03 12 2018

«Վեոլիա ջուրը» պրոֆեսիոնալ ընդունակություններով ընկերություն է. Փաշինյան

«Վեոլիա ջուրը» պրոֆեսիոնալ ընդունակություններով ընկերություն է. Փաշինյան

Ես տեղյակ եմ, որ Մասիսում շատ լուրջ ջրի խնդիր կա, եւ այդ խնդրով մենք պետք է զբաղվենք։  Այս մասին Մասիսում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այժմ շատ կարեւոր մի փուլ ենք մտել. «Դուք գիտեք, որ մեր երկրի ջրային համակարգի կառավարումը ստանձել է ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերությունը, եւ մենք թեկուզ բարդությունների միջոցով, ուրախ եմ արձանագրել, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ գործընկերության նոր էջ ենք բացում։ Մի բան ակնհայտ է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը իսկապես պրոֆեսիոնալ ընդունակություններ ունեցող խոշոր ընկերություն է։ Մենք, իհարկե, քննադատել ենք «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց պետք է արձանագրենք, որ Երեւանում ջրի հետ կապված խնդիրները էականորեն առաջընթաց կա, այդ խնդիրները մենք պետք է մարզ առ մարզ լուծենք։ Կա մեկ այլ խնդիր, եւ «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները արդար են այդ հարցում՝ կառավարությունը նույնպես ներդրումային որոշակի պարտավորություններ ունի կատարելու, եւ մենք պետք է աշխատենք այդ պարտավորություններ կատարել»։

Նա անդրադարձավ նաեւ խմելու ջրի կորուստներին՝ նշելով, որ, օրինակ, եթե Երեւանում կորուստների չափը կրճատվի, Մասիսում  խմելու որակյալ ջուրը կբավարարի։

Փաշինյանը հիշեցրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվել են, որ մինչեւ 2024 թվականը ջրի գինը չի բարձրանալու, սակայն հավելեց, որ ենթադրվում է՝ 2024–ից հետո քաղաքացիների եկամուտը կավելանա, ջրի որակն էլ պատշաճ լինի, և քաղաքացիները հաճույքով կվճարեն ջրի համար։ 

Փաշինյանը կարեւորեց նաեւ, որ ջուրը սպառողի տուն հասցնելն այժմ կարելի է ավելի էժան տարբերակներով իրականացնել. «Ջրի մայրուղուց սպառողի տուն ջուրը հասցնելը թանկ էր, որովհետեւ կարգավորումներն այնպիսին էին, որ միայն մասնագիտացված ընկերությունը կարող էր դա իրականացնել, իսկ նրանց աշխատանքի համար մեծ սակագին էր սահմանված, իսկ հիմա արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշում կայացրել է, եւ «Վեոլիա ջրից» տեխնիական նախագիծը ստանալուց հետո քաղաքացիները իրավունք կունենան իրենց ուժերով ջուրը հիմնական խողովակից հասցնել իրենց տուն՝ և շատ ավելի էժան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ