27 12 2018

Հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի պատճառով թանկացող ապրանքները

Հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի պատճառով թանկացող ապրանքները

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին շարունակում է հանգեցնել բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումների։ Ինչպես գիտենք, 11 552 անուն ապրանքատեսակներից մոտ 7 000 անուն ապրանքատեսակներ ԵԱՏՄ-ում ունեն ավելի բարձր մաքսատուրքեր, քան Հայաստանում, և այդ կառույցին անդամակցությունից հետո բարձր մաքսատուրքերը տարածվեցին նաև մեր վրա։

Թեև 2014 թվականին Հայաստան-ԵԱՏՄ բանակցությունների արդյունքում որոշվեց այդ ապրանքների առավել նշանակալի հատվածի (775 ապրանքատեսակ) թանկացումներն անել աստիճանաբար՝ այսինքն` մաքսատուրքերը բարձրացնել փուլ առ փուլ, սակայն դա հարցի ընդամենը ժամանակավոր լուծում էր։ Եվ եթե այդ ապրանքների մի մասը կենսական նշանակություն ունեցող ապրանքների շարքին չի դասվում, և դրանց թանկացումն ազդում է հասարակության միայն որոշակի հատվածի վրա, ապա առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացումն ուղիղ հարված է հասցնում բոլորի գրպաններին։ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված թանկացումները շարունակվելու են նաև 2019 թվականին, և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ցույց տալ, թե որ ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերն ինչ չափով են թանկանալու 2019 թվականի հունվարի 1-ից։

Եվ այսպես, մոտեցող տարվա առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ ամբողջ 22%-ով։ Առաջին անհրաժեշտության ապրանքներից կարագը, բուսական ու կենդանական յուղը և ճարպային հիմքով այլ ապրանքները, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ, կթանկանան 13%-ով, դեղերը՝ 2-ից 4%-ով։ Կարիք չկա բացատրելու, թե ինչ հետևանքներ կունենան նման թանկացումները Հայաստանի առանց այդ էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող քաղաքացիների համար։ Եվ սա այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը 2018թ․-ի երկրորդ եռամսյակի տվյալներով 62 330 դրամ է՝ այսինքն` ավելի մեծ, քան նվազագույն աշխատավարձը (55 000 դրամ)։

Հատկանշական է, որ վերը նշված ապրանքատեսակները, բացառությամբ դեղերի, կազմում են սպառողական զամբյուղի մի զգալի մասը, և սպասվող թանկացումները է՛լ ավելի կխորացնեն բնակչության անապահով խավի սոցիալական ծանր վիճակը։ Գյուղատնտեսության ոլորտը ևս զերծ չի մնա թանկացումներից։ Թանկանալու են ներմուծվող պարարտանյութերը՝ 4%-ով, հացահատիկն ու կենդանիների կերերը՝ 2-ից 4%-ով, գյուղատնտեսական գործիքները՝ 3-ից 6%-ով։ Այս ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացումը շղթայական ռեակցիայով բերելու է նաև հացի և գյուղմթերքների թանկացմանը։

Թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռոցիկը, թելերը, կտորեղենը, գործվածքները՝ 2-ից 6%-ով, իսկ սպիտակեղենը՝ 10-ից 11%-ով։ Թանկացող ապրանքներից են նաև փայտանյութը (4-ից 9%), կերամիկական և  կիսակերամիկական սալիկները, լամպերը, ապակյա տարաները (10-ից 12%), այլ շինանյութը՝ մինչև 6%: Հարկ է ընդգծել, որ նշված թվերը վերաբերում են միայն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսային դրույքաչափերին։ Ուստի հարցը, թե որքանո՞վ այս ավելացող մաքսատուրքերը կհանգեցնեն թանկացումների, կախված է նրանից, թե արդյո՞ք հնարավոր է ներմուծել նույնատիպ ապրանքներ ԵԱՏՄ երկրներից: Վերոնշյալ ապրանքների մեծ մասը, սակայն, բերվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, հետևապես՝ թանկանալու է առնվազն այնքան, որքան ավելանում է մաքսային դրույքաչափը։

Այսպիսով, ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ապրանքների և, մասնավորապես, առաջին անհրաժեշտության պարենամթերքների գների բարձրացումը, ինչպես և կանխատեսել էինք, դարձավ անխուսափելի, իսկ Հայաստանի թույլ տնտեսության կախումը ԵԱՏՄ-ից և հատկապես Ռուսաստանից շարունակ ավելանում է։

Հավելենք նաև, որ ներմուծողների կողմից վճարվող մաքսային վճարները, որոնք հունվարի 1-ից ավելանում են, չեն մտնելու Հայաստանի պետական բյուջե, այլ, փաստացի, գնալու են ԵԱՏՄ բյուջե, որտեղից Հայաստանը ստանում է ընդհանուրի մոտ 1 տոկոսը:

Սևադա Ղազարյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ