05 07 2019

Աշխատանքից զրկված 220 ալավերդցիներից 50-ը կաշխատեն Թեղուտում․ պատգամավոր

Աշխատանքից զրկված 220 ալավերդցիներից 50-ը կաշխատեն Թեղուտում․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի՝ աշխատանքից զրկված աշխատակիցների խնդրին։ Նա գրում է․

« -Րոպեներ առաջ հեռախոսազրույց ունեցա Նորայր Պետրոսյանի հետ։ Պայմանավորվել ենք առաջին փուլով 50 աշխատակցի Թեղուտ ՓԲԸ-ում աշխատանքի անցնելու մասով։ Աշխատակիցներին ընտրելու է ընկերության կադրերի բաժինը։ Ես, ինչպես հանքի վերագործարկման պահից սկսած, ոչ ոքի համար չեմ միջնորդելու։ Սա կխնդրեմ հաշվի առնել։ Այս թվի հնարավոր մեծացման ու վերոգրյալ 50 քաղաքացիների աշխատանքի անցնելու հարցը գործնական փուլ կմտնի, երբ Պետրոսյանն առաջիկա օրերին կլինի Հայաստանում, եւ կհանդիպեմ նրան։ Գործազուրկ դարձած քաղաքացիների ցանկն անձամբ կփոխանցեմ նրան։

 - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ ևս րոպեներ առաջ խոսեցի։ Հիշեցնեմ՝ ավելի քան 10 բանկում ու վարկային կազմակերպությունում 152 վարկառու աշխատակցի 346 վարկերի ռեստրուկտուրիզացիայի (սառեցում, տոկոսի նվազեցում, ժամկետի երկարաձգում կամ այլ տարբերակ) մասով տվյալները նրան փոխանցել եմ 1 ամիս առաջ։ Ջավադյանն ասաց, որ բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ ՀՀ ԿԲ-ն կապ է հաստատել։ Ավելի ստույգ տեղեկություններ այս մասով կունենամ երկուշաբթի օրը, երբ պրն Ջավադյանը կլինի Հայաստանում։ Պայմանավորվել ենք նաեւ առաջնահերթություն տալ գործազուրկ մնացած քաղաքացիներին, որպեսզի առաջիկա օրերին նրանք բանկերից զանգ ստանան։

- Խոսել եմ նաեւ փոխվարչապետ Ավինյանի հետ։ Առաջիկայում կհանդիպենք՝ քննարկելու ձուլարանի ապագայի հարցը։

Կփորձեմ հնարավորինս շուտ լինել Ալավերդիում։ Պինդ եղեք»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ