20 11 2018

Սպառման ապրանքների գներն աճել են 3,3 տոկոսով

Սպառման ապրանքների գներն աճել են 3,3 տոկոսով

2018 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը, որի համաձայն՝ սպառողական գների ինդեքսն այս տարված 10 ամիսների հաշվարկով աճել է 2,7 տոկոս (9 ամիսների հաշվարկով 2,6 տոկոս), իսկ սպառման ապրանքների գներն աճել են 3,3 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակից:

Այս տարվա ընթացքում աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների չբարձրացման պայմաններում առավել մտահոգիչ է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների շարունակական աճը, մասնավորապես՝ պաշտոնական տվյալների համաձայն` 22 տոկոսով աճել է տավարի և հորթի մսի գինը, 14,5 տոկոսով՝ խոզի միսը, 17 տոկոսով՝ գառը և ոչխարը, 13 տոկոսով՝ յուղերը և ճարպերը, 29,2 տոկոսով՝ կարագը, 13,8 տոկոսով՝ մրգերը և այլն:

Բացի այդ` այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են բնակարանային, կրթական, առողջապահական, տրանսպորտային, ռեստորանային և հյուրանոցային ծառայությունների գները:

Հետաքրքրական է նաև, որ մարզկենտրոններում սպառողական նշանակության որոշ ապրանքների և ծառայությունների գներն ավելի արագ են աճում, քան Երևանում, օրինակ՝ բրինձը, հացը, կարագը, մանկական սնունդը և այլն:

Վերջին ամիսների ընթացքում գների աճի դինամիկան փաստում է, որ այս աճը շարունակվելու է նաև տարեվերջին, ինչն ավելի կսրի մեր ազգաբնակչության սոցիալական խնդիրները: Ցավոք, տեսանելի չեն այս խնդիրների լուծմանն ուղղված համալիր մոտեցումներ, քայլեր, քննարկումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ