14 11 2018

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. 168.am

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. 168.am

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների թիվը մոտ 1 մլն մարդ է։ Այդ թվում՝ վարձու աշխատողների թիվը՝ մոտ 600 հազար։ Համադրելով Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում և դրանից 2 շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթները՝ կարելի է հասկանալ, որ նա նկատի ուներ մասնավոր հատվածում ներգրավված վարձու աշխատողներին (եկամտային հարկ վճարողների), որոնց թիվը մոտ 340 հազար է, գրում է 168․am-ը։

Ավելի խրթին է հասկանալ 800 հազար հոգու մասին հայտարարությունը։ Արդյո՞ք դրա մեջ մտնում են թոշակառուները։ Սակայն ակնհայտ է, որ վարչապետը նկատի ուներ տնտեսապես ոչ ակտիվ բնակչությանը, որոնց մեջ թոշակառուներն ու անչափահասները չեն մտնում։

Տնտեսապես ոչ ակտիվ կամ աշխատուժից դուրս գտնվողներն այն մարդիկ են, որոք աշխատունակ են, աշխատանք չունեն և, ամենակարևորը՝ չեն էլ փնտրում (եթե փնտրեին, կհաշվառվեին տնտեսապես ակտիվ բնակչության մեջ՝ որպես գործազուրկ)։ Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը 2018 թվականի երկրորդ եռամսյակում 726.2 հազար է (նոր մեթոդաբանությամբ՝ 846 հազար)։ Այս թվի մեջ մտնում են տնային տնտեսուհիները, արտերկրից ստացված օգնությամբ ապրողները և այլք։ Նշենք, որ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը 2017 թվականի վերջին մոտ 800 հազար էր։

Հենց այս մարդկանց նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ կառավարության խնդիրն է՝ այնպես անել, որ մարդիկ այդ 800 հազարից անցնեն դեպի 350 հազարանոց աշխատողների խումբ։

Կառավարության տեսանկյունից ամենամտահոգիչն այն մարդիկ են, որոնք աշխատանք գտնելու հույսը կորցրել են (պաշտոնական վիճակագրությունը նրանց անվանում է հուսազուրկներ)։ Այս մարդկանց թիվը 2017 թվականին եղել է 111 հազար։ Ընդ որում, հուսազուրկների թիվը վերջին տարիներին գնալով աճել է՝ 2016 թվականին 104 հազար էր, 2015 թվականին՝ 100 հազար։

Այսինքն, եթե պետությունը ցանկանում է խրախուսել, որ մարդիկ աշխատեն և թեթևացնեն աշխատողների ընդհանուր բեռը, պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնեն հենց այս խմբի վրա՝ վերականգնեն վստահությունը, որ Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել՝ առանց խնամի-ծանոթ-բարեկամի կամ քաղաքական հանգամանքների միջոցով։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ