10  07  2019

Գործ ունենք անարդյունավետ կառավարման հետ. տնտեսագետը՝ էներգետիկ վթարի մասին

Գործ ունենք անարդյունավետ կառավարման հետ. տնտեսագետը՝ էներգետիկ վթարի մասին

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էներգահամակարգի՝ հանրապետությունում տեղի ունեցած վթարին։

«Այսօր հանրապետության զգալի հատվածում գրանցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով ներկայումս երկրի տնտեսությունը և մեր ազգաբնակչությունը լարվածություն և անհարմարավետություն են զգում. կրում են զգալի բարոյական և նյութական վնասներ: Անշուշտ, այս իրավիճակում, ոմանք փորձում են գտնել դավադրություններ, կանխամտածված քայլեր, ոմանք հիշում են 90-ականները, սակայն ըստ էություն՝ գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ: Երևան ՋԷԿ-ը պետական ընկերությունն է, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկի միակ սեփականատերը Գազպրոմ Արմենիա ընկերությունն է: Երևան ՋԷԿ-ը լրիվ նոր կառուցված կայան է, որը վերջին տարիների ընթացքում ճապոնական վարկային միջոցների հաշվին արդիականացվել է, արտադրում է ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկը իր դրվածքային հզորություններից ավելի քիչ ծավալով է գործում և հիմնական ծանրաբեռնվում է ատոմակայանի պլանային դադարների ժամանակ: Հատկանշական է, որ վաղուց կապիտալ ներդրումներ չեն իրականացվել Հրազդանի 5-րդ էներգոբլոկում:

Եթե վթարը տեղի է ունեցել կայաններից մեկում, ապա այն կարող է ազդել նաև մյուս կայանի վրա, քանի որ գերծանրաբեռնվածություն կգրանցվի ցանցում, դրան կնպաստեր նաև բարոյապես և ֆիզիկապես մաշված բարձրավոլտ էլեկտրացանցերը, որի արդիականացման ծրագրերը նոր իշխանությունների կողմից հետաձգվեցին անորոշ ժամկետով: Պարզ է նաև, որ բաշխիչ ցանցերը, որոնք մատակարարում են էլեկտրաէներգիա սպառողներին, ներկայումս անխափան գործում են: 

Այսպիսով՝ մեր էլեկտրաէներգետիկ համակարգը բավականին հին է, մեծածավալ կապիտալ ներդրումների անհրաժեշտություն կա, այս ամենին գումարվում է առանձին լիազոր մարմնի բացակայությունը, ինչպես նաև լիազորությունների ոչ հստակ և անարդյունավետ բաշխվածությունը ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ