25  05  2019

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի չափերը կվերանայվեն. Բաբկեն Թունյան

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի չափերը կվերանայվեն. Բաբկեն Թունյան

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։

Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն):

Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։

Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ավելի քիչ։

Պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։

Մնացած մանրամասները կներկայացնենք ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկման ժամանակ։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ տնտեսական հանձնաժողովի և մյուս հանձնաժողովների անդամ բոլոր պատգամավորներին շահագրգիռ և արդյունավետ քննարկում ծավալելու համար։ Ինչպես նաև՝ կառավարության և ԿԲ ներկայացուցիչներին՝ կառուցողական դիրքորոշման համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ