08  11  2018

Առաջարկվող փոփոխությունը մի շարք բացասական տնտեսական հետևանքներ ունի. Աշոտ Խուրշուդյան

Առաջարկվող փոփոխությունը մի շարք բացասական տնտեսական հետևանքներ ունի. Աշոտ Խուրշուդյան

Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը.

«Վարչարարությունը միջոց է, և ոչ թե նպատակ։ Ու երբ վարչարարությունը բարելավելը իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականություն, արդեն չեմ կարող չբարձրաձայնել խնդիրը։ Առաջարկված ID քարտերով սպառման 1,2,3 տոկոս վերադարձը ոչ այլ ինչ է, քան բացասական նշանով անուղղակի հարկ, որի հարկային բազան սպառողական առեւտուրն է։

Սրա բացասական տնտեսական հետևանքներն են՝ ֆիսկալ արժեևորում ( fiscal revaluation - նույն հետևանքն է, ինչ դրամի արժևորումը), սպառման խթանում, սպառողական վարքագծի մոտիվացում, ոչ սպառողական վարքագծի դեմոտիվացում, ներմուծման խթանում, տեղական արտադրողի մրցունակության նվազեցում։

Այսպես, օրինակ անհատը, որը փողը խնայում է, պետությունն այդ վարքագիծը չի խթանում, սակայն խթանում է նրան, որն այդ նույն գումարով գերադասում է գնել վերջին դասի բջջային հեռախոս։

Ավելին, քանի որ ավանդի դիմաց ստացված տոկոսային եկամուտը գանձվում է եկամտահարկով, իսկ հեռախոսի վաճառքում առկա է ԱԱՀ, ապա երկրորդ դեպքում պետությունը նվազեցնում է ԱԱՀ-ն, սակայն չի նվազեցնում խնայողությունից ստացված եկամտից հարկումը։ Ավելին, քանի որ առևտրի շատ կետեր աշխատում են հաստատագրված վճարով, ապա նրանք ոչ միայն ԱԱՀ չեն վճարում, այլ բոնուս են ստանում սպառողական վարքագիծ դրսևորելու համար։

Եթե սրան գումարենք նաև այն ակնհայտ փաստը, որ բարձր եկամուտ ունեցողի սպառումն ավելի շատ է, ուստի պետությունը նրան բյուջեից ավելի շատ միջոցներ է տրամադրելու, ապա նաև կխորանա անհավասարությունը։ Համարյա ռեգրեսիվ հարկ, որի կիրառման բազան սպառողական առևտուրն է ու մեխանիզմը անուղղակի հարկավորումն է՝ անկախ նրանից թե եկամտահարկից եք հանում, թե ուղղակի եք այդ ծախսի մասնաբաժինը փոխհատուցում։

Այս ամենից առավել մտահոգողը ամեն դեպքում ֆիսկալ արժևորումն է, այն դեպքում, երբ Հայաստանին այս պահին թթվածնի նման անհրաժեշտ է ֆիսկալ արժեզրկման քաղաքականություն։ Սա մի քիչ դժվար է ոչ տնտեսագետին մեկնաբանելը, ասեմ, որ անուղղակի ու ուղղակի հարկերի փոփոխության հարաբերության մասին է խոսքը։

Պարզ լեզվով, պատկերացրեք, որ արտաքին առևտրի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ դրամը արժևորվի կամ արժեզրկվի, ու այս քաղաքականությամբ, որոշվել է «դրամը արժևորել»։ Սա դանդաղ, բայց հաստատակամ կվնասի տեղական արտադրողներին ու կխթանի սպառումն ու ներմուծումը։

Հույս ունեմ, որ գործադիր իշխանությունում վարչարարությունից զատ կքննարկվի նաև ցանկացած որոշման տնտեսական հետևանքները։ Տարիներ շարունակ ֆիսկալ քաղաքականության տնտեսական բաղադրիչը անտեսվել է, նույն պրակտիկան չի կարելի շարունակել։

Այս պահին նշեցի որոշման բացասական հետևանքների մասին։ Նշվում է, որ սա անհրաժեշտ է ստվերի դեմ պայքարի կամ նման այլ վարչարարական թիրախների համար։ Խնդրեմ, նշեք, թե սրա հետևանքով ինչքան է լինելու դրական ազդեցությունները, որպեսզի կշեռքի նժարին կարողանանք երկուսն էլ դնենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ