20 02 2019

Խախտումներ՝ պետական գնումների ոլորտում

Խախտումներ՝ պետական գնումների ոլորտում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում: Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.

« Հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ. Էլեկտրոնային աճուրդները կարգավորող իրավական ակտերում առկա օրենսդրական բացերը սահմանափակում են մրցակցությունը Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացված բողոքի հիման վրա։

Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են նախարարության կողմից 2018 թվականի նոյեմբերին իրականացված 2 էլեկտրոնային աճուրդները, որոնցով նախատեսվել է ձեռք բերել շուրջ 369 մլն․ դրամի սննդամթերք։

Գործող կարգի համաձայն, աճուրդի մասնակիցները պետք է ներկայացնեն գնային առաջարկներ, ապա տեղի ունենա սակարկություն: Աճուրդում հաղթում է իր գնային առաջարկն ամենաշատը նվազեցրած եւ դրա արդյունքում ամենացարծր գին ներկայացրած ընկերությունը։

Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ աճուրդների մի շարք չափաբաժիններում հաղթող ճանաչված ընկերությունը հետագայում հրաժարվել է պայմանագիր կնքելուց՝ պատճառաբանելով, որ իր կողմից սխալմամբ է գնային առաջարկ ներկայացվել: Արդյունքում, մատակարարման պայմանագիր է կնքվել հաջորդ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ, ինչի արդյունքում աճուրդներն ընթացել են ոչ մրցակցային պայմաններում՝ առանց սակարկման գործընթացի։ Օրենսդրությամբ նման դեպքերի կարգավորումներ նախատեսված չեն, ինչի հետեւանքով պետական մարմինները զրկվում են ապրանքներն ավելի ցածր գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Խնդրի հետ կապված՝ Հանձնաժողովը Ֆինանսների նախարարությանը առաջարկել է էլեկտրոնային աճուրդի միջոցով իրականացվող գնումները կարգավորող իրավական ակտերում իրականացնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան վերը նկարագրված դեպքերում աճուրդներն իրականացնել մրցակցային պայմաններում եւ կբացառեն գների սակարկման գործընթացի խոչընդոտները։

Որոշ պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով Նախորդ տարի մի շարք գերատեսչությունների կարիքների համար մեկ անձից գնում կատարելու եղանակով վարձակալվել են տարածքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 153 միլիոն դրամ: Հանձնաժողովը համարում է, որ տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով, ինչը կարող էր նաեւ իր բացասական ազդեցությունն ունենալ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության վրա։

Պետական մարմինների կողմից տպագրական ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով 2018 թվականին մի շարք պետական մարմինների կողմից ձեռք են բերվել գրքերի եւ ուսումնաօժանդակ նյութերի տպագրության ծառայություններ, որոնց շրջանակներում կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 1,5 միլիարդ դրամ։

Այս գնման ընթացակարգերի շրջանակներում տպարանները պատվիրատուների կողմից ընտրվել են ոչ մրցակցային եղանակով՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին վերանայել վերոնշյալ պրակտիկան եւ մեկ անձից գնում կատարելու փոխարեն գործընթացը կազմակերպել մրցակցային եղանակով:

Կառավարության 2017 թվականի որոշման արդյունքում սահմանափակվել է մրցակցությունը մի շարք ոլորտներում Ուսումնասիրված բազմաթիվ մրցույթներում պատվիրատուների կողմից կիրառվել է մեկ անձից գնման ընթացակարգը: Այս հանգամանքը մեծամասամբ պայմանավորվել է Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2011 թվականի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցանկի պահանջներով, որում ներառված ապրանքները եւ ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից:

Մինչդեռ այդ ցանկում ներառված շատ ծառայություններ, օրինակ՝ պատվիրակությունների ընդունում, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում, բանկային սպասարկման ծառայություններ եւ այլն, հնարավոր է ձեռք բերել մրցակցային եղանակով եւ հետեւաբար ավելի ցածր գներով՝ պայմանավորված շուկայում հնարավոր այլ մատակարարների առկայությամբ:

Այս առնչությամբ Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին մշակել եւ ներդնել պետական մարմինների կողմից գնումների շրջանակներում ձեռք բերվող ապրանքների տեխնիկական բնութագրերի միասնական չափորոշիչները սահմանող ուղեցույց, ինչը հնարավորություն կտա հնարավորինս բացառել տեխնիկական բնութագրերում խտրական պայմանների սահմանումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ