտ) և իրացնող (ցանցեր) ձեռնարկություննների տարանջատում (Հայէներգոյի վերացում) ու ատոմակայանի վերագործարկում։ Այդ 3 տեխնոլոգիական ու կազմակերպատնտեսական գործառույթների առանձնացումը պարտադիր է էներգետիկ համակարգի հետագա բարեփոխման ու զարգացման համար։ Ներկայումս այն խախտվում է։ Միտում կա հանձինս առանձին սուբյեկտների վերստեղծել մի կառույց, որն այդ 3 գործառույթներն էլ իրականացնում է։ Մասնավորապես, անընդունելի է էլ-էներգիայի արտադրության, փոխանցման և վաճառքի համատեղումը 1 մարդու մոտ։

4. Կառավարությունը չունի էլ-էներգետիկայի զարգացման ծրագիր։ Մեր վերլուծությամբ 2034թ էլ-էներգիայի պահանջը կկազմի 9.5 մլրդ կվտ, իսկ ՀՆԱ-ն կկազմի 32 մլրդ դոլար (2019-ի գներով)։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե միավոր ՀՆԱ-ի էլ-էներգատարությունը 0.52 կվտ-ից իջնի 0.29 կվտ-ի։ 9.5-ից ավել էլ-էներգիա արտադրելու ոչ հնարավորություն կա, ոչ էլ իմաստ։

5. 9.5 մլրդ արտադրության կառուցվածքն է. 37% արև և քամի (կպահանջվի առնվազն 1800-2000 մվտ հզորություն), 23% ատոմակայան (նոր), 20% ՀԷԿ-եր (կպահանջվի սոսկ մինչև 100 մվտ նոր հզորություն) և 20% ՋԷԿ-եր (Հրազդան 5, Երևանի ՋԷԿ-ի ճապոնական մասը, նոր Ռենկոյի Երևանի ՋԷԿ-ը, շահագործումից լիովին դուրս կբերվեն Հրազդանի ՊՇԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի հին ագրեգատները)։

6. Տարեկան մեզ պետք է 120 մվտ քամու և արևի նոր հզորություն։ Այսօր գործարկվում է 25 անգամ պակաս։ Անհասկանալի են փոխվարչապետի ու ՀՀ Նախագահի հայտարարություններն առ այն, որ տեսեք արաբ ներդրողներ ենք բերել։ Ի՞նչ ներդրող։ Ի վերջո, այդ մարդկանց կամ ֆինանսական երաշխիք պիտի տաք կամ էլ սակագին։ Այս պարագայում հայտարարեք այդ սակագինը ի հեճուկս նախորդ կառավարության։ Դրանից հետո (օրինակ, 10 եվրոցենտ սակագնի դեպքում) տարբերությունը կարող եք փոխհատուցել փարիզյան պայմանագրով։ Արաբները ո՞ր օրվա արևային էներգետիկներն են։ Նրանք Jinko-ն են, Trina-ն, Panasonic-ը, Abisolar-ը, թ՞ե Viessmann-ը։ Սակագին հայտարարեք և թող բոլորը գան։ Ու սեպարատ բանակցություններ մի վարեք։

7. Նոր ատոմակայանը պետք է լինի 1000 մվտ-ից ավել։ Համակարգի ճկունության և կորուստները նվազեցնելու համար նպատակահարմար է, օրինակ, 2 հատ 600 մվտ-ց բլոկ, որոնցից մեկը պետք է գործարկել 2028-2029թթ, իսկ մյուսը 2037-2038թթ։ Պետք չէ նշել, թե որոշել եք այն ունենալ։ Այդ որոշումը կայացած է դեռևս 1996-ին, երբ ՀՀ և Ֆրանսիայի միջև արձանագրություն ստորագրվեց։ Որոշել եք ռուսակ՞ան։ Վատ չէ։ Կարող եք նաև նկատի ունենալ չինական տարբերակը։ Չինական ռեակտորները փոքր են և ճկուն շահագործման իմաստով։ Այս պարագայում ֆինանսավորման խնդիրն է հեշտ է լուծվելու։ Իհարկե, պետք է համաձայնեցնել վառելիքի մատակարարումը ՌԴ հետ։

8. Ստեղծեք էլ-էներգիայի շուկա։ Հերիք է սակագին հաստատենք։ Ամեն օր կամ շաբաթ կամ ամիս արտադրողները հայտարարում են թե ի՞նչ գնով և ի՞նչ քանակությամբ են պատրաստ հոսանք մատակարարել, իսկ գնորդներն էլ հայտարարում են, թե ի՞նչ գնով և ի՞նչքան են պատրաստ գնել։ Այսօր, օրինակ, Չիլիում հոսանքն արդեն 2 ամիս է ձրի է, իսկ Ուկրաինայում, այդ շուկան ստեղծվել է ու գործում է հուլիսի 1-ից, քամու և արևի էլ-էներգետիկ հզորությունների գործարկման տեմպերն անցել են բոլոր ռեկորդները։

9. Պետք է թույլտվություն տալ ներդրողներին գործող ցանցերին զուգահեռ նոր ցանցեր ստեղծելու։ Հեռախոսի պես է. այսօր օգտվում եմ այս ցանցի մատակարարումներից, վաղը մյուսի։

10. Վերըը նշվածը չանելու պարագայում անխուսափելի են էլ-էներգիայի մատակարարման հաճախակի խափանումները (դա արդեն այսօր կա) և 90-ականների սկզբների իրավիճակին վերադառնալը։

Ու հիշեք։ Ցանկացած տնտեսական բարեփոխում պահանջում է ռեսուրսների ապակենտրոնացում և ժողովրդավարություն։ Ռեսուրսների կենտրոնացումը, հակառակը, միշտ տանում է կոմունիզմի կամ էլ ֆաշիզմի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ