22 10 2018

Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը, որը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը:

Համաժողովը մի հարթակի վրա կգումարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-պետությունների և Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային փոխնախագահներին և նախարարներին, պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարներին:  Ցուցահանդեսային մասը միավորում է արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին տարբեր ոլորտներից՝ գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն, դեղագործական և բժշկական արտադրանք,  թեթև արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, ոսկեգործություն:

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ: Համաժողովի կարևոր իրադարձությունը կլինի ԵՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում:

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Գործնական միջոցառման պաշտոնական բացման ժամանակ ելույթ ունեցան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց՝ Հայաստանում քաղաքական ու տնտեսական դաշտի վերաձևումներն իրականացվում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության փաստը հաշվի առնելով։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ընթացիկ տարվա ընթացքում ավելացրել է ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը։

«Արտահանման ծավալները այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում ավելացել են 31.3 տոկոսով` կազմելով 351.9 մլն դոլար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը` հիշեցնելով, որ Հայաստանը չունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ որևէ ցամաքային սահման, հետևաբար ամբողջ առևտրաշրջանառությունը տեղի է ունենում միակ ցամաքային` Վրաստանի տարածքով անցնող ճանապարհով։

Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի և Իրանի սահմանին գործող Մեղրիի ազատ առևտրի գոտին կարող է կարևոր խթան դառնալ Իրանի հետ ԵԱՏՄ անդամ երկրների գործարար կապերի ու համագործակցության խորացման համար։ Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց նաև մաքսային համատեղ օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը և հատուկ ընդգծեց ՏՏ ոլորտի համագործակցության ծրագրերի խթանումը` հավելելով, որ Հայաստանն այս ոլորտում գործող շուրջ 400 ընկերություն ունի։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ ԵԱՏՄ-ն նպատակ ունի համաշխարհային շուկա դուրս գալ` եվրոպական ճանաչելի ու վստահելի բրենդերով։

Նա շեշտեց նման ծրագրերի հնարավորությունը ոսկերչության ու ՏՏ ոլորտում։ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ համատեղ բրենդերի ստեղծման անհրաժեշտությունը հնարավոր կլինի քննարկել երևանյան միջոցառման շրջանակում։

Սարգսյանը նշեց նաև, որ Եվրասիական շաբաթվա ընթացքում քննարկվելու են նաև այնպիսի համատեղ ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, աերոբուսների արտադրությունը` այդ ոլորտում առաջատար Արգենտինայի ու Բրազիլիայի հետ համատեղ։ Քննարկելու են նաև ԵԱՏՄ օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը, առկա խնդիրները վերացնելու ուղիները։ «Կոլեգիայի անունից մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու անկեղծ հույս եմ տածում, որ ձեր բոլոր սպասումները կիրականանան»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ