04 05 2019

Ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին՝ ըստ վարչապետի

Ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին՝ ըստ վարչապետի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց, որ ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարի եւ ղեկավարության հետ:

Նա նշեց, որ թավշյա հեղափոխությունից առաջ «ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին» հարցի փիլիսոփայական պատասխանը հայտնի էր. «ՀՀ քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չի կարող անել կամ եթե նույնիսկ կարող է անել, շատ սահմանափակ, այն էլ որոշակի թույլտվությամբ, հովանավորությամբ:

Այդ համակարգում ովքեր էին, որ կարող էին անել ինչ-որ բան, դրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա կիսաստվածներ, որոնք կարող էին որոշել մարդկային ճակատագրեր, որոնք կարող էին որոշել ամեն ինչ, անել ամեն ինչ, որոնք սահմանափակված չէին ոչնչով: Նրանք, այո, ըստ էության, կիսաստվածային կարգավիճակ ունեին ՀՀ-ում:

Հեղափոխությունից հետո փոխվել է այդ հարցի պատասխանը, թե ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին. ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, նրա ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ, պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների մասին, այն գործողությունների մասին, որոնք օգտվում են սեփական ազատություններից, բայց նաեւ հարգում են ուրիշների ազատությունը: Այս փիլիսոփայությունը Հայաստանը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավար երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:»,-նշեց վարչապետը՝  հավելելով, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ իրենց խանգարում են. «Դա այն է, որ մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին: Մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումները, «դաբրո»-ների կարիք եւ տնտեսական որեւէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 տոկոսից ավելին ուզում է իր գործողություններն անձամբ համաձայնեցնել երկրի ղեկավարի եւ ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք, որովհետեւ մեր աշխատանքն է բոլոր մարդկանց քաջալերել, լսել, բայց ժամանակը չի բավականացնում դրա համար: Սա է մեզ խանգարող իրենցիան»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև ասաց՝ Կառավարության հիմնական խնդիրն է այնպես անել, որ որեւէ մեկը ներդրում անելու համար չունենա կառավարության կարիքը: 

«Հայաստանում կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ իրենց ամենօրյա կյանքում հնարավորիս քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու, նրացից բան հարցնելու, թույլտվություն ստանալու կարիքը: Կառավարության թիվ մեկ խնդիրը, ոչ թե մարդկանց կառավարելն է, այլ մարդկանց չխանգարել է»,-նշեց Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ