04 07 2019

Նոր տարին Ջրային կոմիտեն կդիմավորի զրոյական պարտքերով

Նոր տարին Ջրային կոմիտեն կդիմավորի զրոյական պարտքերով

Ջրային կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է: Համակարգ, որտեղ տարիներ շարունակական պարտքեր են կուտակվել և վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից»,- ասաց Պապիկյանը: Նրա խոսքով՝ ջրօգտագործողների ընկերության՝ դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիա» բանկից վերցված վարկի տեսքով:

«Տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել, ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։ Այս տարին էլ բացառություն չի եղել, և մեր կողմից տրամադրված 7 մլրդ 435 մլն դրամն ուղղվել է նախորդ տարվա գոյացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին սկսել զրոյական մեկնարկային կետից»,-ընդգծեց Պապիկյանը՝ հավելելով, որ սա 1-2 տարվա խնդիր չէ:

Նախարարը նշեց՝ կառավարությունը գոնե վերջին տարիների համար նախադեպ չունեցող քայլ է կատարում. «Այս պահին 4,87 մլրդ դրամի պարտավորությունները մարելու և զրոյացնելու համար առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին: Սա կբերի նրան, որ աշնանը համակարգը կմտնի նոր տարի զրոյական պարտքով, ինչը հնարավորություն է տալու համակարգի առողջացմանը»:

Սուրեն Պապիկյանը կոչ արեց քաղաքացիներին պարտաճանաչ վճարել ջրի դիմաց ու հետևողական լինեն, որ գումարները հասնեն իրենց նպատակին։ Նա հավելեց, որ հիմա քննարկվում է այն տարբերակը, որ բոլոր վճարումները լինեն անկանխիկ տարբերակով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է արձանագրել, որ կա համակարգային խնդիր, երբ համակարգում պարտքն անընդհատ աճել է. «Ու ամենակարևոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները»:

Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ ջրօգտագործողների հետ կապված քրեական գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ