08 06 2019

ՊԵԿ-ը զգուշացնում է՝ Բագրատաշենում դժվարություններ են սպավում

ՊԵԿ-ը զգուշացնում է՝ Բագրատաշենում դժվարություններ են սպավում

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ժամանակաշրջանում Բագրատաշենի անցման կետի փոխարեն հնարավորինս օգտվել Բավրայի և Գոգավանի անցումային կետերից:

Խցանումները բացառելու նպատակով նշված ժամանակաշրջանում Բագրատաշենի անցման կետով Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն Բագրատաշենի մաքսային կետից դուրս գտնվող մաքսային հսկողության մոտակա գոտի, որտեղ էլ այդ ավտոբուսներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրականացվեն համապատասխան մաքսային գործառնությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ